«ՓՈՇՄԱՆԵԼ ԵՄ, ՈՐ ՉԵՄ ԳՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աննա Խաչատրյանն այն երգչուհիներից է, ով մշտապես երգում է այն, ինչ իրեն դուր է գալիս, թեպետ գիտակցում է, որ կոմերցիոն առումով դա, գուցե, սխալ է: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ շոու-բիզնեսում իրեն օգնող ձեռք չունի, փոխարենը կան մարդիկ, նաեւ՝ շոու-բիզնեսից դուրս, ովքեր իրեն խանգարում են:

-Աննա՛, գիտենք, որ վերջին շրջանում հին հայկական երգերը նորովի մատուցելու ուղղությամբ եք աշխատում: Մի առիթով էլ նշել եք, որ Դուք աշխատում եք կայացած, «կյանք տեսած» հանդիսատեսի համար: Չե՞ք վախենում, որ այդ կերպ ինքներդ որոշակի սահմաններ կդնեք թիրախային լսարան ձեւավորելու հարցում:
-Երբեմն ասում են` դու «հին» ես, որ նման երգերի ես անդրադառնում, բայց դա այդպես չէ (ծիծաղում է). դրանք արժեքավոր գործեր են, որոնց պետք է նոր շունչ տալ: Առհասարակ, սիրում եմ երաժշտական տարբեր ոճերում ինձ փորձել, արձագանքներն էլ մեծ մասամբ դրական են: Ի դեպ, վերջերս ձայնագրել եմ նոր երգ, որը կոչվում է «Մայր»: Ինչ վերաբերում է տարիքով հանդիսատես ձեւավորելուն, ասեմ, որ ինքս երբեւէ չեմ ձգտել դրան. այդպես ստացվել է: Միգուցե կոմերցիոն նկատառումներից ելնելով՝ դա սխալ է, այնուամենայնիվ, ես մշտապես երգում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս:
-Ձեր գործընկերներից ոմանք դա մեծամտություն են համարում, ասում են` Ձեզ իրենցից առավել եք դասում:
-Գուցե կան երգիչներ, ովքեր կատարում են գործեր, որոնք իրենց դուր չեն գալիս, սակայն դա անում են ստվար զանգվածների գրավելու համար. թող մեծամտություն համարեն, բայց ես այդպիսին չեմ: Իսկ իրենցից առավել եմ, թե ոչ, իրենք պետք է որոշեն, բայց եթե այդ հարցն իրենց մոտ առաջացել է, ուրեմն մի բան կա (ծիծաղում է):
-Գաղտնիք չէ, որ շոու-բիզնեսում ով ունի, այսպես ասած, օգնող ձեռք, ավելի հեշտ եւ արագ է առաջ շարժվում: Դուք նման աջակցություն ունե՞ք կամ դրա կարիքը զգու՞մ եք:
-Եթե խոսքը ֆինանսական աջակցության մասին է, ապա երբեւէ նման օգնություն չեմ ստացել: Ամեն ինչին հասել եմ իմ աշխատանքով, իմ «կոկորդով»: Սակայն օգնելուց բացի` չխանգարելն էլ կարեւոր է: Կան մարդիկ, ովքեր ինձ խանգարում են, տարբեր տեսակի խոչընդոտներ են ստեղծում ինձ համար: Ես կարող եմ հոգնել ինչ-որ բանի դեմ պայքարելուց, սակայն նրանք չեն հոգնում ինձ խանգարելուց:
-Այսինքն` խանգարողները շոու-բիզնեսի՞ց են, ինչպե՞ս են նրանք գործում:
-Ազդելու տարբեր ձեւեր կան, ես դրանց մասին չգիտեմ, բայց տեսել եմ դրանց արդյունքը: Սակայն չեմ կենտրոնանում նման բաների վրա, փորձում եմ շրջանցել: Պարտադիր չէ, որ խանգարողները շոու-բիզնեսից լինեն: Երգչի գործունեությունը հիմնականում կախված է ռադիոկայաններից ու հեռուստաընկերություններից: Այնտեղ էլ կարող են աշխատել մարդիկ, որոնցից, հանգամանքների բերումով, կախված են ինչ-ինչ բաներ…
-Իսկ երբեւէ գայթակղիչ առաջարկներ ստացե՞լ եք, թեկուզ` արտերկրից:
-Հիմա վատ բան եմ ասելու: Տարիներ առաջ եղել է առաջարկ, եւ ես փոշմանել եմ, որ չեմ գնացել Հայաստանից, շատ-շատ եմ փոշմանել: Մի պրոդյուսեր ինձ առաջարկեց գործունեություն ծավալել Եվրոպայում, չգիտես ինչու` հիմարաբար մերժեցի…
-Կարծում ենք` ընթերցողները կհաստատեն, որ Ձեր որոշումը ճիշտ է եղել, սակայն հետաքրքիր է` հայրենիքում մնալով` ստացվո՞ւմ է Ձեր ոլորտում ինչ-որ բան դեպի լավը փոխել:
-Ո՛չ, չի ստացվում: Եթե անկեղծ, ես ինձ ստեղծագործական առումով չռեալիզացված եմ զգում: Չեմ կարողանում անել այն, ինչին ունակ եմ. ֆինանսական հնարավորություն չկա:
-Ելք տեսնո՞ւմ եք, գուցե՞ ինչ-որ տեղ աշխատելով` լրացնե՞ք բացը:
-Ո՛չ, օրինակ` ռեստորանում, ակումբում աշխատելով` հնարավոր չէ անգամ անորակ տեսահոլովակ թողարկել:
-Դա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ բծախնդրորեն եք մոտենում Ձեր աշխատանքին, ասում են` անձնական կյանքում, ապագա ամուսին ընտրելու հարցում էլ եք այդպիսին:
-Տարիների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ եթե երիտասարդ տարիքում չես ամուսնանում, հետո շատ դժվար է լինում ընտրություն կատարելը. դառնում ես բծախնդիր ու պահանջկոտ: Դեռ չեմ հանդիպել այն տղամարդուն, ով պետք է կողքիս լինի: Ու թեեւ արդեն շտապում եմ այդ հարցում, այնուամենայնիվ, ոչ մի կերպ թունելի վերջում լույս չեմ նշմարում (ծիծաղում է):

 

 

 

 

 

«ՎԵՑԵՐՈՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ». ԳՈՐԾԱՐՔ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ»

Արդեն մի քանի ամիս է` ATV հեռուստաընկերության եթերով հեռարձակվում է «Վեցերորդ զգայարան» էքսպերիմենտալ հեռուստաշոուն, որի շրջանակում, ինչպես նշվում է հաղորդման ընթացքում, «սուպեր» ունակությունների տեր մարդիկ փորձում են գուշակել, թե ով է հաղորդման գաղտնի հյուրը: Պայծառատեսը, սեւ եւ սպիտակ մոգը, յոգը, հիրոմանտը վերադառնում են հյուրի անցյալ, զգում են նրա ներկան, եւ եթե դրա կարիքը կա, կարող են ուղեւորվել անգամ նրա ապագա:

«Այս մարդիկ կարողանում են դուրս գալ գիտակցության սահմաններից` քանդելով չերեւացող պատերը եւ պատռելով անտեսանելի դիմակները»,- ասվում է հաղորդման թողարկումների անոնսներում: Հեռուստադիտողները հաղորդման ընթացքում վկա են լինում խաղաքարտերով գուշակությունների, հատուկ մոգական ծեսերի, կախարդությունների: Իսկ որ ամենաուշագրավն է՝ օրերս համացանցում հայտնվեց հարղորդման հերթական անոնսը, որտեղ երեւում է, որ վեցերորդ զգայարանը գործի դնելու ժամանակ «սուպեր-մասնագետներից» մեկը եթերում հոգի է կանչել` երգիչ Արամ Ասատրյանի եւ նրա հանգուցյալ որդու հոգիները (գաղտնի հյուրը Արտաշ Ասատրյանն էր):
Ինչպես գիտենք՝ Հայ առաքելական եկեղեցին դեմ է ցանկացած տեսակի գուշակների, էքստրասենսների ու կախարդների գործունեությանը: «Իմ եւ վստահ եմ` եկեղեցու մոտեցումը մեկն է: Արդեն հայտնի է, որ գուշակություն-կախարդություններն անընդունելի են քրիստոնեության համար, հակառակ են Աստծուն, եւ, միանշանակ, սատանայի մոլություններն են: Հետեւաբար, այս հաղորդումը եւ դրա նման ամեն բան սատանայության քարոզչություն է, մարդկանց սեփական հետաքրքրասիրության հաշվին մոլորեցնելու ծուղակ, որը երբեք լավ բանի չպետք է հանգեցնի: Մարդիկ Աստծո գիրկը թողած` սատանայի ճիրանները պետք է ընկնեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը:
Անդրադառնալով եթերում հոգի կանչելուն` նա նշեց, որ դա օկուլտիստական երեւույթ է, որն անհնար է «կազմակերպել»` առանց չար ուժերի հետ հաղորդակցության մեջ մտնելու. «Իսկ վտանգն այն է, որ մարդ կամա թե ակամա գործարքի մեջ է մտնում սատանայի հետ»,-եզրափակեց նա:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի պրոդյուսերներից, սակայն հեռուստաընկերությունից մեզ հայտնեցին, որ հարմար չեն գտնում այս կոնտեքստում բանավեճի մեջ մտնել եկեղեցու հետ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԾԱՓԵՐԻ ՆԵՐՔՈ
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքը մարտի 25-ին բազմամարդ էր: Կարեն Ջանիբեկյանի երկրպագուներն ու վաստակը գնահատողները գնացել էին վերջին հրաժեշտը տալու ՀՀ ժողովրդական արտիստին, սիրված դերասանին: Թատերական գործիչների միության նախագահ, պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը Կարեն Ջանիբեկյանին բնորոշեց որպես հայ թատրոնի բազմագույն եւ բազմաժանր դերասան:
Հիշեցնենք, որ Կարեն Ջանիբեկյանը մահացավ մարտի 22-ին, երկարատեւ հիվանդությունից հետո: Սիրված դերասանին վերջին հրաժեշտը տվեցին ծափահարությունների ներքո:

 

«ՉՍՏԱՑՎԱԾ  ԳՈՂՈՒԹՅՈՒՆ»
Օրերս Ուսումնական թատրոնի բեմում կատարվել է «Չստացված գողություն». «Էպսիդոն» թատերախումբը ներկայացրել է նոր բեմադրություն` ըստ Դարիո Ֆոյի համանուն կատակերգության, որի կարգախոսն է` «Ամեն գող չէ, որ հանցագործ է»: BRAVO.am-ի փոխանցմամբ՝ մեկ գործողությամբ ներկայացման կազմում են Շողեր Գրիգորյանը, Ելենա Եսայանը, Դավիթ Եղիազարյանը, Արմեն Սարգսյանը, Լիանա Ավետիսյանը եւ Դավիթ Գասպարյանը: Ներկայացման ռեժիսորը Արմեն Սարգսյանն է: «Մերօրյա կյանքից իրավիճակներ կան, իտալական հումորով ու ճաշակով կատակերգություն է: Կարծում եմ` մարդկանց հետաքրքիր է դիտել դրությունների կատակերգություն»,-ասել է Լիանա Ավետիսյանը:
Հավելենք, որ ներկայացման բեմանկարիչը Լիլիթ Եղիազարյանն է, պարերը բեմադրել է Մհեր Եղիազարյանը, զգեստների հեղինակն է Մարիա Հայրումյանը:

 

ՌԻՀԱՆԱՅԻՆ  ԴԱՎԱՃԱՆՈ՞ՒՄ Է
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն նոր ընկերուհի ունի: 40-ամյա դերասանին «բռնեցրել» են մի աղջկա հետ, թե ով է նա, հայտնի չէ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Լեոնարդո դի Կապրիոն սիրավեպ է սկսել Ռիհանայի հետ: Լուրեր էին տարածվել անգամ, թե Ռիհանան մտադիր է նրան ծանոթացնել իր ծնողների հետ: «Լեոն հիացած է Ռիհանայով, սակայն առայժմ պատրաստ չէ նրա հետ ամուսնության: Վախենում եմ, որ Ռիհանայի սիրտը կարող է կոտրվել»,-արեւմտյան ԶԼՄ-ներին պատմել է գաղտնի աղբյուրը:




Լրահոս