ԿՈՐՈՒՍՏԻՑ ԵՎ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԻՑ ԲԱՑԻ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Սերժ Սարգսյանն անցած տարի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթղթերը, ակնհայտ էր, որ այդ նախաձեռնությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում, սակայն դրա բացասական հետեւանքների ամբողջական պատկերը դժվար թե որեւէ մեկը կարողանար նկարագրել: Պարզվում է՝ ԵՏՄ-ի անդամակցությունը նույնիսկ անմաքս խանութներից, կամ այսպես կոչված՝ «Դյութի ֆրի»-ներից ՀՀ քաղաքացիների առեւտրի վրա է ազդել: Բանն այն է, որ այս տարվա սկզբից Ռուսաստանի օդանավակայաններով Հայաստան ուղեւորվողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ներից առեւտուր անել. պարզապես ոչինչ չեն վաճառում մեր երկիր թռչողներին: Ի դեպ, տվյալ դեպքում կապ չունի՝ ուղեւորը հենց Մոսկվայից է գալիս Հայաստան, թե որեւէ այլ երկրից է գալիս տարանցիկ, Մոսկվայով: Կարեւոր գործոնն այն է, որ եթե ուղեւորի համար վերջնակետը Երեւանն է, ապա նրան արգելվում է «Դյութի ֆրի»-ից առեւտուր անել: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պատասխանի իրավական խուճուճ ձեւակերպումները եթե մի կողմ թողնենք եւ խնդիրը պարզ ու հասկանալի ներկայացնենք, ապա, ըստ ռուսական կողմի, Ռուսաստանի օդանավակայաններում ներպետական չվերթի ուղեւորին չի թույլատվրում «Դյութի ֆրի»-ից օգտվել: Այսինքն՝ Հայաստանն այլեւս որպես անկախ երկիր չի դիտվում ՌԴ-ում: Մոսկվայից Երեւան թռչելը նույնն է, թե ասենք՝ Ուֆա կամ Օմսկ մեկնելը:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին «փնտրտուքների» մեջ է: Պատգամավորը ցանկանում է առաջիկայում ինչ-որ կուսակցություն կամ նախաձեռնություն հիմնել: Դեռեւս հստակ որոշված չէ, թե նոր ստեղծվելիք կառույցն ինչ իրավակազմակերպչական ձեւ է ունենալու` կուսակցություն է լինելու, թե քաղաքացիական նախաձեռնություն: Հայտնի է միայն, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում է մեկ կտուրի տակ «հավաքել» այն գործիչներին, ովքեր դեմ են Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունենում, այսպես կոչված, եվրոպական կողմնորոշում ունեցող գործիչների հետ` փորձելով նրանց համոզել միավորվել մեկ ընդհանուր կառույցի մեջ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից, սակայն նա հրաժարվեց այդ հարցի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալ:

 

 

 

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ 2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրով անցած տարի նրա տարեկան եկամուտը կազմել է 37 մլն 545 հազ. դրամ, որից 7 մլն 545 հազ.-ը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ 30 մլն-ը՝ «այլ եկամուտ»: Նկատենք, որ երբ 2014-ի ապրիլին Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարագիր էր ներկայացրել, այնտեղ նշել էր, որ 2014-ի հունվարից մինչեւ ապրիլի 13-ը նա ունեցել է 44 մլն 110 հազ. դրամի եկամուտ, որից 40 մլնը՝ «այլ եկամուտ», մնացածը եղել է նրա աշխատավարձը: Փաստորեն, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Աբրահամյանի փողերն «անհետացել» են: 2014-ի սկզբին նա ունեցել է 270 մլն դրամ եւ 1 մլն 950 հազ. դոլար, տարեվերջին` 210 մլն դրամ եւ 1 մլն 800 հազ. դոլար: Ի դեպ, վարչապետի կինը` Ջուլիետա Աբրահամյանը, իր ամուսնուց հարուստ է. նա հայտարարագրել է 35 մլն դրամի եկամուտ` «այլ եկամուտ» նշումով: Իսկ նրա դրամական միջոցները կազմում են 220 միլիոն դրամ եւ 2 միլիոն 700 հազար դոլար:

 

 

 

 

ՀՀ պետական բյուջեով այս տարի Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման նպատակով պետք է ծախսվի 21 միլիարդ 281 միլիոն դրամ, կամ նույն է թե՝ 45 միլիոն դոլար: Եւ այդ գումարից 4 միլիարդ 64 միլիոնն արդեն իսկ ծախսվել է: Նշված գումարը նախատեսվել է՝ հաշվի առնելով անցած տարվա դեկտեմբերի վերջին դոլարի փոխարժեքը: Այսինքն՝ եթե դոլարի փոխարժեքն առաջիկայում կրկին կբարձրանա, ապա, ըստ այդմ, պետք է ավելանա նաեւ արտաքին պարտքի սպասարկման համար նախատեսված գումարի չափը: Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին պարտքն արդեն իսկ կազմում է չորսուկես միլիարդ դոլար: Բայց այս փաստը չի խանգարում, որ ՀՀ ղեկավարությունը, դռնեդուռ ընկած, պարտքով փող փնտրի: Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցը, որը երեք օր առաջ է սկսվել եւ դեռ չի ավարտվել, ոչ պաշտոնական տեղեկություններով, նույնպես փող հայթայթելու նպատակ է հետապնդում, սակայն բոլոր կանխատեսումներով լուրջ արդյունք չի ակնկալվում:

 

 

 

 

ԱՆՆԱՀԱՆՋ

Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո շուրջօրյա եւ անժամկետ բողոքի ակցիաներ է սկսելու: «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանը երեկ հայտարարել է, թե տուն չի վերադառնա, մինչեւ չհասնի իշխանափոխության. «Մենք կվերադառնանք տուն եւ ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ մենք արդեն հաջողած լինենք ձերբազատվել այս ռեժիմից»,- ասել է Սէֆիլյանը` այդպիսով փաստորեն հայտարարելով, որ գնալու է մինչեւ վերջ:
Ու թեեւ նա հավաստիացրել է, որ իրենց հավաքները կրելու են բացառապես խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, զգուշացրել է, որ չի կարող որեւէ մեկին երաշխավորել, որ այս պայքարի արդյունքում նա «չի վնասվի», եւ իշխանությունները չեն գնա արյունահեղության: «Ժողովուրդը իրավունք ունի պաշտպանվելու, եւ մենք կդիմենք ինքնապաշտպանության, բռնությանը կպատասխանենք բռնությամբ,-ասել է ազատամարտիկը` ընդգծելով,-ինչ զոհողություն էլ որ լինի, չպետք է անիմաստ լինի, պետք է անպայման հասնել արդյունքի»։
Մինչ այս, իշխանափոխության համար պայքարի դուրս եկած միայն մեկ ուժ, ավելի ճիշտ` մեկ հոգի է ի սկզբանե, առանց հրապարակում տասնյակ հազարավոր ցուցարարների աջակցությունն ունենալու, հայտարարել, որ չի գնալու տուն` մինչեւ երկրում հեղափոխություն չիրականացնի: Դա Շանթ Հարությունյանն էր, որի պլանները ոստիկանական մի քանի սադրիչներ շատ հեշտությամբ կարողացան տապալել, իսկ Շանթն ու նրա ընկերներն էլ դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման: Ու թեեւ սկսած 1996-ից ընդդիմադիր ամենատարբեր առաջնորդներ հարթակներից քաջարի ելույթներ են ունեցել, վճռական պահին կա՛մ իսպառ անհետացել են, ինչպես անհետացավ Վազգեն Մանուկյանը, որի տեղը թիմակիցները տեւական ժամանակ չգիտեին, կա՛մ գնացել են թեյ խմելու, ինչպես 2004-ին արեց Ստեփան Դեմիրճյանը, կա՛մ պատսպարվել են սեփական դղյակում, ինչպես 2008-ին վարվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, կա՛մ էլ ժողովրդին թողած ոստիկանների հետ դեմ առ դեմ` գնացել են Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու, ինչպես 2013-ին արեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Դե, իսկ իշխանափոխության համար պայքարող ամենավերջին, թարմ հերոսը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, առհասարակ արեց այդ ամենը միասին` չհասնելով անգամ Ազատության հրապարակ. նա անհետացավ քաղաքական դաշտից, պատսպարվեց սեփական դղյակում, եւ ով գիտե՝ գուցե թեյ խմելուց հետո նաեւ աղոթում է:
Հաշվի առնելով Ժիրայր Սէֆիլյանի անցած ուղին եւ նրա ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» կազմը՝ դժվար է պատկերացնել, որ այս անգամ եւս ականատես կլինենք անարժանապատիվ նահանջի: Հարցն այն է միայն՝ արդյո՞ք Սէֆիլյանն ու իր թիմակիցները չեն գերագնահատել սեփական ուժերը:




Լրահոս