Ո՞ՒՄ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ մասի պատասխանատու Սմբատ Հակոբյանը իր կամքով չի դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, այլ նրան ՔԿՀ վարչության կադրերի բաժնի պետ Հ. Նավասարդյանն է փոխանցել ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի պահանջը զեկուցագիր գրելու մասին: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ինքը՝ Սմբատ Հակոբյանը:

Հիշեցնենք, մարտի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կ. Սարգսյանը ստուգել էր հիվանդանոցի հերթապահ մասը: Այնտեղ հայտնաբերվել եւ առգրավվել էր 250 գրամանոց պլաստմասե տարա, որում եղել էր սպիրտի հոտով հեղուկ: Հիմնարկի պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ու հենց հաջորդ օրը` մարտի 16-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ մասի պատասխանատու Սմբատ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:
Ու թեեւ ՔԿՀ-ի լրատվական վարչությունից «Ժողովուրդ»-ին փոխանցել էին, թե Հակոբյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի զրույցում Հակոբյանն ասաց, թե իր կամքով չի ազատման զեկուցագիր գրել: «Ես ՔԿՎ-ում աշխատում եմ արդեն 12 տարի: Ամեն 4-րդ օրը մեկ որպես պատասխանատու հերթապահ եմ աշխատում: Խրախուսանքներ էլ եմ ունեցել, տույժեր էլ: Ինչպես կարող է պագոնի տակ աշխատող մարդը տույժեր չունենա: Մարտի 15-ին իմ օգնականի՝ Աշոտ Մալոյանի հետ ծառայության էի հերթապահ մասում, ներս մտավ ՔԿՀ օպեր մասի պետը եւ ասաց, որ հերթապահ մասում խուզարկություն պետք է անենք: Ես ասացի՝ խնդիր չկա, ստուգենք: Մենք էլ ակտիվ մասնակցեցինք խուզարկությանը, չփախանք անկյունները, պախկվեինք: Եվ, ահա, իմ հերթապահի մասի չհրկիզվող պահարանի տակից մանգոյի շիշ հանեցին եւ ինձ ասացին, թե օղի է: Ավելի ուշ հայտնեցին, թե ծառայողական քննություն պետք է նշանակվի: Ես ասացի՝ խնդիր չկա, արձանագրությունը սուսուփուս ստորագրեցի»:
Այս միջադեպից հետո Սմբատ Հակոբյանն ավարտելով ծառայությունը՝ գնում է տուն՝ կարծելով, որ մանգոյի հյութի փոքրիկ շշի մեջ եղած սպիրտը չի կարող ճակատագրական որեւէ նշանակություն ունենալ իր կյանքում: «Հաջորդ օրն ինձ զանգահարեցին եւ ասացին, թե ՔԿՀ վարչության կադրերի բաժին արի, որտեղ էլ հայտնեցին, թե ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանը ասել է, որ ինձ հայտնեն՝ ազատման մասին զեկուցագիր գրեմ: Իմ գեներալն է, ոնց հրամայի, այդպես էլ պիտի անեմ: Ցանկացա հանդիպել Արթուր Օսիկյանի հետ՝ հրամանի դրդապատճառները հասկանալու համար, սակայն ինձ ասացին, թե ծառայողական քննությունը երբ ավարտվի, նոր կկարողանամ հանդիպել: Դրանից հետո երկրորդ օրը գնացել եմ հիմնարկ, մասնակցել եմ օղու վերաբերյալ ծառայողական քննության գործընթացին եւ կատարվածի մասին գրել եմ իմ բացատրագիրը, որ կատարվածը համարում եմ շինծու եւ պրովոկացիոն գործ՝ ուղղված իմ եւ հերթափոխի աշխատակիցների դեմ»:
Ո՞ւմ է կասկածում Սմբատ Հակոբյանը, ո՞վ է «շինծու» գործը սարքել իր դեմ: «Ժողովուրդ»-ի այս հարցին նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ կալանավոր եւ ՔԿՀ որոշակի պաշտոն զբաղեցնող աշխատողի միջոցով է այս ամենը կազմակերպվել: Իմ սենյակ մուտք ունեն բոլոր աշխատակիցները, ինչպես նաեւ՝ կալանավորները: Ինձ մոտ այնպիսի վիճակ է, որ ես բոլորին կասկածում եմ, բացի օպեր մասի պետից` Կ. Սարգսյանից, ու իմ օգնական Ա. Մալոյանից: Կրկնում եմ՝ ոչ ոք չի ժխտում՝ սպիրտը գտել են: Ես պատրաստ եմ պոլիգրաֆ սարքով անցնել, մենակ ապացուցվի, թե օղու շիշը ումն է, եթե դա իմն է, ապա ինձ պետք չէր դիմումով ազատել, ինձ պետք էր, որ նախաքննություն իրականացնեին, ազատեին ծառայությունից, զրկեին զինվորական կոչումից եւ ենթարկեին վարչական տույժի, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա իմ կողմից չի բերվել: Դա բերեցին, դրեցին, սարքեցին մեր գլխին»:
Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ոչ միայն կասկածվում է 250 գրամ սպիրտ պահելու մեջ, այլեւ հրապարակումներ եղան առ այն, որ նա կալանավորներին աղջիկներ է մատակարարել, Հակոբյանը նաեւ այս մեղադրանքից հրաժարվեց. «Սուտ է, եթե ես աղջիկներ եմ մատակարարել, ինչո՞ւ ինձ չեն դատել, դատապարտյալին աղջիկ բերելը լուրջ քրեական գործ է: Եթե նման բան կա, ապա ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել: Իհարկե, ես Սեդրակ Զատիկյանների սպանության գործով դատապարտված Ստեփան Հակոբյանի հետ բարեկամական կապի մեջ եմ, բայց նման բան չկա: Իսկ հիմա ես սպասում եմ այս օղու շշի ծառայողական քննության ավարտին, տեսնեմ, թե ինչ կպարզվի: Իմ այս քայլի նպատակը մեկն է, որ ցույց տամ, որ աշխատել եմ օրենքի շրջանակներում եւ երբեւէ որեւէ մեկին աղջիկ չեմ մատակարարել: Նշեմ նաեւ, որ ծառայողական քննություն իրականացնող անձանց պրոֆեսիոնալիզմի վրա էլ չեմ կասկածում»:
Հավելենք, որ ըստ օրենքի` ՔԿՀ աշխատակիցների ծառայողական քննությունը տեւում է մեկ ամիս: Սակայն չի բացառվում, որ գործի հանգամանքներից ելնելով՝ ծառայողական քննությունը երկարաձգվի եւս մեկ ամսով: Սմբատ Հակոբյանի նկատմամբ ծառայողական քննությունը նշանակվել է մարտի 16-ին եւ, ըստ ամենայնի, այն կավարտվի ապրիլի 16-ին:

 

 

 

 

 

ՊԱՊՈՒ ՄԻԱԿ ԴԱՏԱՎՈՐ ԺԱՌԱՆԳԸ

Սերժ Սարգսյանի հրամանագրով ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանի որդին, որն ընդամենը 24 տարեկան է, նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Նկատենք, որ դատավորի կարգավիճակը ցանկացած իրավաբանի համար գերագույն դիրքն է: Բայց ռեկտորի որդին 24 տարեկանում «նվաճեց» այդ դիրքը: Բայց պարզվում է՝ նա նաեւ մեծ հարստության տեր է:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գրիգոր Առաքելյանը ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնապես ունի RANGE ROVER եւ HOVER SUPER 4X4 մակնիշի ավտոմեքենաներ: Նրա դրամական միջոցները կազմում են 16 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանից պարզել, թե ինչպե՞ս է նրա որդին հաջողացրել այդքան հարստանալ:
-Պարո՛ն Առաքելյան, սովորաբար պաշտոնյա հայրիկները միջամտում են, որ իրենց որդիները բարձր պաշտոն զբաղեցնեն. ո՞ւմ մջոցով Ձեր որդուն դատավոր նշանակել տվեցիք:
-Բացարձակապես այդպես չի: Մեր ընտանիքում կրթությունը բացարձակ արժեք է եղել: Պապիկս 36 թվին է բարձրագույն ուսումնարանն ավարտել: Ինչո՞ւ պետք է իմ միջամտությունը դրսեւորվեր, ինքը սովորել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը, սահմանված նորմերի համաձայն՝ ավարտել է այն, մասնակցել է որակավորման քննություններին եւ անցել է, ես ի՞նչ կապ ունեմ:
-Դուք բուհի ռեկտոր եք ու լավ գիտեք ուսանողների հնարավորությունները: Ձեր կարծիքով՝ 24 տարեկան երիտասարդը ունի՞ գիտելիքների այն պաշարը, որ կարողանա սեփական ուժերով դատավոր նշանակվել:
-Ես վստահ եմ որդուս գիտելիքների վրա: Նա ունի այն պաշարը, որն իրեն պետք է: Եվ հետո գիտեք՝ թող աշխատի, եւ աշխատանքի արդյունքում նոր կտեսնենք նրա ունակությունը: Համոզված եմ, որ սկսի աշխատել, բոլոր տարակուսանքները կփարատվեն:
-Իսկ որտեղի՞ց Ձեր երիտասարդ տղային 16 մլն դրամ եւ երկու թանկարժեք ավտոմեքենա:
-Մեքենաները բավականին հին են՝ 1999 թվականի մեքենաներ են:
-Իսկ միլիոննե՞րը՝ թարմ են, կարծես:
-Ինքը պապիկի միակ տղա թոռն է: Պապը տուն է ունեցել, այդ տան գումարն էլ թողել է թոռնիկին:
-Մեկ տարի առաջ, երբ Ձեր որդին մասնակցում էր արդարադատության խորհրդի քննություններին, դատավորի թեկնածուների մրցույթն այնքան էլ սահուն չանցավ: Ձեր որդու ընտրության շուրջ նույնիսկ վիճաբանություն էր սկսվել ԱԽ անդամների միջեւ: ԱԽ անդամներից հիմնականում դատական համակարգի ներկայացուցիչներն էին կողմ եղել Առաքելյանի թեկնածությանը, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԱԽ անդամ Գագիկ Ղազինյանը դեմ էր: Ընդ որում, Ձեր որդին Ղազինյանի ուսանողն է եղել, ով ծանոթ է եղել նրա մասնագիտական որակներին: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես մարդկանց անձնական կարծիքը չեմ մեկնաբանում, դա իրենց մասնավոր տեսակետն է: Անգամ չգիտեմ էլ՝ ԱԽ քննությունների անդամները ովքեր են եղել, եւ որեւէ անգամ չեմ էլ հետաքրքրվել: Ես այն մարդը չեմ, որ իմ երեխային օգնեմ, որ նա ոտքի վրա կանգնի: Կրկնում եմ՝ մեզ համար կրթությունը կարեւոր է:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ՎՏԱՆԳՆ ԱՆՑՆՈՒՄ Է
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ հայտարարել է, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների համաճարակի վտանգն անցել է: Նա հայտնել է, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդացությունների ընդհանուր թիվը նախորդ շաբաթ հասել էր 1900-ի, իսկ հոսպիտալացվածներինը՝ 602-ի, որից 599-ը եղել են 0-18 տարեկան երեխաներ:
Նախարարն ընդգծել է, որ արձակուրդները երկարացնելուց հետո հիվանդների թիվը 1900-ից իջել է 1400-ի, իսկ շտապօգնության կանչերի թիվը 127-ից նվազել է 85-ի:

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ hաստատել է Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքներում, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքներում եւ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում 2015 թվականի մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Հիշեցնենք, որ տեղական հանրաքվեներն անցկացվելու են համայնքների խոշորացման նպատակով:

 

ԿԱԼԱՆՔԸ  ՉՓՈԽԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի, ապա` Գագիկ Խանդանյանի նախագությամբ երեկ քննվել է 29-ամյա Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 31-ամյա Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին դռնփակ դատական նիստը: Դատարանը նախկինում կայացրած կալանքը որպես խափանման միջոց նշանակելու մասին որոշումը վերահաստատել է` այսպիսով բավարարելով ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը: Նրանց պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ դատարանի որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում:

 

ԴԻՏԱՎՈՐՅԱԼ Է ԿՈՐԾԱՆԵԼ
Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտնել է, որ Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A-320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն ցանկացել է ոչնչացնել ինքնաթիռը: Ինքնաթիռի սեւ «արկղերը» ցույց են տալիս, որ նա ողջ է եղել ու շնչել է մինչ երկրի մակերեւույթի հետ ինքնաթիռի բախումը: Ռոբենի խոսքերով՝ երկու օդաչուներից մեկը վթարից առաջ օդաչուների խցիկից դուրս է հայտնվել ու չի կարողացել հետ վերադառնալ: Համաձայն «սեւ արկղերից» ստացված տվյալների՝ օդաչուն հուսահատորեն փորձել է վերադառնալ ինքնաթիռի ղեկին, սակայն դուռը փակ է եղել:




Լրահոս