ՌԴ-ՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարեսկզբից Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է ԵՏՄ-ին: Սակայն մինչ օրս այդ անդամակցության արդյունքում Հայաստանն այդպես էլ ոչ մի դրական արդյունք չի արձանագրել: Փոխարենը օր օրի բացահայտվում են ԵՏՄ-ին անդամակցության բացասական հետեւանքները: Հիմա էլ պարզվում է` ՀՀ քաղաքացիներին արգելվում է Ռուսաստանի Դաշնության օդանավակայանների անմաքս գոտիներից՝ «Դյութի ֆրի» խանութներից, առեւտուր անել:

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնության օդանավակայաններում անմաքս գոտիներ կան, որոնք հասարակությանն ավելի հայտնի են «Դյութի ֆրի» կամ «Դյու ֆրի» անուններով: Եւ արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից դժգոհություններ է ստանում այն մասին, որ Մոսկվայից Հայաստան ժամանող ուղեւորներին Մոսկվայի օդանավակայաններում գործող «Դյու ֆրի» խանութներում հրաժարվում են ապրանք վաճառել: Այս խնդիրը սկսվել է 2015 թվականի հունվարի 1-ից, երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները փոխանցեցին, որ Մոսկվայի օդանավակայաններում գործող «Դյու ֆրի»-ի աշխատակիցները իրենց ապրանք չվաճառելը պատճառաբանել են նրանով, որ Հայաստանը գտնվում է ԵՏՄ միասնական տարածքում՝ միասնական մաքսային գոտում, ինչի արդյունքում էլ ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել «Դյութի ֆրի»-ի համար նախատեսված մաքսային արտոնությունից:
Նշենք, որ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին ԵՏՄ երկրներ մեկնելիս նույնպես չի թույլատրվում օգտվել անմաքս գոտիների ծառայությունից:
«Ժողովուրդ»-ը «Զվարթնոց» օդանավակայանում գործող «Դյու ֆրի»-ից տեղեկացավ, որ Հայաստանից ԵՏՄ երկրներ մեկնող մեր քաղաքացիները կարող են գնումներ կատարել, քանի որ ԵՏՄ անդամ երկրներից միայն ՀՀ-ի համար է բացառություն արվել: Տեղեկացնենք, որ ԵՏՄ պայմանագրի 3-րդ հավելվածի 27-րդ կետով ամրագրված է, որ ՀՀ-ում գտնվող անմաքս առեւտրի խանութներն իրավունք ունեն շարունակելու վաճառել, այդ թվում՝ ԵՏՄ ուղղություններով:
«ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանում է թույլատրվում ԵՏՄ կամ այլ ուղղությամբ մեկնելիս եւ ժամանելիս գնումներ կատարել: Կան նաեւ սահմանափակումներ, որոնք առաջադրվում են ԵՏՄ երկրների մաքսային կոդեքսի կողմից: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ այդ սահմանափակումները գործում են»,- ասաց «Դյու ֆրի»-ի կոմերցիոն տնօրեն Անդրանիկ Մարտիրոսյանը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ սահմանափակումներ կան հատկապես ալկոհոլային խմիչքների, ծխախոտի եւ մի քանի այլ՝ ենթաակցիզային ապրանքների վրա: Օրինակ` չի թույլատրվում 3 լիտրից ավել ալկոհոլ գնել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը գրավոր դիմեց նաեւ Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայություն, որտեղից ի պատասխան՝ փոխանցեցին հետեւյալը. «Ռուսաստանի օդանավակայանների միջազգային սեկտորով Հայաստան մեկնող անձանց համար անմաքս առեւտրի խանութներում ապրանքների վաճառք չի իրականացվում: Նման կարգ գործում է նաեւ Բելառուսի ու Ղազախստանի հանրապետություններ մեկնող ուղեւորների համար: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ անմաքս առեւտուրը այնպիսի մաքսային գործընթաց է, որի ժամանակ ապրանքների մանրածախ վաճառք է իրականացվում անմաքս առեւտրի խանութներում այն ֆիզիկական անձանց համար, ովքեր մեկնում են Մաքսային միության մաքսային տարածքից՝ առանց մաքսային տուրքերի ու հարկերի վճարման, ինչպես նաեւ՝ նրանց հանդեպ չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցները»:
Ռուսաստանի ԴՄԾ մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Կոտիկովի կողմից «Ժողովուրդ»-ին հասցեագրված պարզաբանման մեջ նշված է նաեւ, որ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ենթադրվում է ՀՀ անդամակցությունը միջազգային պայմանագրերին, որոնք կնքվել են Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավական բազայի ձեւավորման շրջանակում:
«Մաքսային միության մաքսային սահմանադրությունը ենթադրում է զգալի դյուրացումներ մաքսային տարածքի ներսում մաքսային միության ապրանքների տեղաշարժի համար: Սրա հետ մեկտեղ սահմանային վերահսկողությունը պահպանվում է Միության անդամ երկրների այն քաղաքացիների հանդեպ, որոնք թռչում են Հայաստանից Ռուսաստան ու հակառակը: Այն կարող է իրականացվել օդանավակայանների միջազգային սեկտորում այն դեպքում, երբ նման վերահսկողությունը հնարավոր չէ իրականացնել ներքին սեկտորում, ընդ որում, միջազգային սեկտորում նման վերահսկողության համար առանձին ուղղություններ են հատկացվում»,- նշված է Ռուսաստանի ԴՄԾ մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Կոտիկովի պատասխանի մեջ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՓՈՍԸ
2014թ. դեկտեմբերի 5-ին Իջեւան քաղաքի կենտրոնում՝ Անկախության փողոցի վրա գտնվող «Վեգաս» խանութի մոտ, Տավուշի մարզկենտրոնում խմելու ջրագծերի ցանցը նորոգողների փորած փոսն է ընկել եւ ձեռքի, ոտքի տարբեր վնասվածքներ ստացել 65-ամյա բնակչուհի Ալիտա Օհանյանը: Պատահական մարդիկ նրան օգնել են փոսից դուրս գալ: Դրանից հետո չարաբաստիկ փոսը հողով լցրել են: Այդ պատահարից գրեթե չորս ամիս անց զանգահարեցինք Ալիտա Օհանյանի բջջային հեռախոսահամարին` տեղեկանալու, թե ինչպես է նրա վիճակը: Տիկին Ալիտան ասաց, որ ինքը Մոսկվայում է բնակվում, այնտեղից Իջեւան էր եկել հոր մահից հետո ժառանգություն ստանալու նպատակով: Կնոջ խոսքերով՝ փոսը, որի մեջ ընկել է ինքը, որեւէ կերպ արգելափակված չի եղել, չի եղել նաեւ նախազգուշացնող նշան: Տիկին Ալիտան հայտնեց, որ դեպքից հետո ինքը եղել է Իջեւանի բժշկական կենտրոնում, որտեղ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Ա. Օհանյանի խոսքով` անսալով իր հարազատների հորդորներին, ինքը հակված չի եղել ջրագիծը նորոգողների, փոս փորողների դեմ բողոքելու: Ամիսներ շարունակ հարազատները անկողնում խնամել են տիկնոջը, նա բուժվելու համար մեծ քանակի դեղորայք է գնել: Այդ նպատակով մեծ ծախսեր է կատարել, սակայն Իջեւանում խմելու ջրագծեր նորոգող «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերությունը տուժած կնոջը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել: Ա. Օհանյանի խոսքերով՝ այդ ընկերության աշխղեկը նույնիսկ հեգնել է իրեն՝ հարցնելով, թե ինքն այդ փոսի տեղը գիտի՞: Կնոջ վկայությամբ՝ դեպքից 4 ամիս անց, ստացած վնասվածքի հետեւանքով իր ձախ թեւը չի գործում: Մարտի 25-ին Ա. Օհանյանը եղել է Երեւանում, մայրաքաղաքի բժշկական հիմնարկություններից մեկում նրան զննել է նյարդաբան-վիրաբույժը: Ա. Օհանյանն ասաց, որ ինքը կարողանում է ձախ թեւը բարձրացնել միայն աջ թեւի օգնությամբ, ուստի հարկ կլինի իր ձախ թեւը վիրահատել: Ա. Օհանյանը հայտնեց, որ ինքն արդեն փաստաբան ունի եւ պատրաստվում է «Բաղրամյանշին» ընկերությանը դատի տալ:
Մեր կողմից նկատենք, որ զարմանալի է այն փաստը, որ ոստիկանության Իջեւանի բաժինը դեպքի կապակցությամբ կնոջը չի հարցաքննել: Չէ որ գործող օրենքի համաձայն՝ Իջեւանի ԲԿ-ից պետք է ահազանգեին ոստիկանության Իջեւանի բաժին, եւ ոստիկանությունը պետք է դեպքի կապակցությամբ քննություն կատարեր:
Հավելենք, որ «Բաղրամյանշինը» Տավուշի մարզկենտրոնում շարունակում է ջրագծերի նորոգումը, Իջեւանի շատ փողոցներ դեռ կիսաքանդ են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս