ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ aravot.am-ի
Նաիրիտցիները շարունակում են իրենց 18-24 ամսվա աշխատավարձերի մարման պահանջով բողոքի ակցիաները: Երեկ վաղ առավոտից գործարանի նախկին աշխատակիցները կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Նրանք ասում են, որ իրենց բողոքի ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ժամանակացույց չեն տվել Կառավարությունից: Նաիրիտցիները նաեւ բողոքում են, որ գործարանի հեռացված աշխատակիցներին գումար չեն տալիս, իսկ դեռեւս այնտեղ աշխատողներին մեկ ամսվա աշխատավարձ են խոստացել: Ըստ նրանց՝ դա աշխատանքային օրենսգրքի խախտում է: Իրականում նրանք կորցրել են իրենց վերջին հույսը եւ այլեւս ոչ մի ակնկալիք չունեն ո՛չ Կառավարությունից, ո՛չ էլ ԱԺ-ից: Գործարանի նախկին աշխատակիցները պաշտոնատար անձանց չարաշահումները բացահայտելու նպատակով նամակ կներկայացնեն գլխավոր դատախազություն, սակայն, ինչպես իրենք են նշում, դրանից էլ ոչ մի ակնկալիք չունեն:
ՀԱՐՑ. Բնակվում եմ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում: Ունեմ առողջական լուրջ խնդիրներ, լեղապարկումս քարեր կան, սակայն ես համապատասխան գումար չունեմ՝ բուժզննման ծախսերը վճարելու համար: Կցանկանայի իմանալ՝ որպես սահմանամերձ գյուղի բնակիչ կարող եմ օգտվել անվճար վիրահատությունից կամ գոնե որոշ արտոնություններից:
Նաիրա Մելքումյան (36 տարեկան, վարսահարդար)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական արտոնություններից կարող են օգտվել ՀՀ Կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված ՀՀ բոլոր քաղաքացիները: Սահմանամերձ համայքների բնակիչներն ընդգրկված չեն վերոնշյալ ցանկում, սակայն ՀՀ առողջապահության նախարարի 2015թ. փետրվարի 11-ի թիվ 250-Ա հրամանով, ՀՀ մարզերի բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մատչելիությունը եւ հասանելիությունը ապահովելու, հատկապես այն բժշկական ծառայությունների համար, որոնք չեն իրականացվում տվյալ մարզում, սահմանված է պետության կողմից անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մարզային հանձնաժողովների կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական հանձնաժողովի կողմից ուղեգրվող հիվանդների չափաքանակ: Քաղաքացին կարող է համապատասխան բժշկական եւ սոցիալական վիճակն արտահայտող փաստաթղթերով ներկայանալ ՀՀ Տավուշի մարզպետարան՝ հնարավոր աջակցություն ստանալու համար:
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռեւս 2014թ. դեկտեմբերի 18-ի Կառավարության ծրագրով նախատեսվում էր ընդհանուր առմամբ 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրել բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցում, ինչպես նաեւ՝ անվճար բժշկական օգնություն ստանալու հնարավորություն: Սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ Կառավարությունը որոշակի սահմանափակումներ է առաջ քաշում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում՝ ուղեգրվող հիվանդների չափաքանակ: Ստացվում է, որ անգամ սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնությունը հատկացվում է ոչ լիարժեք:
ՀԱՐՑ. Քաղծառայող եմ: Կցանկանայի իմանալ՝ ինչպիսի՞ խախտումների համար են քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում կարգապահական տույժեր:
Արմեն Դարբինյան (39 տարեկան, իրավագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են, եթե քաղաքացիական ծառայողը՝ ա) անհարգելի պատճառով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, բ) անհարգելի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, գ) վերազանցել է իր ծառայողական լիազորությունները, դ) անհարգելի պատճառով խախտել է աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը կարող է կասեցնել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիս ժամկետով` քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ: Ինչպես նաեւ ծառայողական քննությունն անցկացվում է 30-օրյա ժամկետում, որը հաշվվում է ծառայողական քննություն նշանակելու մասին համապատասխան պաշտոնատար անձի կողմից որոշում ընդունելու պահից: