Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը:
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահության շրջանակներում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, տուբերկուլոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով:
Համաժողովի նպատակն է համախմբել և ուժեղացնել միջոլորտային համագործակցությունը` ուղղված բնակչության խոցելի խմբերում և անդրսահմանային տարածման տուբերկուլոզի դեմ պայքարին:
Համաժողովին հրավիրված են Եվրոպական Միության, Եվրոպական տնտեսական տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների մի շարք պետությունների առողջապահության, սոցիալական ապահովության, ֆինանսների նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: