Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր երեկ Գյումրի էին այցելել ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ովքեր այցելել էին Ավետիսյանների ընտանիքի շիրիմին և հանդիպել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
Հանդիպման ընթացքում ռուսական կողմը հայտնել է, որ 102-րդ ռազամաբազայի անձնակազմից մի խումբ մարդիկ տույժերի են ենթարկվել, ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել, ով էլ այսօր կժամանի Հայաստան:
Armlur.am-ի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ռազմաբազայի նոր հրամանատարը գեներալ-մայոր Ուստինովն է: Նա նշեց, որ տեղյակ չէ ` նա արդեն ժամանել է Հայաստան, թե ոչ:
«Նոր մարդ է, ազգանունը Ուստինով, ուրիշ բան չգիտեմ: Դատավարության կոնկրետ օր չեմ կարող ասել, իրենք ասում են մոտ ժամանակներս, շատ շուտ: Խոստացել են տեղեկատվություն տալ», – ընդգծեց Ցոլակյանը:
Մարզպետը նշեց, թե առաջին անգամ չէ, որ հանդիպել է ռուսական կողմի հետ: «Ես մի անգամ էլ էի հանդիպել: Իրենց ասածները վստահություն ներշնչում են, որովհետև լուրջ մարդիկ են», – հավելեց նա: