Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը («Գազի հանձնաժողով») ներկայացրել է եզրակացության նախագիծ, որում պաշտոնապես հաստատվել է, որ ՀՀ Կառավարության գիտությամբ` Հայաստան ներկրվող գազի 1000 խ/մ-ի գինը ռուսական կողմը բարձրացրել է դեռևս 2011թ. հունիսի 1-ից` 180 դոլարից դարձնելով 210 դոլար, 2012թ. ապրիլի 1-ից` 240 դոլար, 2013 թվականի ապրիլի 1-ից` 270 դոլար: Արդյունքում` 2011-2013թթ., չնայած ռուսական կողմը գազը թանկացրած է եղել, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն (ներկայիս «Գազպրոմ-Արմենիա») մատակարարված գազի դիմաց վճարել է 180 դոլար և ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ կուտակել պարտքը, որը 2013-ի տարեվերջին կազմել է 329.2 մլն դոլար:
Armlur.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե համաձայն չէ, որ իշխանությունները խաբել են: «Այստեղ իրավական ընթացակարգերի խնդիր կա: Օրենքով հետին թվով պարտքեր կուտակելու իրավունք ունեի՞ն կառույցները, թե՞ ոչ: ԱԺ լիագումար նիստի ժամանակ մնացած բոլոր դիտարկումները ես կներկայացնեմ»,- ասաց Մելքումյանը:
Նշենք, որ գազի գործող 156 դրամ 1խ/մ սակագնում հաշվարկվել և որպես ամորտիզացիոն ծախս ներառվել են «ՀայՌուսգազարդի» կողմից գնված «նկարներ, թաղային և սենյակային բույսեր, բազմամյա տնկիներ, ավտոմեքենաներ», և այսպես շարունակ: Այսինքն՝ մենք` սպառողներս, վճարում ենք նաեւ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների սենյակը զարդարող պարագաների և գույքի և այլնի համար:
Այս առումով Մելքումյանը նշեց. «Գազի սակագինը ձևավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մշակված և հաստատված մեթոդաբանության հիման վրա: Այսինքն` ինչ ծախս ուզում է «Գազպրոմը», կարող է իր համար անել, բայց դա չի կարող սակագնի մեջ մտնել, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դա չի հաստատել: Հիմնականում այդ ծախսերը ներառված են լինում: Շատ հարցեր, այո, մենք ունենք ուղղելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- ասաց Մելքումյանը: Վերջինս ավելացրեց, որ Ազգային ժողովում լիագումար նիստի ժամանակ այդ բոլոր հարցերն անձամբ ինքը բարձրացնելու է: