«10 տարի սպասելը երկար է. Վլադիմիր Պուտինը որոշեց արագացնել արժութային միության ստեղծումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադրություն ունի ԵՏՄ անդամ երկրներում արժութային միություն ձևավորել: Այդ մասին նա հայտարարել է նաև Աստանայում վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Հատկանշական է, որ ՌԴ նախագահն ամեն կերպ ցանկանում է արագացնել միության ձևավորումը:

ԵՏՄ երկրներում ընդհանուր արժութային միության ստեղծման, նպատակների և Հայաստանում դրա օգուտների մասին Armlur.am-ը մի քանի հարց ուղղեց Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կռոտովին:

– Պարոն Կռոտով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է  միասնական արժութային միություն ձևավորելու մասին: Կասե´ք` ինչ է այն իրենից ներկայացնում:

– Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ինտեգրացիայի առաջին պայմաններից մեկն արժութային միությունն է: Այն արդեն ստորագրված է, բայց պետք է ձևավորվեր մոտավորապես 10 տարի հետո, երբ ինտեգրացիայի մյուս ձևերն արդեն կայացած կլինեին: Բայց մենք բախվեցինք խնդրի, որ տարբեր արժույթներով առևտուրը մեծ վնասներ է հասցնում: Ոչ միայն առևտրի, այլ նաև ցանկացած հարաբերությունների կոնտեքստում: Եվ ԵՏՄ-ն դա առաջինը հասկացավ, այդ պատճառով ստեղծում է արժութային միություն, որպեսզի կախված չլինի դոլարից:

– Ինչո՞ւ որոշվեց միության ստեղծումն արագացնել:

– Մենք բախվեցինք այն խնդրին, որ 10 տարի սպասելը երկար է: Եվ Վլադիմիր Պուտինն առաջարկեց վերանայել արժութային միության ստեղծման ժամանակացույցն ու հնարավորության դեպքում արագացնել այն: Եվ դա հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր տարադրամների դեպքում վնասներ և դժվարություններ են առաջանում: Եթե դոլարը չլիներ որպես արժույթ, ապա տնտեսության համար լուրջ կորուստներ չէին լինի:

– Հայաստանի համար` որպես ԵՏՄ երկիր, արժութային միության ստեղծումն ի՞նչ կարող է փոխել:

– Կտա այն, ինչ տվել է Եվրոպական միության երկրներին: Արժութային միությունը ենթադրում է, որ կլինի ընդհանուր արժույթ և ռուբլիից դոլար փոխակերպման ժամանակ մեծ կորուստներ չեն լինի, դրա մասին է խոսքը: Դա պրակտիկա է, որն արդեն եղել է: Արժութային միության ստեղծման դեպքում կբացառենք նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ժամանակ հնարավոր սպեկուլյացիաները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս