
Բորիս Նեմցովի սպանության գործում նոր կասկածյալ է հայտնվել: Ինչպես հաջողվել է պարզել «Կոմերսանտին», ՌԴ քննչական կոմիտեին հայտնի է այն մարդու անունն ու ազգանունը, ով, Զաուր Դադաևի ցուցմունքների համաձայն, տրամադրել է ZAZ ավտոմեքենան ու ատրճանակը՝ հանցագործություն կատարելու համար, բացի այդ` 5-ական միլիոն ռուբլի խոստացել սպանության բոլոր մասնակիցներին:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», տղամարդը ներկայացել է որպես ոմն Ռուսլիկ:
Հրատարակչության տվյալներով՝ նրա հանդեպ հետախուզում չի հայտարարվել, քանի որ քննիչները հանցագործությանը նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ այլ ապացույցներ են հավաքում: Դրա մասին դեռ հայտնել է միայն Զաուր Դադաևը, ով համագործակցում է իրավապահ մարմինների հետ: Քրեական գործի պոտենցիալ կասկածյալի անունն ու ազգանունը դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել: