
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ 5 դեպք է արձանագրվել, իսկ նախկինում հայտնաբերված ապօրինի 6 շինություններ քանդվել են:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերի ընթացքում արձանագրվել է շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 8 դեպք: Այս ուղղությամբ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը և շրջայցեր իրականացնել վարչական բոլոր շրջաններում:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 28 դեպքերից 20-ը արձանագրվել են հանգստյան օրերին: Քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից խիստ հսկողություն կսահմանվի հատկապես կիրակի օրերին:
Սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ծառերի սանիտարական էտի և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել և էտն իրականացնել մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են ճանապարհային նշանների և լուսացույցների տեսանելիությանը: