ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» ` ապրիլի 24-ին կազմակերպած խաղաղ ցույցին այնքան բազմություն չի հավաքվի, որը կկարողանա իշխանափոխություն իրականացնել: Այս մասին Գ. Եղիազարյանը նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
« «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնած ցույցն անիմաստ եմ համարում, սա իմ անձնական կարծիքն է: Ես կնախընտրեի, որ ցույցը ոչ թե 24-ին, այլ 25-ին, կամ 26-ին անեին, կարծում եմ, որ այդ օրը չարժեր անել: Բայց, ասեմ, որ եթե որոշ սրիկաներ որոշեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին նորից դանակահարել, ես անպայման կգնամ այդ ցույցին` մասնակցելու: Եթե կրկին ուժ կիրառեն, ապա ես կգնամ և կկանգնեմ Ժիրայր Սեֆիլյանի կողքին»,-նշեց նա:
Եղիազարյանն անհարիր է համարում պատերազմի մասնակիցների նկատմամբ նման անհարգից վերաբերմունքը:
«Ինչի՞ են անիմաստ դանակահարում մարդկանց, հարվածում ձվերով, համացանցում վախեցնում նրանց: Այն, ինչ այսօր իշխանությունն անում է ուրիշների նկատմամբ, վաղը բումերանգի նման կպնելու է իրենց գլխին», – հայտարարեց Եղիազարյանը: