«Հիմնադիր խորհրդարանի» 3 անդամ այս պահին գտնվում է ոստիկանության Սևանի բաժնում: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՀԽ անդամ Աշոտ Պետրոսյանը, ում փոխանցմամբ իրենք հանցագործության մասին հաղորդում են պատրաստվում ներկայացնել: Մեր զրուցակցի խոսքով, հաղորդումը վերաբերում է մարտի 26-ի լույս առավոտյան իր բնակարանին փակցրած պաստառները պոկելուն: «Պատրաստվում ենք իրավապահ մարմիններին հայտնել, որ մեզ հասցվել է նյութական և բարոյական վնաս: Թեպետ իրավապահներն անմիջապես չարձագանքեցին կատարվածին, հիմա էլ մեզ սպասեցնում են»,- ասաց ՀԽ անդամը և ներկայացրեց տեղի ունեցածի մանրամասները:
Այսպես, նախքան դեռևս անհայտ անձինք կպատռեին և կոչնչացնեին պաստառները, մեկ ուրիշը փնտրել է Աշոտ Պետրոսյանի հորեղբոր որդուն, ով աշխատում է Գավառ-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում: Նրանք մեր զրուցակցի ազգականից հետաքրքրվել են` ով է Աշոտ Պետրոսյանը, ինչ գործունեություն է ծավալել, որն է պաստառներ տեղադրելու նպատակը և այլն. «Նրանք իմացել են, որ եղբայրս քաղբանտարկյալ է, իրենց հուզող պատասխանները չստանալուց հետո ասել են, թե իմ մասին ամեն ինչ գիտեն: Նրանք անընդհատ հարևաններիցս ևս իմ մասին հարցուփորձ են արել: Հետո ես կապ հաստատեցի գյուղի թաղային Մեսրոպ Մանուկյանի հետ, ասացի` ինչու եք ինձնով հետաքրքրված: Նա էլ պատասխանեց, թե պարզապես հետաքրքրվում են: Ես պաստառները փակցրել եմ իմ սեփականության վրա` «100-ամյակն առանց ռեժիմի» գրառումով և Ժիրայր Սէֆիլյանի նկարով: Սրանից հետո իմացանք, որ պատռել են մեր պաստառը, թե ով` չգիտենք»:
Աշոտ Պետրոսյանը հայտնեց, որ կրել են մոտ 50 հազար դրամի վնաս: