Թովմա Մաթևոսյանի սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանը, որը սույն գործի շրջանակներում քրեադատավարական կարգի խախտման համար մի անգամ արդեն նախազգուշացվել է՝ ենթարկվելով կարգապահական տույժի, այսօրվա դատական նիստում վարույթից հեռացնելով ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի շահերը ներկայացնող թվով երրորդ, ոչ պատշաճ ծանուցված պաշտպանին՝ մեղադրական ճառի հնարավորություն տվեց մեղադրող դատախազին:
Վերջինս, հիմնավորված համարելով Տիգրան Մելիքյանի ենթադրյալ հանցանքը՝ դիտավորյալ սպանություն, դատարանից որպես պատիժ պահանջեց ազատազրկում՝ 11 տարի ժամկետով: Դատավորը, պաշտպանական կողմի՝ պաշտպանական ճառից արհեստականորեն զրկված լինելու պայմաններում ավարտված համարեց դատական վիճաբանությունների փուլը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Վճիռը կհրապարակվի վաղը:
«Պաշտպանական իրավունքի խախտման հաշվին, դրա գնով դատավորը հասավ նրան, որ վաղը պետք է կայացնի մեղադրական դատավճիռ: Եթե նույնիկ կայացվի ամենաարդար վճիռը, ապացույցների գնահատման առումով եմ ասում, միայն այս խախտումները ավելի քան բավարար են, որ այն համարվի անօրինական և անհիմն: Ընդ որում, դատավորը թույլ է տվել ոչ միայն քրեադատավարական օրենքի խախտումներ, այլև էթիկայի նորմերի խախտումներ»,-մեզ հետ զրույցում ամփոփեց պաշտպաններից առաջինը վարույթից հեռացված, փաստաբան Գուրգեն Հարությունյանը՝ ընդհանրապես գնահատելով խախտումներով ընթացած դատավարությունը:
Ադրինե Թորոսյան