Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, դեռեւս ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` “Nouvelles d Armenie” պարբերականին տված աղմկահարույց հարցազրույցը ցնցել է ողջ հասարակությանը. այն մեծ աղմուկ է առաջացրել ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ քաղաքական դաշտում:
Ռ. Հայրապետյանը խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ փորձում է կործանել երկիրը, որ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանն իր դեմ են աշխատում եւ այլն: Հարցազրույցի առանցքային թեմաներից մեկը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-“Բարգավաճ Հայաստան” փոխհարաբերությունների վերաբերյալ գնահատականներն են: Փաստորեն, Ռ. Հայրապետյանը “Հարսնաքար” ռեստորանում բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառով կազմակերպված բողոքի ակցիաների համար մեղադրել է նաեւ ԲՀԿ-ին եւ այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռ. Հայրապետյանի հարցազրույցը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այն հրապարակեցին հատկապես այս օրերին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մեր երկիրը ժողովրդավարական լիներ, եւ իշխանության ճյուղերը տարանջատված լինեին, ապա մեր երկրում քաղաքական մեծ սկանդալներ կլինեին, անդրադարձներ կտեսնեինք: Ինչեւէ, մենք գիտենք, որ ժողովրդավարական երկրում չենք ապրում, դրա համար էլ այդպիսի ռեզոնանսներ չտեսանք: Չէի ցանկանա ինչ-որ բան գտնել այս կամ այլ ցանկացած հարցազրույցի հիմքում, պարզապես հարցազրույցն ինքնին այնքան խոսուն է եւ այնքան նյութ է պարունակում, որ հասարակությունը ճիշտ հետեւություններ կանի: Այնքան կետեր կան, որ, օրինակ, Ռ. Քոչարյանն է ստիպել իրեն վաճառել գործարանը եւ այլն, եւ այլն, այս կետերով հանդերձ՝ պետք է քաղաքական դաշտում պայթյուն լիներ: Կրկնում եմ՝ այդ պայթյունը կլիներ այն դեպքում, եթե մենք ապրեինք ժողովրդավարական երկրում:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծանոթ չեմ հարցազրույցին, քանի որ հանրապետությունում չեմ գտնվել: Արեւմտյան Հայաստան էի գնացել: Օրինակ՝ կարող եք ինձ հարցնել Արեւմտյան Հայաստանից, այնքան բաներ կարող եմ պատմել, որ ավելի հետաքրքիր կլինի, քան այդ հայտարարությունը: Այն, ինչ Դուք նշում եք, թե իր հայտարարության մեջ ասել է Ռ. Հայրապետյանը, ապա ինքնե՛րդ գնահատեք: Կարող եմ ասել միայն, որ ակնհայտ է, թե ով է երկիրը քանդում, եւ ամեն մարդ թող իր մասին մտածի:
ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռուբեն Հայրապետյանը քանի դեռ չի խոսել, չեմ կարծում, որ արժե գնահատական տալ այդ հարցազրույցին կամ առհասարակ մեկնաբանել: Ենթադրենք՝ տպագրվել է նյութ, ու այդ ամենից հետո տվյալ նյութի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չի տրվել, ու տեսնում ենք, որ արձագանք չկա նաեւ Ռ. Հայրապետյանի կողմից: Նրա փոխարեն չեմ կարող ասել, թե ինչու չի արձագանքում կամ խոսում, դա իր իրավունքն է, բայց եթե լինի մեկնաբանություն, այդ ժամանակ նոր կարելի է գնահատական տալ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
Հանրապետական կուսակցության քարտուղար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ