Երեկ հայկական լրատվական կայքերն ու հեռուստաեթերը ողողված էին Սաֆարովի հարցով Եվրախորհրդարանի ընդունած «ահեղ» բանաձեւի մասին տեղեկատվությամբ: Ուշագրավ է, որ բանաձեւն ամբողջությամբ հրապարակելու փոխարեն առավելապես ներկայացվում էին Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների ելույթները, որոնցում վերջիններս դատապարտում էին Ադրբեջանի արարքն ու նշում, որ դա «շոկ էր քաղաքակիրթ աշխարհի համար», եւ որ «Ալիեւը գործել է որպես մաֆիայի պարագլուխ»: Ինչ խոսք, ներկայացված ելույթները բավական ադեկվատ էին եւ պարունակում էին ճիշտ հարցադրումներ, խնդիրն այն է, սակայն, որ այդ ամենից հետո Եվրախորհրդարանն ընդունեց մի բանաձեւ, որով ընդամենն իր. «ափսոսանքն է հայտնում մարդասպան Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաեւ նրան մայորի կոչում շնորհելու առնչությամբ»: Եւ դրանից անմիջապես հետո՝ հաջորդ իսկ կետով, Եվրախորհրդարանը «քաջալերում է Հայաստանին եւ Ադրբեջանին` շարունակել հաշտեցման գործընթացը»: Բանաձեւում տեղ գտած միակ էական կիսազգուշացումը Եվրախորհրդարանի հիշեցումն է առ այն, որ. «Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայում բանակցություններ են ընթանում, ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման դրույթներ ու չափորոշիչներ, որոնց պետք է հետեւել»: Ըստ էության, ահա այն ամենը, ինչ ասված է այդ բանաձեւում. չկա որեւէ անդրադարձ Ադրբեջանի վարած ֆաշիստական քաղաքականությանը, որի անմիջական դրսեւորումն էր Սաֆարովի հերոսացումը: Չկա որեւէ կտրուկ ու հստակ պահանջ` առաջադրված եվրոպական արժեքների վրա թքած ունեցած երկրի հանդեպ, կա ընդամենը կոչ եւ ոչինչ չասող անատամ «ափսոսանք»: Եւ ահա այս բանաձեւը ՀՀ իշխանությունները որակում են իբրեւ հայկական դիվանագիտության ձեռքբերում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ շտապել է իր խորին շնորհակալությունը հայտնել «Ստրասբուրգում աշխատող մեր դիվանագետներին»` ընդունված բանաձեւը գնահատելով որպես «լավագույն օրինակ եւ ապացույց այն բանի, որ մեր դիվանագետներն ի զորու են լիարժեք կատարել այն խնդիրները, որոնք բխում են ՀՀ շահերից»: Եթե այս բանաձեւն է մեր դիվանագետների աշխատանքի որակի «լավագույն օրինակը», ապա մեր վիճակը, մեղմ ասած, վատ է: Եւ միգուցե արժեր, որ պարոն Զաքարյանը փոքր-ինչ զսպեր իր գոհունակությունն առ այս ոչինչ չասող փաստաթուղթը, որն ընդամենը նվազագույնն էր, ինչ պարտավոր էր անել Եվրախորհրդարանը` ընդ որում ոչ թե Հայաստանի, այլ սեփական դեմքը փրկելու համար: Կասկածելով, որ Եվրախորհրդարանի ղեկավարությունը հետեւում է հայկական պատվիրակության անդամների գնահատականներին, այդուհանդերձ, հարկ ենք համարում նշել, որ նման անթաքույց հրճվանքով մենք ավելորդ անգամ եվրոպացիներին տեղիք ենք տալիս մտածելու, որ նրանք կարող էին եւ այդքանն էլ չանել, եթե մենք ահա սրանից էլ ենք այդչափ գոհ:
ԳՈՀՈՒՆԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ