Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք արդյունավետորեն դրսևորվում են նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ միջխորհրդարանական կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք են բերել կայուն և դինամիկ բնույթ: Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերը, Հանրապետության Նախագահի խոսքով, վերաբերում են երկու երկրների փոխգործակցության ամենատարբեր ոլորտներին և օժանդակում են օրենսդրական հիմքերի ստեղծմանը՝ ապահովելով Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական համագործակցության ներդաշնակ զարգացումը:
Սերժ Սարգսյանը և Սերգեյ Նարիշկինն անդրադարձել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը ինտեգրացիոն նոր գործընթացների համատեքստում: Կողմերն ընդգծել են, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը և Ռուսաստանը փոխշահավետ գործընկերությունը բարձրացրել են որակապես նոր մակարդակի, և անհրաժեշտ է անել ամեն հնարավորը, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորումը լիարժեքորեն օգտագործվի ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: