Օգոստոսի 31-ին Հունգարիայի ղեկավարությունն Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովին: Այնուհետեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր ամբիոններից հայտարարեց, թե իրենք պաշտոնապես Հունգարիային նամակ են գրել` տեղեկանալու համար, թե արդյոք Սաֆարովին արտահանձնելու են, սակայն այդ նամակի պատասխան չեն ստացել: ԱԳ նախարարը հայտարարեց, որ իրենք խաբվել են Հունգարիայի իշխանությունների կողմից: Նալբանդյանի «խաբվածության» շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ տարբեր խմբակցությունների անդամների հետ: Ի դեպ, նշենք, ԱԱԾ-ն, այս ամենի հետ կապված, ընդհանրապես որեւէ «ծպտուն» չհանեց:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
-Պարո՛ն Նահապետյան, չե՞ք կարծում, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը պետք է «պատժի» այն երկու կառույցներին, որոնք պարտավոր էին կանխել Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին:
-Ես կարծում եմ, որ Ձեր գնահատականները տեղին չեն, քանի որ այդտեղ ո՛չ անուշադրություն եւ ո՛չ էլ անգործություն չկա, մեր իրավասու մարմինները ձեռնարկել են համարժեք միջոցներ, սակայն մենք չէինք կարող այդ միջոցների արդյունքում ապահովագրվել, որ հունգարական իշխանությունները նման քայլ չեն անի:
-Բայց նախապես պետք է քայլեր ձեռնարկվեին այդ ամենը կանխելու համար…
-Հունգարիան ինքն է որոշել, թե ինչպես պետք է վարվի ստեղծված իրավիճակում: Չեմ կարծում, որ մենք կարող էինք մեր գործողություններով երաշխավորել, որ Հունգարիան նման քայլի չի դիմելու: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեռնարկվել են համապատասխան քայլեր, այլ բան է, որ Հունգարիան գերադասել է իր ինչ-ինչ շահերը: Բայց դրանից հետեւություն անել, թե մեր համապատասխան մարմինները պատշաճ գործողություններ չեն ձեռնարկել, ճիշտ չէ:
-Ուրեմն միջազգային հանրությունը մեր կարծիքը հաշվի չի առնում: Հայաստանը չունի համապատասխան կշիռ ու հեղինակություն, ինչը դարձյալ մեր դիվանագիտական ծառայության վատ աշխատանքի արդյունքն է:
-Վճիռը կայացրել է Հունգարիայի իշխանությունը, այդ մեղքն ուղղակի վերագրել միջազգային հանրությանը կամ տարբեր պետություններին՝ տվյալ դեպքում ճիշտ չէր լինի: Արդեն մի քանի քայլեր արվել են՝ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են, կհաջորդեն այլ գործողություններ, որոնք կհամապատասխանեն ստեղծված իրավիճակին:
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ
-Պարո՛ն Շահգելդյան, ըստ Ձեզ՝ ովքե՞ր են պատասխանատու Սաֆարովի արտահանձնումը չկանխելու համար, եւ ովքե՞ր պետք է պատժվեն:
-Ուրեմն հասկանանք՝ խնդիրը որն է. Հունգարիայի կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է իր տեսակետներն այն մասին, թե ինչպիսի բանակցություններ է ունեցել Ադրբեջանի հետ: Տվյալ դեպքում հարց է ծագում, որը, կարծում եմ, մենք պետք է քննարկենք միջազգային կառույցների հետ: Ադրբեջանն ասում է, որ ինքը տեղեկացրել է Հունգարիային, Հունգարիան էլ հակառակն է ասում: Այս տեսանկյունից պետք է պարզել, թե, ի վերջո, ով ում է խաբել, ես կարծում եմ, որ ամեն ինչին պետք է այս տեսանկյունից նայել: Պետք է կարողանան միջազգային կառույցների առաջ այս հարցը բարձրացնել, բայց դա պետք է լինի բաց քննարկում՝ հասկանալու համար, թե ով ում է խաբել: Ահա այն մոտեցումը, որը շատ ու շատ բաներ կբացահայտի:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկի՛ն Սարգսյան, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հունգարիան իրենց խաբել է…
-Ի՞նչ է նշանակում՝ խաբել են, այսինքն՝ իրենք թերացել են, ոչ թե իրենց խաբել են: ԱԱԾ-ն ի՞նչ իրավունք ուներ խաբվելու, ինքը հենց ստեղծված է նրա համար, որ կանխարգելի բոլոր բացասական զարգացումները մեր երկրի շուրջ: Եթե խաբվել են, ուրեմն ավելի ամոթ իրենց, որ նման մարմինը կարող է այս ձեւով խաբվել: Եթե խաբվել եք, բարի՛ եղեք հրաժարական տալ՝ ե՛ւ նախարարները, ե՛ւ Սերժ Սարգսյանը, որը լրջագույն պատասխանատվություն է կրում այս բացթողման համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, ԱԳ նախարարը հայտարարեց, որ Սաֆարովի արտահանձնման հարցում Հունգարիայի իշխանություններն իրենց խաբել են: Ըստ Ձեզ՝ Ս. Սարգսյանն ԱԳՆ ու ԱԱԾ ղեկավարությանը չպե՞տք է պատժի այս խայտառակ ձախողման համար:
-Այո՛, ԱԳՆ-ն պետք է լիներ ավելի զգոն, ԱԳՆ-ն նախ եւ առաջ պետք է բացառեր իր համակարգում այնպիսի ստոր անձանց հայտնությունը, որոնք զբաղեցնում են վարչության պետերի պաշտոններ` դրանից բխող հայտնի հետեւանքներով: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մերոնց խաբել են…է՛, թող չխաբվեն, իրենց գործունեության մեջ նվազեցնեն միամտության աստիճանը եւ օգտագործեն բոլոր գործառույթներն ու հնարավորությունները, որպեսզի խաբվածի դերում չհայտնվեն: