ՎՃԻՌԸ ՖԱՔՍՈՎ ՍՏԱՑՎԵԼ ԷՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ԻՑ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որն այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, նամակի միջոցով պատասխանել է «Ժողովուրդ»-ի հարցերին:
-Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Ձեզ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Այժմ Դուք սպասում եք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք վերաքննիչ դատարանից:  
-Նախ թո՛ւյլ տվեք չհամաձայնել հարցադրման հետ. դատարանը չէ, որ մեզ` ՀԱԿ երիտասարդներիս, դատապարտել է ազատազրկման: Դատարանը, քրգործը վարույթ ընդունելով, արդեն ապացուցեց, որ շարունակելու է իր վրա վերցնել պատվերի հետագա կատարումը: Իսկ դատավարության ընթացքում երբ «մերկացրեցինք» մեղադրող կողմին, պարտավոր էին, քննիչներից սկսած, ոստիկաններից վերջացրած, մեղադրանքներ առաջադրել քրգործում կեղծ ապացույցներ «նկարելու» համար: Եթե վերաքննիչ դատարանը առաջին իսկ նիստին չփոխի խափանման միջոցը, դա մեկ բացատրություն կունենա, որ չի ծանոթացել քրգործի նյութերին կամ եթե ծանոթացել է, ծանոթացել է ընդամենը պատվերին:
-Ըստ Ձեզ՝ այդ որոշմամբ իշխանությունները ինչի՞ են ուզում հասնել:
-Փորձեցին 2013թ. նախագահական ընտրություններից առաջ ռեժիմի դեմ իրական պայքար մղող քաղաքական ուժի, ինչու չէ, նրա շուրջ համախմբման հնարավորությունները փոքրացնել:
-Ձեզ դատապարտել են 6 տարվա ազատազրկման, ի՞նչ եք կարծում, մինչեւ վերջ կրելո՞ւ եք Ձեր պատիժը:
-Մի առիթով արդեն ասել եմ, որ դա չեմ համարում դատարանի որոշում, դա ֆաքսով ստացվել էր Բաղրամյան 26-ից: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը եւս 6 տարի չի պատրաստվում հանդուրժել այսօրվա իշխող ռեժիմին:
-Քանի որ տարիներ շարունակ Դուք եղել եք Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից մեկը ու պայքարել իշխանափոխության համար, չե՞ք հիասթափվել ՀԱԿ-ի վերջին շրջանի գործունեությունից:
-Մեր պայքարը սկզբունքների, գաղափարների, համոզմունքների, արժեքների մի բարդ ճանապարհ է, որի ժամանակ կարող ես հանդիպել ամենատարբեր խոչընդոտների: Ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհով եմ քայլում:
-Եթե մի օր ազատության մեջ լինեք, էլի՞ կմնաք ՀԱԿ-ի ակտիվիստ, թե՞ արդեն այդ ամենը տեսնելով` զերծ կմնաք Կոնգրեսի հետ «շփվելուց»:
-Մի օր որոշել են բռնել, մի օր էլ ազատության մեջ կլինեմ: Ես միայն հպարտ եմ, որ ՀԱԿ անդամ եմ, հպարտ եմ իմ կրտսեր ու ավագ պայքարող ընկերներով:
-Մի քանի բառով նկարագրե՛ք, թե ինչպես եք անցկացնում Ձեր օրերը կալանավայրում, ինչո՞վ եք զբաղված:
-Ծխելը թողել եմ, սպորտով եմ զբաղվում, կարդում եմ, մամուլն եմ ստանում, դեռ չեմ հասցրել ձանձրանալ:

Պատրաստեց Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս