Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, համացանցի իր էջում հրապարակել է հոր նամակը` ուղղված Ժիրայր Սէֆիլյանին:
«Պապան տեսակցության ժամանակ այս նամակը փոխանցեց ինձ:
Ժիրո ջան ուզում եմ իմ տեսակետը հայտնել քո նախաձեռնության վերաբերյալ: Իշխանափոխությանը միանշանակ կողմ եմ, բայց չեմ ընդունում իշխանափոխություն սկսել ապրիլի 24-ի երեկոյան: Չեմ ուզում քո նախաձեռնության աշխարհաքաղաքական բացասկան հետևանքների մասին խոսել, քանի որ դու քաղաքական գործիչ չես և կարող ես շատ բան այլ կերպ պատկերացնել: Հիմա ավելի շատ ցանկանում եմ կարծիքս հայտնել նախաձեռնության բարոյական կողմի մասին:
Մեկ տարի անընդմեջ դու հայտարարում էիր «100-ամյակն առանց ռեժիմի՚՚»: Ինձ թվում էր, որ դու պետք է իշխանափոխության պրոցեսը սկսեիր ամենաուշը փետրվարի վերջին, որպեսզի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայաստանը նշեր նոր իշխանություններով և նոր նախագահով: Բայց եթե դու ինչ-ինչ պատճառներով պատրաստ չես եղել իրականացնել իշխանափոխությունը նշված ժամկետներում, դա իհարկե դատապարտելի չէ, բայց դատապարտելի է դրա իրականացումը սկսել ապրիլի 24-ի երեկոյան:
Եթե դու հաշվել ես, որ քո հնարավորությունները թույլ կտան իշխանափոխությունը սկսել ապրիլի 24-ի երեկոյան, ուերմն դու կարող ես այդ պրոցեսը սկսել ապրիլի 28-ին, մայիսի 4-ին կամ հունիսի 15-ին, այսինքն ապրիլի 24-ից հետո եկած ցանկացած օր: Այդ դեպքում անհասկանալի է ապրիլի 24-ը ընտրել որպես իշխանափոխության սկիզբ, երբ Պուտինն ու Էրդողանը դեկտեմբերին համատեղ որոշում են կայացրել, տապալել ապրիլի 24-ին Հայաստանում սպասվելիք ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները:
Ապրիլի 24-ին նման քայլ նախաձեռնելը պայքարից հեռու կպահի իշխանափոխության կողմնակից լայն շերտերին, նաև զգալի հիասթափություն կառաջացնի նրանց մեջ:
Ժիրո ջան քո նախաձեռնությունը մոտավորապես նման է այսպիսի իրավիճակի. երբ մեկը գալիս և ասում է.«Տղերք, բժիշկները ասել են, որ մեր ընգեր Գագոյի պապը ծանր հիվանդա, 5 ամիս հետո մեռնելուա ու թաղմանն էլ լիքը մարդա գալու, կարելիա էտ օրը գնալ, թաղման ժողովուրդը հուզված կլինի, արժե բորբոքել ժողովրդին ու տանել իշխանափոխության՚»:
Կներես Ժիրո ջան, բայց քո նախաձեռնությունը մոտավորապես նման է այս իրավիճակին:
Հ.Գ. Ճիշտ է արաբական աշխարհում, մասնավորապես Պաղեստինում, Սիրիայում, Եգիպտոսում ընդունված է քաղաքական պայքար իրականացնել նույնիսկ զոհվածների թաղման օրերին և դագաղները ուսերին, բայց կարծում եմ հայ ժողովուրդը նման իրավիճակներում այլ վերաբերմունք է ցուցաբերում:
Դարձյալ կներես կարծիքս բարձրաձայնելու համար, բայց խնդրում եմ իշխանափոխության ժամկետները վերանայես»: