ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է
Անդրադառնալով Իլհամ Ալիեւի այն պնդմանը, թե 2001թ.-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներում է շնորհել Վարուժան Կարապետյանին, Քոչարյանի գրասենյակը երեկ հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասված է. «Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, որը 2001թ. ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից եւ միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության: Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում: Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը՝ Ադրբեջանի նախագահը կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կա՛մ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից»:

ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քննվող քրգործի շրջանակներում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով 12.09.2012թ. ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը եւ ՀՀ ՊՆ N զորամասի  ԷՀՄ տեխնիկ օպերատորը: Խոստովանենք՝ տարօրինակ զուգադիպությամբ վերջին օրերին կարեւորագույն գերատեսչությունների առանցքային դեմքերը կալանավորվում են: Հետաքրքիր է՝ ինչ ընթացք կլինի:

ՀԱՍՏԱՏԵԼ Է
Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Նուվել դ՛Արմենի» ամսագրի  լրագրող Սեդա Մավյանն իրենց թղթակցի հետ զրույցում ասել է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում տեղ գտած եւ հրապարակված ցանկացած միտք եւ արտահայտություն իրականում հնչել է գործարարի կողմից: Հիշեցնենք, որ Հայրապետյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին հիշատակել էր՝ հնչեցնելով նրա «Դոդի Գագո» մականունը: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, թե Հայրապետյանը Ծառուկյանի մասին նման կերպ չի արտահայտվել: «Մինչ այս առավոտ ո՛չ ինձ, ո՛չ էլ մեր խմբագրություն որեւէ մեկը չի դիմել»,-ասել է Մավյանը՝ պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչու է ոչ թե Հայրապետյանը, այլ ԲՀԿ-ն հերքում:

ՀԱՑԱԴՈՒԼ
Հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 33-րդ խցի կալանավոր Վազգեն Էդուարդի Մանուկյանը: Վերջինս այս կերպ արտահայտում է իր բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Եվա Դարբինյան) օգոստոսի 15-ին  կայացրած վճռի դեմ: Այս առթիվ ՔԿՀ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Սեպտեմբերի 7-ից կալանավորը հացադուլ է հայտարարել, բողոքը վճռի դեմ է: Կալանավորի առողջական վիճակը կայուն է,  նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»:

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորը վշտով տեղեկացնում է, որ երեկ՝ երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո, 61 տարեկանում վախճանվել է «Հայկական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը:




Լրահոս