Մարտի 19-ին հանրապետությունում տեղի ունեցավ հերթական աղմկահարույց իրադարձությունը. 10 ամիս հետախուզման մեջ գտնվող 23-ամյա Սեդրակ Օսիպյանը ներկայացավ իրավապահ մարմիններին: Երկար սպասված քայլն արվեց այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը փոխեց դանակահարություն կատարելու մեջ մեղադրվող Ս. Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ ազատ արձակելով:
Տեղի ունեցածն, իհարկե, չէր կարող հանրության աչքից վրիպել, քանի որ իրադարձությունների կիզակետում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր: Թերևս զարմանալի չէր, թե ինչու մարդիկ երիտասարդի «հանձնվելը» կապեցին փոխոստիկանապետի միջնորդության հետ:
Արդյոք Վալերի Օսիպյանն առանց կողմնակի «հովանավորների» կարող էր այդպիսի ազդեցություն ունենալ, դժվար է ասել:
Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ որոշ ժամանակ առաջ Ոստիկանության բարձրաստիճան սպայական անձնակազմը Երևանի փոխոստիկանապետին աշխատանքից ազատելու հարց է քննարկել: Վալերի Օսիպյանի եղբորորդու հետ կապված աղմկահարույց դեպքից հետո բարձրաստիճան սպայական անձնակազմը հարկ է համարել փոխոստիկանապետի մնալ-չմնալու հարցը քննարկել: Սակայն այս հարցն այժմ օրակարգից դուրս է:
Armlur.am-ը պարզեց, որ փոխոստիկանապետն ազդեցիկ հովանավոր ունի, ով ամեն հարցով աջակցում և սատարում է նրան, այդ թվում` ֆինանսապես: Հովանավորը Արմեն Գինոսյան անունով անձնավորություն է, ով մեծահարուստ ոստիկան է և ապրում է ՌԴ-ում:
Մեր հավաստի աղբյուրները փոխանցում են, որ թե’ աշխատանքը չկորցնելու, թե’ եղբորորդուն կալանքից ազատելու հարցում Վալերի Օսպիյանին օժանդակել է Արմեն Գինոսյանը:
Այս հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց Վալերի Օսիպյանի հետ:
-Պարոն Օսիպյա’ն, ի՞նչ կասեք տարածված լուրերի մասին, թե Ձեզ դրսից հովանավորում է շատ ազդեցիկ և մեծահարուստ անձնավորություն` Արմեն Գինոսյան անունով:
-Ուրիշ հարց տվե’ք էլի: Ի՞նչ եք հարցնում:
-Ճի՞շտ են այդ լուրերը, պարո’ն Օսիպյան:
-Իհարկե ոչ: Ինչպե՞ս կարող եք նման հարց տալ: Ուրիշ հարց չունե՞ք տալու:
-Ձեր ստացած աշխատավարձը բավականացնո՞ւմ է Ձեզ: Կոռուպցիոն միջոցների չե՞ք դիմում:
-Իհարկե’, բավականացնում է: Ես գոհ եմ իմ աշխատավարձից:
-Պարո’ն Օսիպյան, Ձեր եղբորորդու խափանման միջոցը փոխելու հարցում ինչ-որ ազդեցություն ունեցե՞լ եք: Գուցե, Ձեր «հովանավորն է» օգնել:
-Նա փաստաբան ունի, փաստաբանից հետաքրքրվեք` ինչ պետք է: Ուրիշ հարցեր ունե՞ք…
-Ո´չ, շնորհակալությո´ւն:
Զրուցեց Տաթև Հարությունյանը: