«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԳՈՐԾԸ` ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու եւ Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննությունը:
Ոստիկանությունը եւ դատական կարգադրիչները հատուկ էին նախապատրաստվել այս դատական նիստին. դատարանի մերձակա տարածքում եւ ներսում մեծ թվով ոստիկաններ, նաեւ հատուկջոկատայիններ կային: Ամբաստանյալներին ուղեկցող գումարտակի անդամների եւ դատական կարգադրիչների թիվը սովորականից մեծ էր: Դատարանի դիմաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներ էին, լրագրողներ, իսկ նիստերի դահլիճն այնքան լիքն էր մարդկանցով, որ դատական նիստն անցնում էր աղմկոտ մթնոլորտում:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար»-ի աշխատակիցները, որոնցից մեկը Ռ. Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին, ինչի հետեւանքով նրանցից երեքը` Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Վահե Ավետյանը տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ 12 օր անց Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել էր: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 հոգի: Ըստ մեղադրանքի` Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Ա. Բայադյանի եւ Գ. Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Ա. Աղաջանյանին եւ Է. Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Դատական նիստը սկսվեց պաշտպանական կողմի միջնորդությամբ. ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արթուր Դավթյանի դեմ` պատճառաբանելով, որ քննությունը թերի է կատարվել: Դատավոր Դավիթ Հարությունյանը անցավ խորհրդակցական սենյակ եւ մոտ մեկ ժամ անց մերժեց միջնորդությունը: Սակայն ընդմիջմանը դատարանի բակ դուրս եկած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները` փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը, չկարողացան լսել դատավորի հրապարակած որոշումը, քանի որ դատական կարգադրիչները եւ անվտանգությունը պահպանող իրավապահները նրանց թույլ չէին տվել մտնել դատարան: Ըստ տուժողների ներկայացուցիչների` խտրական վերաբերմունք է ցուցաբերվել դատավարությանը ներկա անձանց նկատմամբ. ոստիկաններին չեն զննել, իսկ իրենց ցանկանում են զննել: Փաստաբաններն այնքան մնացին բակում, մինչեւ դատարանը, տեղեկանալով նրանց բացակայության պատճառի մասին, որոշում կայացրեց առանց զննության ներս թողնել:
Այդ ընթացքում «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներն ու ԶԼՄ-ները դատարանի ներսում հարցախեղդ էին անում դատարանի` խտրականություն դրսեւորած պատասխանատուներից մեկին, որը չներկայացավ եւ գուցե շփոթմունքից ընդունելով խտրականության փաստը՝ ուղղակի «պլստաց» լրագրողների ձեռքից: Տուժող կողմի ներկայացուցիչների ներս մտնելուց հետո դատավորը ներկայացրեց գործով ներգրավված ամբաստանյալների պաշտպաններին. Մարինե Թովմասյանը Գարիկ Մարգարյանի («Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակից) պաշտպանն է, Սերգեյ Մկրտչյանը` ամբաստանյալ Դավիթ Ադամյանի (մատուցող), Արման Խաչատրյանը` Արթուր Բաբլոյանի (ռեստորանի վարորդ-առաքիչ), Հովհաննես Հարությունյանը` Արման Բաղդասարյանի (ռեստորանի անվտանգության աշխատակից), Երեմ Սարգսյանը՝ Նորայր Հայրապետյանի (անվտանգության աշխատակից), իսկ ամբաստանյալ Արման Խաչատրյանը (անվտանգության աշխատակից) պաշտպան չուներ: Դատավորի հարցին, թե ինչու պաշտպան չունի, նա պատասխանեց, որ չի ուզում: Դատարանը նրան բացատրեց իր իրավունքները եւ նշելով, որ մյուս ամբաստանյալների գործողություններում էական հակասություններ կան, դիմեց ամբաստանյալին` պաշտպան ունենալու համաձայնություն ստանալու համար: Ամբաստանյալն էլ ասաց, որ այդ հարցով կդիմի հարազատներին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս