ԱԱԾ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸ՝ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ գաղտնալսումների գործը, որը դեռ երկու տարի առաջ, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, կապվում էր Սերժ Սարգսյանի եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի թիկունքում «պատվերով կատարված» «դավադրության» հետ, իսկ «կատարողների» շարքում շրջանառվում էր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) անունը, հետ է գնացել առաջին ատյան՝ նոր քննության:       
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ, 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանին (Տերմո) հունվարի 20-ին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման` գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1 մլն 206 հազ. 30 ՀՀ դրամ գումարից: Դատարանը հիմնավորված էր համարել մեղադրանքը. այն, որ Ա. Տեր-Մինասյանը, ի պաշտոնե հսկողություն իրականացնելով հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ, 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վիգեն Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռոբերտ Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ (ինչը քրեորեն պատժելի է):
Ռոբերտ Լաիշյանի կողմից ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Արմեն Տեր-Մինասյանը եւ Վիգենը նրանից պահանջել են նախ` 5000, ապա` 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Ըստ գործի նյութերի`  2010թ. ապրիլի 6-ին Երեւանի Նալբանդյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում Ա. Տեր-Մինասյանը հանդիպել է Ռ. Լաիշյանին եւ ԱԱԾ վարչական շենքի թիվ 2 մուտքի մոտ նրանից անձամբ ստացել 1 մլն 206 հազ. 30 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Մինչ հանդիպման վայր գնալը Լաիշյանն ապրիլի 6-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն` Ա. Տեր-Մինասյանի եւ Վ. Չիլինգարյանի կողմից իրենից 3000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մասին: Ռ. Լաիշյանը Ա. Տեր-Մինասյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս է տվել ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից հատուկ քիմիական փոշով մշակված 30 հատ 100-դոլարանոց թղթադրամները:
Դատավճռից հետո ԱԱԾ աշխատակից Տեր-Մինասյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Նա պահանջում էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ կարճել գործի վարույթն ամբողջությամբ: Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Սերժիկ Ավետիսյանի, մասնակի էր բավարարել պաշտպանի բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության: Վերաքննիչի այս որոշումից էլ դժգոհ էր մնացել մեղադրող Կորյուն Փիլոյանը, որը վճռաբեկ բողոք էր բերել վերաքննիչի որոշման դեմ: Վճռաբեկը` նախագահությամբ (ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ) Դավիթ Ավետիսյանի, հետ էր ուղարկել դատախազի բողոքը:  
 Վերջերս Սերժ Սարգսյանը դատավորների հետ հանդիպման ժամանակ խոսեց կարգապահական պատասխանատվությունը խստացնելու մասին` նշելով.  «…Մենք նույնպես քաջ գիտակցում ենք այդ անկախության արժեքը, սակայն պետք է հասկանանք նաեւ, որ բացարձակ անկախություն լինել չի կարող, հակառակ պարագայում մենք մեր ձեռքով ուղղակի կստեղծենք անպատժելիության մթնոլորտ»: Այդ ընթացքում «Հարսնաքար»-ում ծեծված եւ մահացած զինվորական բժիշկ Վ. Ավետյանի գործը հանձնվեց Կրակեմ Հրաչի` Հրաչյա Հարությունյանի որդուն` դատավոր Դավիթ Հարությունյանին: Այս գործերն ու հանգամանքներն արդյոք կարող են նախագահական ընտրություններից առաջ Հարությունյաններին զսպող միջոց լինել` ցույց կտա ժամանակը:   

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս