ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՎ ԻՐ ՆԱԽԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը ժամանակակից չինովնիկներին հատուկ կամայականությամբ արդեն տեւական ժամանակ  է՝ հրաժարվում է որպես սեփականություն գրանցել 71-ամյա ժորա Ղազարյանի կողմից օրինական գնված հողատարածքը՝ ստիպելով վերջինիս բացել տնամերձերին հարակից երկու ճանապարհները, որոնք նախատեսված են եղել հողաբաշխման ժամանակ: «Էդ մարդը ինձ հետ ինչ թշնամություն ունի՝ չգիտեմ»,-ասում էր Վարդենիսից «Ժողովուրդ»-ի խմբագրություն բողոքի եկած բնակիչը:
«Սեփականաշնորհման ժամանակ ինձ եւ իմ հարազատներին բաժին ընկան «աչիսնոյ» տարածքի հողամասերը, այն սեփականաշնորհվող տարածքների ծայրամասն էր: Հողակտորի վրա կար երկու ճանապարհ, որով վարդենիսցիները գնում են դեպի իրենց տնամերձերը, անասուններին տանում են արոտի: Երբ ես նկատեցի, որ անցնող-դարձողը, գեղի նախիրը վնասում են իմ բերքը, ցանկապատեցի իմ տարածքը, էդ դուր չեկավ Խլոյին»,-պատմեց Ժորա Ղազարյանը:
Այնուհետեւ տեղեկացրեց, որ իրենց հողամասերին կից  «մի անտեր» հողակտոր կա, որը Խլոյանը ժամանակին տվել էր իր բարեկամ Ռաֆիկ Նաջարյանին. այն դարձել էր նախիրի գիշերային արոտավայր: Տեսնելով, որ արոտավայր համարվող հողամասի առկայությունը վնասում է իր տնտեսությանը, Ղազարյանը գնում է այն 300 դոլարով: Նա հողակատորը օրինականացնելու՝ վարձակալության հիմունքներով իրեն տրամադրելու համար դիմում է քաղաքապետարան, սակայն քաղաքապետ Խլոյանն անհասկանալի պատճառով մերժում է:
Երբ հաջորդող ՏԻՄ ընտրություններում Խլոյանն իր տեղը զիջում է մրցակից Վարդան Բարսեղյանին, Ղազարյանն այս անգամ էլ նույն խնդրանքով դիմում է նորընտիր քաղաքապետին: Վերջինս բավարարում է քաղաքացու դիմումն ու «Սեւ հողեր» թաղամասի հյուսիսային կողմում՝ կեղտաջրերի մաքրման կայանի հարեւանությամբ գտնվող 1,1 հա վարելահողը վարձակալությամբ տալիս է Ղազարյանին: 2006թ. սկսած՝ վերջինս մշակում է իր հողը, հացահատիկ ցանում:  
Հետագայում, նորից իշխանության գալով, Խլոյանը չի մոռանում այդ հողատարածքի մասին ու ամեն պատեհ առիթով փորձում է Ղազարյանից խլել այն: Արդյունքի չհասնելով՝ քաղաքապետն իր զայրույթը մեղմում է իրեն պատկանող նախիրն այդ տարածքում արածեցնելով, հացահատիկի դաշտերն անասունի ոտքի տակ տալով: Քաղաքացին չի զրպարտում Խլոյանին, քանի որ վերջինս այս փաստն անուղղակի կերպով հաստատում է Ղազարյանին հասցեագրված 2011թ. նոյեմբերի 2-ի գրությամբ, որտեղ պարզորոշ նշված է. «Ճանապարհը բացելու, հետիոտնի եւ անասունների ազատ տեղաշարժն ապահովելու դեպքում վարձակալված տարածքների արածեցումը կկանխվի»: Այսինքն՝ Խլոյանը, գործարքի հրավիրելով քաղաքացուն, պայման է դնում, որ իր պահանջը կատարելու դեպքում այն կփոխհատուցվի՝ սեփական անասուններին դաշտում չարածեցնելու միջոցով:
«Ծիծաղելի է, ես անասուն չունեմ, անգամ հավ, թռչուն, չունեմ: Ունեմ 4 աղջիկ, 1 կին,  3 փեսա եւ 4  թոռ:  Իսկ ինչ վերաբերում է այդ գրությանը, ասեմ, որ իմ ժողովրդի անասունը ես համարում եմ իմ անասունը: Իմ ժողովրդի ցավն իմ ցավն է»,-ի պատասխան մեր հարցման՝ պաթետիկ ոճով ասաց քարոզարշավից հենց նոր վերադարձած Խլոյանը: Մինչդեռ նրա ցուցաբերած «սրտացավությանը» Ժորա Ղազարյանն այսպես է արձագանքում. «Արդեն  երեք տարի է՝ ինձ տարեկան 700-800 հազար դրամի վնաս ա կուտա, բա էտի մա՞րդ ա: Անասուններին տանա լցա դաշտ, հա՛մ ցորենի դաշտ ավիրին, հա՛մ խոտհարքներս… Պարզապես ներքին պայմանավորվածությամբ իմ հողատարածքին հարակից՝ բարեկամներիս հողամասերն էլ եմ ես մշակում: Նրանց վարձի փոխարեն կուտամ յուղ, պանիր, հացահատիկ: Բայց դե, էդ անօրենը չթողա բերքս կարգին հավաքեմ»:
Նա «անօրեն բորենուն» սաստելու ու իր խնդրին լուծում տալու համար բազմաթիվ անգամ դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, Վարդենիսի ոստիկանությանը՝ հույսով, որ նրանք կկարողանան կարգի հրավիրել «Խլոյ Վալոդին», վարչական պատասխանատվության կենթարկեն նրան՝ իրեն վնաս հասցնելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու համար, կստիպեն օրենքով շարժվել եւ օրինական գրանցել վերոնշյալ տարածքը, որի համար քաղաքացին կանոնավոր կերպով վճարում է հողի հարկ:
Քաղաքապետն էլ իր հերթին ասում է. «Կազմվել է հանձնաժողով, ուսումնասիրվել են հանգամանքները, եւ պարզվել է, որ Ղազարյանն ապօրինաբար զավթել է հողակտորներ տանող երկու ճանապարհները, վարել եւ իր համար դարձրել հերկ: Ոստիկանությանը, դատախազությանը տեղեկացրել եմ: Ի՞նչ եք կարծում,  եթե ես անօրինակ գործ արած լինեի, ինձ չէի՞ն պատժի: Քաղաքապետարանը պահանջում է բացել այդ  ճամփեքը… ու վե՜րջ»:
Դե իհարկե, Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավար դառնալուց հետո Խլոյանն իրեն քաղաքի տեր ու տիրական է պատկերացնում. «Պիտի բացենք ու վերջ»: Բայց ինչպես վարդենիսցիներն են ասում. «Դարին գլխիվայր կա»: Շատ շուտով Խլոյի ոտքերը երկնքից կիջնեն իր կարկատած ասֆալտի վրա՝ պարգեւելով իրականության զգացողություն:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս