ՄԻ ՈՏՔՆ ԱՅՍՏԵՂ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԱՅՆՏԵՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԻ ներկայացումներում հաճախ են վեր հանվում արդիական թեմաներ: Հայ ժողովրդի համար կարեւոր մի հարց է արծարծվում նաեւ «Օպերացիա Նեմեսիս» բեմադրության մեջ: Ինչի՞ մասին է այն, ու ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվում. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմում է հենց ինքը՝ բեմադրիչը:
-Ներկայացումը ոչ թե Ցեղասպանության կամ Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին է, ինչպես շատերին է թվացել, այլ հենց «Օպերացիա Նեմեսիս»-ի իրագործման ու առաքելության: Նեմեսիսը հին դիցաբանության մեջ վրեժի աստվածուհին է եղել, եւ օպերացիան էլ նրա անվամբ են կոչել, քանի որ բուն նպատակը եղել է վերացնել երիտթուրքերի կառավարության այն բոլոր անդամներին, որոնք ստորագրել են հայոց ջարդի որոշման տակ: Ներկայացումը վերջանում է շատ կարեւոր նախադասությամբ, որ ես վերցրել եմ ֆրանսիացի պատմաբան Ժակ դե Ղոշեի «Օպերացիա Նեմեսիս» գրքից: Նա այն հազվադեպ ֆրանսիացիներից է, որը մի ամբողջ աշխատություն է գրել Ցեղասպանության մասին: Այնտեղ ասվում է, որ «Օպերացիա Նեմեսիս»-ի իրագործման ժամանակ ոչ մի պատահական մարդ՝ երեխա, կին, անցորդ, չի տուժել:
Հանդիսատեսը, անշուշտ, հուզվում է ներկայացման ընթացքում, չէ՞ որ խոսվում է ջարդի մասին, այն կորուստների, որ ունեցել ենք, բայց նաեւ ասվում է, որ ժամանակն է այլ բաներ էլ տեսնել եւ ուրախանալ, ինչպես, օրինակ, արցախյան պատերազմի փայլուն հաղթանակը:
-Ի՞նչ եք կարծում, ներկայացումը երկար կյանք կունենա՞, վերջիվերջո, քիչ դերասաններ չեն զբաղված, ու, կարծեմ, հատուկ հովանավոր էլ չունի:
-Եթե լիներ պետական ներկայացում, անկասկած երկար կապրեր: Դե, գիտեք, պետական թատրոնները կարող են նաեւ ներկայացումը խաղալ այն դեպքում, երբ դահլիճի կեսն է լցված: Իսկ սա կոմերցիոն ներկայացում է, զբաղված են շատ դերասաններ, պետք է կարողանամ նրանց վճարել: Ինքս այս տեսակ ներկայացումը խաղացանկից չէի հանի, կթողնեի, որ տարիներով գնար, որովհետեւ այն իր մեջ նաեւ դաստիարակչական բնույթ ունի: Բայց եթե տեսնեմ, որ անընդհատ վնասով եմ դուրս գալիս, ինչը, փառք Աստծո, մինչեւ հիմա չի եղել, ստիպված կլինեմ կանգնեցնել ներկայացումը: Ինչպես բոլոր կոմերցիոն ներկայացումների դեպքում, այս պարագայում էլ, քանի դեռ հանդիսատեսը կշարունակի գալ, ես այն չեմ հանի:
Չնայած չեմ սիրում, երբ ասում են` ներկայացումը կոմերցիոն բնույթի է. վերջիվերջո, դա կոմերցիայի հետ կապ չունի: Ես այդ «կոմերցիոն» խոսքից մի քիչ խուսափում եմ, դրա մեջ մի տեսակ ժխտական բան են դնում, բացասական երանգ տալիս, ինչին ես համաձայն չեմ: Ի՞նչ է, եթե մի բան լավ է վաճառվում, հո անպայմա՞ն չէ, որ վատը լինի:
-Պարո՛ն Դուրյան, ինչքան էլ որ Ձեզ դուր չգա կոմերցիոն ներկայացման բնութագիրը, այնուամենայնիվ, հենց  այդպիսի ներկայացումներն են դահլիճ լցնում:
-Այո՛, ու գիտե՞ք՝ ինչու, ես կարող եմ Ձեզ ասել: Արմեն Ջիգարխանյանը մի խոսք է ասում. «Մենք՝ հայերս, խազեին սիրող ազգ ենք»: Շատ ճիշտ է ասում, ներկայացումն էլ պետք է տեր ունենա: Ես իմ ներկայացման ամեն մեխի մասին մտածում ու խորհում եմ, խնայողություն եմ անում, այստեղից պակասեցնում եմ, որ այնտեղ ավելացնեմ: Իսկ այն մյուս ներկայացումներն ի՞նչ խնդիր ունեն:   
Դերասանները (խեղճերը) 30-40 հազարով ամսական ներկայացում են խաղում, դրա համար էլ ի՞նչ պետք ունեն՝ դահլիճը լիքն է, թե ոչ: Մի համեմատություն անեմ՝ ոնց որ պետական հանրախանութն ու սեփական խանութը. ա՛յ, իմը սեփական խանութ է:
-Դերասանների ցածր աշխատավարձի մասին գիտենք: Իսկ Ձեր ներկայացման մեջ զբաղված դերասաններն աշխատավա՞րձ են ստանում, թե՞…
-Ես չէի ցանկանա այդ թեմայի մասին խոսել, իրենք ամեն իրենց ելույթի համար են վարձատրվում: Դրա համար էլ չորս կտոր ենք լինում, որ ներկայացումը լավը լինի:
-«Դուրս չե՞ք հանում» Ձեր այս ներկայացումը:
-Պիտի փորձենք, բայց նորից գալիս ենք նույն խոսակցությանը, զզվելի ու գարշելի հարցերին` դրամ, բյուջե, ֆինանս, փող եւ այլն, եւ այլն: Սա է խնդիրը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան կարժենա այսպիսի ներկայացումը, ասենք, որեւէ մարզի կորած-մոլորած թատրոն տանելու համար: Մենք կարող ենք մեկ-երկու անգամ նվեր անել, բայց չեմ կարող տասնմեկ հոգու փոխարեն պատասխանել:
-Ես նկատի չունեի միայն Հայաստանի մարզեր, այլեւ՝ արտերկիր:
-Հիմա նման խոսակցություններ կան, հնարավոր է՝ «Օպերացիա Նեմեսիս»-ը տանեմ:
-Ձեր գործունեության մեծ մասը Հայաստանում եք ծավալում, ցանկություն չի՞ լինում վերադառնալ Ֆրանսիա:
-Ճիշտն ասած, ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ մի ոտքս այստեղ է, մյուսը` Ֆրանսիայում: Չեմ կարող ասել, որ ցանկություն ունեմ գալ այստեղ կամ գնալ այնտեղ: Կյանքս էնպես է դասավորվել, որ Փարիզն իմ հայրն է, Երեւանը՝ իմ մայրը: Ինձ կաթ տվող, մեծացնողը եղել է այս քաղաքը, իսկ  մարդ դարձնողը՝ այն քաղաքը: Ստացվում է՝ հայրս ու մայրս բաժան են ապրում: Դե ի՞նչ անենք, ես էլ մեջտեղներն ապրում եմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս