ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ռուսաստանի Դաշնությունում ունեի կոշիկի արտադրամաս, սակայն որոշ հանգամանքների բերումով ստիպված էի այն փակել: Հիմա ուզում եմ պատրաստի ապրանքը տեղափոխել Հայաստան: Օդային տրանսպորտով որպես ուղեկցող բեռ կարո՞ղ եմ ներմուծել այդ կոշիկները: Ի՞նչ գներ են դրա դիմաց սահմանված:

Հովհաննես Խաչատրյան (52 տարեկան, գործարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 29.03.2001թ. «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» թիվ 251 որոշման՝ օդային տրանսպորտով կոշկեղենի տեղափոխման համար բնաիրային չափեր սահմանված չեն: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթով, համաձայն որի՝ ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված չէ զրո տոկոս, եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում հիսուն կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ հարյուր հիսուն հազար դրամը:

ՀՀ մաքսային ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Մեր ընթերցողի հարցը բավական հստակ է ու որոշակի: Ցավոք, ՀՀ մաքսային ծառայության պատասխանն այդպես էլ որոշակի չի դարձնում, թե, ի վերջո, Հովհաննես Խաչատրյանն իրավունք ունի այդ կոշիկները Հայաստան տեղափոխել, թե ոչ: Միգուցե բիզնեսը կորցրած գործարարը պետք է տեղում մնացած ապրանքի չափը ե՞ւս նշեր, որպեսզի ավելի պարզ դառնային իր հետագա անելիքները:




Լրահոս