“Հարսնաքարի” դեպքի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Երեկ “Հայկական ժամանակ”-ին հայտնի է դարձել, որ հենց դեպքի օրը՝ հունիսի 17-ին գործով այժմ ամբաստանյալներ Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը ժամը 22:21-ին, 22:33-ին, 22:34-ին, 22:36-ին, ինչպես նաև ժամը 23:30-ին, 00:21-ին, 00:25-ին և 00:47-ին զանգահարել են Աշոտ Սնջոյան անուն-ազգանունով ինչ-որ մեկի: Ըստ քրեական գործի նյութերի՝ ռազմաբժիշկները ծեծի են ենարկվել ժամը 22:25-ից մինչև 22:40-ի սահմանները: Իսկ գիտե՞ք, թե ով է Աշոտ Սնջոյանը: Նա Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի պետն է, որը դեպքից հետո անցել է ընդհատակ:
“ՀԺ”-ն ևս մեկ անգամ ընդգծում է՝ ստացվում է, որ Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը Սնջոյանին զանգահարել են ոազմաբժիշկներին ծեծի ենթարկելուց առաջ, ծեծի ընթացքում և ծեծից հետո: Միայն հիշեցնենք, որ Սնջոյանը, որը ավելի շատ հայտնի է եզդի Աշոտ մականվամբ, “Հարսնաքարում” տեղի ունեցած անցած տարվա դեպքերի “հերոսն” է: Թերթը բազմիցս անդրադարձել է այդ դեպքին և հայտնել, որ անցած տարվա օգոստոսի 15-ին “Հարսնաքար” ռեստորանային համալիրում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մի հարսանեկան արարողության երկու մասնակից՝ 33-ամյա Նորայր Աթոյանը և 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը, ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ էին ստացել, տեղափոխվել հիվանդանոց, բարդ վիրահատության ենթարկվել, և մինչ օրս նրանք լիովին չեն ապաքինվել: