Ո՞վ է ստում` նախկին ԲՀԿ-ականնե՞րը, թե՞ ՕԵԿ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե նախկին ԲՀԿ-ականները դիմում են իրենց` ՕԵԿ-ին անդամակցելու համար: Armlur.am-ը փորձեց ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից ճշտել` դիմել են ՕԵԿ-ին կամ նման մտադրություն ունեն, թե` ոչ:

Մեզ հետ զրույցում նախկին ԲՀԿ-ական Ղարագյոզյան Հարությունը (Կարամելի Հարութ) զարմացավ` նշելով. «Ճիշտն ասած, ես Ձեզանից եմ լսում նման բան: Ես իմ անունից կարող եմ ասել, որ նման բան չկա: Իսկ թե ինչու են նման տեղեկություն շրջանառում, չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել»,- ասաց Հ. Ղարագյոզյանը և ևս մեկ անգամ հաստատեց, որ նպատակ չունի ՕԵԿ մտնելու:

Նախկին ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի` Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) օգնականը մեզ փոխանցեց, որ նման բան չի կարող լինել: «Ինքն անկախ պատգամավոր է, անկախ էլ մնալու է մինչև վերջ: Ինքը ո´չ ՕԵԿ-ի, ո´չ ԲՀԿ-ի հետ ոչ մի կապ չունի»,- ասաց օգնականը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը կարծում է, որ այդքան լուրջ դրան վերաբերվել չարժի: «Ես կարծում եմ` նման բանին ընդհանրապես անդրադարձի կարիք չկա: Ես իմ նախկին գործընկերների մեծ մասի հետ զրուցել եմ: Նման բանը ֆանտաստիկայի ժանրից է: Եկե´ք ընդհանրապես չմեկնաբանենք դա»,- ասաց Բաբայանը: Վերջինիս խոսքով` եթե նույնիսկ մեկ մարդ դիմած լիներ, ապա անունն անպայման կհրապարկեր ՕԵԿ-ը:

Իսկ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, կուսակցության նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ցանկություն չհայտնեց իր տեսակետը հայտնել: «Ես ոչ կոմպետենտ եմ և, անկեղծ ասած, ցանկություն չունեմ խոսել այլ կուսակցությունների գործողությունների դրդապատճառների մասին»,- ասաց նա:

Վերջինս հավելեց` ինքը զբաղված է իր նոր քաղաքական միավորի ձևավորմամբ և համագումարի կազմակերպմամբ. «Այլոց մասին խոսակցություններն ինձ համար չեն»:

Հիեցնենք, որ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ պատգմավոր Մհեր Շահգելդյանը հայտարարել էր, որ թե´ նախկին ԲՀԿ-ականները, թե´ անկուսակցական անձինք դիմել են իրենց` կուսակցությանն անդամագրվելու համար: Պատգամավորը խոստացել է իրենց դիմած նախկին ԲՀԿ-ականների անուններն ու այս գործընթացի մասին այլ մանրամասներ ներկայացնել առաջիկայում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս