“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` “Շանթ” հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում: Նրանց թվում են հեռուստաընկերությունում աշխատող հավաքարարները, տեխնիկական անձնակազմը՝ մոնտաժողները, հեռուստասերիալներ նկարահանող խմբի անդամները:
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է, ինչ զանգահարում են հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչն է աշխատավարձի ուշացման պատճառը, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում:
Թերթը փորձել է “Շանթ” հ/ը հասարակայնության և տեղեկատվության բաժնից պարզել, թե ինչու են ուշացնում աշխատավարձերը, սակայն մի քանի օր շարունակ անգամ թերթի գրավոր հարցումները պատշաճ պատասխանի չեն արժանացել: Թերթը հավելում է, որ “Շանթ”-ում նման իրավիճակները հաճախ են կրկնվում: