ՀՀ ԱԺ հաջորդ քառօրյայում պիտի քննարկվի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: Սա մի փաստաթուղթ է, որում բերված թվերն ու փաստերն ապացուցում են Հայաստանի կառավարման ոլորտում առկա անմխիթար վիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է՝ Հայաստանը հնարավորություն ունի Թուրքմենստանից Իրանի տարածքով բնական գազ ներմուծել: Իսկ լրացուցիչ ներդրման դեպքում Հայաստանը կարող է իր տարածքով ապահովել տարեկան 70 մլրդ. խ/մ իրանական եւ թուրքմենական գազի փոխադրում երրորդ երկիր: Ավելին՝ գազի տարանցման համար մատակարարը պարտավոր է վճարել փոխադրված գազի 5 տոկոսի չափով: Ի դեպ, 70 մլրդ խ/մ գազի 5 տոկոսը կազմում է 3 մլրդ 500 մլն խ/մ: Տեղեկացնենք, որ նախորդ տարի Հայաստանը սպառել է 2 մլրդ 450 մլն խ/մ գազ: Այսինքն՝ մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ: Եւ հիմա ո՞վ է մեղավոր, որ մինչ օրս այս ուղղությամբ ոչ միայն որեւէ քայլ չի արվել, այլեւ ընդհակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի շարունակենք ՌԴ-ից գազ գնել այդքան թանկ գնով:
Հավելենք, որ այս տարիներին Հայաստանի ներսում գազի բաշխման ծառայությունը 400 տոկոսով թանկացել է՝ 47,1 դոլարից դարձել է 185,5: Տպավորություն է, թե ոսկեջրած խողովակներով են գազ մատակարարում: Մինչդեռ ակնհայտ է, որ գազի սակագինը սահմանող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործում է ի վնաս ՀՀ բնակչության, քանի որ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 1 խմ գազի սակագնի հաշվարկի մեջ անգամ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների սենյակների ծաղիկների արժեքն են «մտցրել»: Մնում է պարզել, թե այս տարիներին ՀՀ բնակչությունից թալանված գումարներից որքանն է բաժին հասել այդ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ նրա հանձնաժողովականներին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում կատարված ստուգումների արդյունքում կազմված 60 մլն դրամ տուգանքի ակտը դատական կարգով բողոքարկել է: Աշոտ Աղաբաբյանը չբացառեց նաեւ, որ այս խնդրի հետ կապված առաջիկայում կփորձի հանդիպել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան ներկայացնի այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է: Աշոտ Աղաբաբյանը ժխտեց այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը կուսակիցներից վիրավորված է, դրա համար էլ բոյկոտել է խորհրդարանի աշխատանքները: Ըստ նրա՝ քառօրյայի օրերին ինքը հիվանդ է եղել: «Բուլետենի մեջ եմ եղել ու արդեն Ազգային ժողով ուղարկել եմ, թե ինչի համար եմ բացակայել նիստերից»,- ասաց պատգամավորը: Մնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ Աշոտ Աղաբաբյանի հարազատ քրոջ ամուսինը, այդ «բուլետենը» համարի հարգելի եւ նրան չզրկի պատգամավորական մանդատից:
Մարտի 30-ին նախատեսված է ՀՀ արդարադատության խորհուրդի նիստը, որի ընթացքում դռնփակ պետք է քննարկվի նաեւ դատավորներից մեկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդարադատության խորհուրդը քննելու է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը: Դատական համակարգի պատասխանատուները, սակայն, այս պատմությունը փորձում են գաղտնի պահել, քանի որ դատավարական սխալ թույլ տալու այս պատմության արդյունքում այլ` համակարգային խնդիրներ կարող են ջրի երես դուրս գալ: Մասնավորապես, նույն դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Ելենա Քոչարյանի վարույթում 2 հազար գործ կա, տարեկան նա շուրջ 9 հարյուր գործ է քննում: Իսկ նման ծանրաբեռնվածության պայմաններում «որակի» մասին խոսելն անիմաստ է: Նկատեցի՞ք՝ այս դեպքում «որակը» արդարադատություն է, որի բացակայությունն անգամ դատավորներն են արձանագրում:
Երեկ «Ժողովուրդ»-ը էլեկտրոնային նամակ տացավ, որի հեղինակը (հասկանալի պատճառներով անունը չենք նշում) հայտնում է, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, իրեն 3 միլիոն 400 հազար դրամ է պարտք, բայց նրան ոչ մի կերպ չեն կարողանում «գտնել»: Ըստ նամակի հեղինակի՝ Նազարյաններին պատկանող ընկերությունների գրասենյակները բոլորը փակ են, հեռախոսներն էլ՝ անջատված: Երեկ «Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել Արմեն Նազարյանի հետ` պարզելու համար, թե ինչու պարտատերերը չեն կարողանում իր հետ կապ հաստատել, որ ստիպված լրատվամիջոցների աջակցությանն են դիմում: «Ես հենց հիմա գրասենյակում նստած եմ ու վերջին մատակարարին նոր եմ ճանապարհել: Այսօր 20 մատակարարի հետ եմ հանդիպել: Նույն գրասենյակում նստած եմ, ով ուզում է ինձ տեսնել, հերթագրվում են, հանդիպում ենք ու զրուցում ենք: Մեր գրասենյակը Մերգելյան փողոցի վրա է, ու ես փորձում եմ բոլոր հարցերը հարթել»,- վստահեցրեց Արմեն Նազարյանը:
ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Աստանայում ԵՏՄ անդամ երեք երկրների ղեկավարների հանդիպմանը Սերժ Սարգսյանի բացակայությունը, որքան էլ ցավալի է, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի քաղաքական եւ մեդիա դաշտում անցավ բացարձակ աննկատ: Եվ դա, թերեւս, բնական է ոչ միայն Հայաստանի ունեցած կշռի ու նշանակության, այլեւ այդ երկրներից առնվազն երկուսի` Բելառուսի եւ Ղազախստանի մեր նկատմամբ ունեցած անթաքույց թշնամական վերաբերմունքի պատճառով: Սակայն թե ինչու Հայաստանի արհամարհման այս անթաքույց ժեստը պատշաճ արձագանքի չարժանացավ Հայաստանի ներսում, այ, դա խիստ մտահոգիչ է: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի` Աստանայի հանդիպմանը չհրավիրվելու կապակցությամբ մինչ օրս որեւէ իշխանական կամ գոնե իշխանամերձ գործիչ հանդես չի եկել քննադատությամբ: Ընդհակառակը, նրանք բոլորը միաձայն կրկնում էին, թե դա նորմալ է, թե քննարկվել են հարցեր, որոնք մեզ չեն առնչվում, թե դա ինչ-որ տեղ գուցե մեզ ձեռնտու է եւ այլ անհեթեթ արդարացումներ:
Հիշեցնենք, որ ժամանակին ճիշտ նույն ստրկամտությամբ հայրենի իշխանականները փորձում էին արդարացնել Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու քայլը: Մինչդեռ հիմա արդեն նույն ՀՀԿ-ի ղեկավարը, ՊՆ եւ ԱԳ նախարարներն արդեն անթաքույց բողոքում են ռուսների այդ պահվածքից, բայց ինչպես ասում են` արդեն ուշ է, վաճառված զենքը էլ հետ չեն տանելու, եւ այն վաղ թե ուշ կրակելու է մեր դիրքապահ զինվորների վրա, որոնց հոգեվիճակով, ինչպես վերջերս պարզվեց, այդքան մտահոգված է Սերժ Սարգսյանը: Մինչդեռ, եթե ի սկզբանե` մինչ 4 միլիարդի զենքի վաճառքի պայմանագիրը կնքելը, Հայաստանի իշխանությունները մեր ռազմավարական դաշնակցին հստակ ասեին` եղբա՛յր, սա արդեն անթույլատրելի եւ անընդունելի է մեզ համար, միգուցե եւ Ռուսաստանը հրաժարվեր այդ պայմանագրից` կանգնելով ընտրության առաջ:
Հիմա նույնը արվում է ԵՏՄ-ի հետ կապված: Փոխանակ ի սկզբանե հստակ եւ հնարավորինս կոշտ ի ցույց դնելու, որ նման վերաբերմունքը մեզ համար անընդունելի է, ՀՀ իշխանական վերնախավը ջայլամային վարքագիծ է դրսեւորում: Լավ, եթե Ս. Սարգսյանի, Է. Նալբանդյանի կամ Հ. Աբրահամյանի կողմից դժգոհության դրսեւորումը նպատակահարմար չէր, միթե չէր կարող այդ մասին իր մտքի գոհարներից մի քանիսը զեղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, կամ ծայրահեղ դեպքում` թեկուզ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Դա տեղի չունեցավ, եւ արդեն հայտնի է, որ մայիսի 6-ին ԵՏՄ եռյակը կրկին հանդիպելու է, եւ, ըստ ամենայնի, կրկին՝ առանց Սերժ Սարգսյանի: Ասել է թե` դա դառնում է «գեշ խասյաթ», որին ի սզբանե չհակազդելու դեպքում մենք առաջիկայում հայտնվելու ենք օֆթսայդ-ում:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե միգուցե դա ձեռնտու է Սերժ Սարգսյանին, ով այս դեպքում ավելի հեշտորեն կկարողանա վերակողմնորոշվել դեպի Եվրամիություն, ապա դրանք միանգամայն հիմնազուրկ են, քանզի արհամարհվածներին չեն սիրում ոչ մի տեղ, անգամ` Եվրոպայում: