ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ԱԺ վերջին քառօրյային այդպես էլ չմասնակցեց: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջին ժամանակներս Ա. Աղաբաբյանի եւ ՀՀԿ խմբակցության անդամների հարաբերությունները լարվել են: Բանն այն է, որ պատգամավորը սրտնեղել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը վերջերս ստուգումներ է իրականացրել իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում 60 մլն դրամի տուգանք սահմանել, իսկ այդ ընթացքում իր թիմակիցներից որեւէ մեկը քայլ չի արել իրեն պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Աշոտ Աղաբաբյանի միջեւ «պայքար» էր սկսվել, քանի որ «Հրազդան» տոնավաճառի բարձր վարձավճարներից դժգոհող առեւտրականներին Ծառուկյանն առաջարկել էր առանց վճարի տաղավարներ Աբովյան քաղաքում: Առեւտրականները որոշել էին հրաժարվել Ա. Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում աշխատելուց եւ տեղափոխվել էին Աբովյան քաղաք: Նշենք, որ մինչ օրս Աբովյանում Գ. Ծառուկյանի «հսկողությամբ» ընթանում են տոնավաճառի շինարարական աշխատանքները:
Երեկ «ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչի՞ց է վիրավորված, որ որոշել է խորհրդարանի աշխատանքներին չմասնակցել:
-Պարո՛ն Աղաբաբյան, ինչո՞ւ այս շաբաթ չմասնակցեցիք խորհրդարանական քառօրյային, բոյկոտեցիք, ինչ-որ խնդիրներ ունե՞ք Ձեր հարազատ խմբակցության հետ:
-Նման բան չկա, ի՞նչ բոյկոտի մասին է խոսքը, հիվանդ եմ եղել: Ես որեւէ մեկից նեղացած չեմ, ընդամենը հիվանդ եմ եղել, առողջական խնդիրներ եմ ունեցել, ինչի համար խորհրդարանական աշխատանքներին չեմ մասնակցել: Հիմա նոր եմ մի քիչ լավացել, գրիպոզ վիճակ է մոտս: Մի քիչ լավացել եմ, անգամ չգիտեմ՝ կկարողանամ վաղը (այսօր Ս.Գ.) գնալ Եռաբլուր, թե չէ: Բուլետենի մեջ եմ եղել ու արդեն Ազգային ժողով ուղարկել եմ, թե ինչի համար եմ բացակայել նիստերից:
-Օրերս ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Ձեզ պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում 60 մլն դրամի չափով տուգանք է սահմանել: Նշվում է, որ այս օրերին Դուք հանդիպումներ եք ունենում տարբեր պաշտոնյաների հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են նման կերպ վարվել Ձեզ հետ: Ի վերջո, ինչ-որ արդյունք տվե՞լ են այդ հանդիպումները, թե Դուք պետք է այդ գումարը վճարեք:
-Ես բազմիցս արդեն այդ մասին հայտարարել եմ, տուգանքի հետ կապված մենք արդեն դիմել ենք դատարան: Իրենց թվում է, թե մենք սխալ ենք, իսկ մեզ էլ թվում է, որ մենք ճիշտ ենք, դրա համար էլ մենք դիմել ենք դատարան, թող դատարանը որոշի, թե իրականում ինչ է կատարվել, եւ ով է ճիշտը: Ես կարծում եմ, որ այս հարցը կարելի է լուծել իրավական ոլորտում, ես միշտ էլ իրավական ոլորտում եմ փորձում հարցը տեսնել, իմ գլխի ոչինչ չեմ անում: Ճիշտ տարբերակը սա է, թող դատարանը որոշում կայացնի: Թող ամեն ինչ լինի օրենքի սահմաններում: Մենք ունենք փաստաբան, ու բոլոր հարցերին կտրվի պատասխան: Պետք է սպասել:
-Ամեն դեպքում, Դուք նեղսրտա՞ծ եք Ձեր խմբակցությունից, նշվում է, որ նեղված եք այն իրավիճակից, որն այս օրերին ստեղծվել է Ձեր շուրջ:
-Իսկ եթե նեղվեմ, բա՞ն է փոխվելու, այսօր մենք բոլորս էլ նեղված ենք: Հիմա այսպիսի խնդիր է տոնավաճառում, որ եթե անգամ 10 առեւտրական մնա, ես չեմ կարող այդ մարդկանց ասել` թողեք, գնացեք, այսինքն՝ տոնավաճառը պետք է աշխատի: Իսկ ինչ մնում է ֆինանսական մեր վիճակին, իհարկե… մարդիկ ոչ թե իմ մոտից գնացել են մեկ այլ տեղ, այլ ուղղակի որ առեւտուր չկա, գնացել են տուն: Ո՞ւմ բողոքեմ, կամ ինչի՞ բողոքեմ, վիճակը հիմա սա է, պետք է բոլորս էլ յոլա գնանք: Ես նորից եմ կրկնում, որ այսօր բոլորն էլ խնդիրներ ունեն, այսօր իրավիճակը սա է, առավել եւս, ես համարում եմ, որ խորը ճգնաժամի մեջ ենք:
-Իսկ այս խնդրի հետ կապված փորձել եք խոսել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, արդյո՞ք փորձում եք հանդիպում ունենալ նրա հետ ու հասկանալ, թե ինչո՞ւ են նման կերպ վարվում Ձեզ հետ:
-Գիտեք ինչ, դեռ չեմ փորձել, բայց ուզում եմ փորձել, որ անպայման լինի հանդիպում: Երբ հանդիպեմ, այդ ժամանակ էլ կասեմ:
-Փաստորեն, այդքան դժվա՞ր է հանդիպել Ձեր կուսակցության ղեկավարի հետ, մի՞թե խնդիր ունեք Սերժ Սարգսյանի հետ, նա Ձեզ չի ընդունո՞ւմ:
-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի:
ՀԱՅՐԵՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ Է
Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, թե ՀՀ իշխանությունները վատ են զգում, երբ իրենք հարցեր են ուղղում նրանց: «Ես պետք է հարցնեի՝ Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ են Աստանա, թե՞ ոչ: Մենք խնդիր չենք ունեցե՞լ, միայն այդ երեք երկրներն են խնդիր ունեցե՞լ: Աստանայում շատ լուրջ հարցեր են քննարկվել, առանցքային խնդիրներ են լուծվել, եւ հաջորդ հանդիպմանը պետք է քննարկեն: Կա՛մ մենք այդ կառույցում կանք, կա՛մ չկանք: Ինչո՞ւ ՀՀ ներկայացուցիչը չի եղել այդ հավաքին»,-հարցադրում է արել ընդդիմադիր պատգամավորը:
Արամ Մանուկյանը համոզված է, որ ԵՏՄ անդամների համար ՀՀ-ն չկա: Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ն կարող է կրկին հայտնվել ԵՄ-ՌԴ բախման կիզակետում. «Ո՛չ բաց, ո՛չ համաձայնեցված, արկածախնդիր քաղաքականությունը մեր երկրին դեռ շատ շառ ու փորձանքի կբերի: Ու մեր երկրում չկա որեւէ լուրջ մարդ, որ դեմ կխոսի: ՀՀ-ն այսօր քաղաքական խիստ մտահոգիչ պրոցեսների առաջ է կանգնած: Մինչեւ ապրիլի 24-ը հանգիստ կլինի, բայց հետո պայթելու է, ու ոչ մեկ չի ուզում դրա հետ հաշվի նստի: Նայեք պառլամենտի դեմքերին, ելույթ եմ ունենում, ոնց որ ապակիների առաջ խոսեմ: Իսան չկա: Սա քաղաքական դասալքություն է՝ հաշվի չառնել այն երեւույթը, որում գտնվում ենք»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն էլ խոսել են այն իրավիճակից, որը վերջին օրերին ստեղծվել է ԲՀԿ-ի շուրջ: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել է. «Վերջին իրադարձությունների արդյունքում մեր կուսակցությունից դուրս են եկել պատգամավորներ: Այսօր, կարծես, այդ գործընթանցն ավարտվեց, եւ մենք գնում ենք բյուրեղացման, քաղաքական օրակարգը ձեւակերպելու: ԲՀԿ-ն իր ծրագրային դրույթներին հավատարիմ է: Աներկբա է, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, եւ չի կարելի հաշվի չնստել դրա հետ: Բայց մեր մոտեցումները հանրային խնդիրներին չեն փոխվել: Դրա հետ կապված գուցե տակտիկական մոտեցումներն են փոխվել»:
Իսկ թե ինչը ստիպեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հեռանալ քաղաքականությունից, այս հարցին ի պատասխան՝ ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը հիշեցրել է, թե տեղի են ունեցել պաշտոնական հայտարարություններ: Ըստ Մ. Մելքումյանի էլ` մարդիկ իրենք են որոշել, որ երկիրը ցնցումների ճանապարհով չտանեն. «ԲՀԿ-ն միշտ ասել է, որ մեր պայքարը անձերի դեմ չի, երեւույթների դեմ է: Ոչ իշխանական ուժերի տրանսֆորմացիաները պետք է բերեին նաեւ իշխանական ուժերի տրանսֆորմացիային: Աղքատ երկրի իշխանությունը չի կարող աշխարհում հեղինակություն ունենալ»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ նշել է, թե ՕԵԿ-ում ներհոսք կա, ամեն օր դիմում են բազմաթիվ մարդիկ: Պատգամավորի խոսքով՝ իրենց դիմած անձինք բազմաթիվ են. դիմում են թե՛ նախկին ԲՀԿ-ականները, թե՛ անկուսակցական անձինք: Շահգելդյանը միաժամանակ ասել է, թե իրենց օրակարգում ԲՀԿ-ից անձանց ներգրավման խնդիր չկա: ՕԵԿ-ականը խոստացել է իրենց դիմած նախկին ԲՀԿ-ականների անուններն ու այս գործընթացի մասին այլ մանրամասներ ներկայացնել առաջիկայում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գույքի եւ եկամուտների վերջին հայտարարագրի համաձայն՝ 2014-ին նա ունեցել է 8 միլիոն 136 հազար դրամի եկամուտ, որը նրա տարեկան աշխատավարձն է: Նալբանդյանը հայտարարագրել է նաեւ 58 հազար 700 եվրո դրամական միջոց: Ի դեպ, 2014-ի սկզբին այն եղել է 55 հազ. 600 եվրո: Բացի այդ՝ ԱԳ նախարարը 2014-ի սկզբին ունեցել է 4 միլիոն 580 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 7 միլիոն 100 հազար դրամ: Նալբանդյանի կնոջ` Նատալիա Նալբանդյանի դրամական միջոցները եւս անհայտ աղբյուրից ավելացել են: 2014-ի սկզբին նա ունեցել է 18 հազ. 700 եվրո, իսկ տարեվերջին այն դարձել է 20 հազ. 300 եվրո, այն դեպքում, երբ Նալբանդյանի տիկինը ոչ մի եկամուտ չի հայտարարագրել:
ԴԵՌ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ
Հայտնի եւ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը դեռ չի մարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված 1 մլն 200 հազար դրամի չափով քաղհայցի պահանջով գոյացած պարտքը: Այս մասին «Ժողովուրդ»-ին ասաց նշված ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: «Դատարանի վճիռը դեռ չկա, դրա համար էլ ոչ մի փոխհատուցում չի կատարվել: Մենք ամբողջ գումարի վերականգնման պահանջը Վարդան Պետրոսյանին չենք ներկայացրել: Այդ գումարի այն մասը, որը ապահովագրական ընկերությունը (Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան ապահովագրած ընկերությունը) հնարավորություն ունի տալու, կներկայացնենք ընկերությանը, իսկ մյուս մասը՝ անձամբ Վարդան Պետրոսյանին»,- ասաց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ տուժող կողմի՝ Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենան պատկանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՌԻՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեղադրանքով 14 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանը «Վանաձորի» ՔԿՀ-ում կռվի մեջ է ընկել: Տեղեկացանք, որ նրա եւ այլ դատապարտյալների միջեւ ընդհարում է տեղի ունեցել, ինչից հետո Խաչատուր Պողոսյանին ՔԿՀ ղեկավարությունը տույժի է ենթարկել եւ նա հայտնվել է պատժախցում: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց վերը բերված տեղեկությունները: «Մարտի 16-ին խցում դատապարտյալների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել: Փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, մարտի 25-ին կարճվել է վարույթը, քանի որ կողմերից որեւէ մեկը չի բողոքել: Իսկ, ահա, Խաչատուր Պողոսյանը պատժախցում է»,- ասաց Ղլեչյանը: