ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է դռնփակ նիստով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկել: Թե ում մասին էր խոսքը, պաշտոնապես այդպես էլ չհաղորդվեց: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրահանգել է դատավորի անունը չգաղտնազերծել: Բայց «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «զոհասեղանին դրված» դատավորը Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանն է:

Նախ պաշտոնապես
Ըստ պաշտոնական տեղեկության՝ մարտի 24-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել 2015 թվականի մարտի 30-ին` ժամը 17:00-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստ հրավիրել: Ավելին՝ խորհուրդը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 111-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հաշվի առնելով դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին, ինչպես նաեւ՝ ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստն անցկացնել դռնփակ:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարտի 30-ին արդարադատության նախարարության դռնփակ նիստում քննարկվելու է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի հարցը: Փորձեցինք դատավորից տեղեկանալ, թե ի՞նչ սխալ է գործել, որ հայտնվել է կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ: Սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց, ուստի կարգապահական պատասխանատվության հարցի մասին մանրամասները փորձեցինք պարզել Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանից:
-Պարո՛ն Սարգսյան, դատավոր Ելենա Քոչարյանը հայտնվել է արդարադատության խորհրդի ուշադրության կենտրոնում. վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն է դրված: Տեղյակ եք՝ ի՞նչ սխալ է թույլ տվել դատավորը:
-Չէ, կուրսի չեմ, որ կուրսի մեջ լինեի, կասեի:
-Իսկ գոնե տեղյակ ե՞ք՝ Ելենա Քոչարյանը մինչ այս այլ կարգապահական պատասխանատվության ենթարկվե՞լ է:
-Առաջին կարգապահական պատասխանատվության հարցն է, ինքը շատ ուշադիր դատավոր է, միգուցե գնահատման հարց է եղել, սակայն այստեղ այլ հարց կա: Եթե մի մարդու վարույթում 2000 գործ կա, մեկ տարվա ընթացքում 900 գործ է քննում, ապա ի՞նչ եք կարծում՝ մինչեւ գիշերվա 11-ն աշխատող մարդու վիճակն էլ ոնց պիտի լինի: Մարդը ապարատ չի, նույնիսկ ապարատն է, չէ, վերջիվերջո մաշվում, բա այդ մարդու վիճակը ո՞նց կլինի: Միգուցե ինչ-որ գործի շրջանակներում ապացույցների խնդի՞ր է եղել: Ականջի պոչով լսել եմ, որ մի ժամանակ մի գործով խնդիր կար: Մասնավորապես մի մարդը տեղեկացված է եղել, որ ինքն աշխատանքից հեռացված է, սակայն նշվում է, որ քաղաքացուն գրավոր տեսքով պետք է հայտնեն իր հեռացման մասին: Հետո այդ մարդը գնացել է իր աշխատանքի տեղը, ասել է, թե ես չեմ իմացել, որ հեռացված եմ: Ախր, ախպեր ջան, դու 9 ամիս աշխատանքի չես գնացել, ուրեմն դու չգիտե՞ս, որ հեռացված ես: Այլ մանրամասներ էլ չգիտեմ, լսել եմ, որ ինչ-որ այդպիսի տեղեկանքի մասով խնդիր կար: Այստեղ գործ ունենք գնահատման հետ: Շատ վիճելի հարց է: Միգուցե այս խնդիրն է եղել, կոնկրետ ասել չեմ կարող, քանի որ, կրկնում եմ, տեղյակ չեմ:
-Միայն ծանրաբեռնվածությունը կարո՞ղ էր դատավորին հասցնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանքին: Իսկ գուցե դատավորն այլ շահագրգռվածությո՞ւն է ունեցել:
-Մի պահ պատկերացրեք մարդն այդքան ծանրաբեռնված աշխատի, դատական նիստերից՝ ժամը 18:00-ից հետո գնա վճիռներ գրի, մեկ օրվա ընթացքում 4-5 վճիռ գրելը հեշտ չի: Ախր, կան բաներ, որ պետք է հաշվի առնեն, էլի:
-Իսկ չեք փորձել արդարադատության խորհրդին տեղյակ պահել, թե ի՞նչ է կատարվում Ձեզ մոտ:
-Վայ…, ասեմ Ձեզ, որ արդարադատության խորհուրդն էլ է տեղյակ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ է տեղյակ: Խնդիրը մեկն է՝ երբ դատավորի տեղ են ստեղծում, հսկայական գումար է: Պարզապես մի խնդիր կա՝ տո՛ւր, նոր պահանջի, այսինքն մարդու նորմալ աշխատանքի հնարավորություն տուր եւ նոր պահանջի ուշադրություն: Կրկնում եմ՝ միայն մարդու ծանրաբեռնվածությունը կարող է ազդել նրա գործի վրա: Մարդը խնդրում է, որ գոնե տարվա մեջ 10 օրով արձակուրդ գնա: Քաղաքացուն չի հետաքրքրում՝ դատարանում դատավորի պակաս կա, կամ դատավորը հանգստանալ է ուզում, քաղաքացին ուզում է՝ իր գործն առաջ ընկնի: Այս հարցում պետք է նաեւ նայել այն հանգամանքին, որ եթե դատավորը հետին միտք չի ունեցել, ապա այդ մարդուն կարելի է ուշադրություն դարձնել, ոչ թե պատժել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԷՐ

Մարտի 23-ին ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունն ընդդիմադիր է: Իսկ խմբակցության անդամները հայտարարեցին, թե հանդես են գալու կառուցողական ընդդիմության դիրքերից: ԲՀԿ խմբակցությունն այժմ ունի նոր քարտուղար՝ Վահե Էնֆիաջյան: Փոխվել է նաեւ կուսակցության մամուլի խոսնակը` Վահան Բաբայան: Մինչ այս 36 պատգամավորից շատերը խմբակցությունից կամ կուսակցությունից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել:

Տեղեկացնենք, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները 3-ն են, ովքեր ընտրվել են մեծամասնական ընտրակարգով` Գրիգորի Մարգարյան, Մուշեղ Պետոյան, Դավիթ Քոչարյան, իսկ կուսակցությունից դուրս եկածները՝ 12-ը: ԲՀԿ-ից վերջինը դուրս եկած պատգամավորը կուսակցության նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն է, որն արդեն ստեղծել է կազմակերպություն՝ «Քաղաքացիական շտաբ» անվանումով, եւ մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել:
Պետք է արձանագրել, որ ԲՀԿ խմբակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Գագիկ Ծառուկյանի մասով: Ինչպես հայտնի է՝ նա հրաժարվել է կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի պաշտոններից, սակայն դե ֆակտո խմբակցության անդամ եւ պատգամավոր է, քանի որ նա խմբակցությունից դուրս գալու դիմում չի գրել խմբակցության ղեկավարին, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գ. Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»: Այս հայտարարությունից անմիջապես հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սկսեց ստուգել Ծառուկյանի ներկայացրած տեղեկանքների իսկությունը։ Փետրվարի 25-ին նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրավական տեսանկյունից ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի բացակայություններն անհարգելի են: Սակայն օրեր անց, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ քաղաքականությունից դուրս է գալիս, մարտի 20-ին Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ լրացուցիչ պարզաբանում է ստացել։ «Մեկնաբանությունը հետեւյալն էր, որ ինքն իմացել է, որ գրությամբ իր բացակայությունները հարգելի են, ինչն իրողություն է, եւ այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ խնդիրը նրանում է, որ բացակայությունները հարգելի են համարվել»:
Այսպիսով` Գ. Ծառուկյանի բացակաների խնդիրը բարեհաջող լուծվեց, եւ վերջինս բախտի քմահաճույքին թողնելով իր թիմին՝ ընտանիքի անդամների հետ այժմ հանգստանում է Դուբայում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ՀԵՆԱԿԵՏԵՐ
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները aravot.am-ին հայտնել են, որ ադրբեջանական զինուժը շարունակում է Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղից վերեւ էքսկավատորով նոր բլինդաժների փորման աշխատանքները: Դա կատարվում է նոր հենակետեր կառուցելու նպատակով:

 
ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՆ ԱՆՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցությունը համաժողով է կազմակերպում, որի ընթացքում քննարկվելու են Հայոց ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման թեմաները: Բանախոսները կանդրադառնան Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրներին: Համաժողովին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մակագրվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին: Որպես մեղադրյալ ներգրավվել է Արշակ Սվազյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Երեւանի քաղաքապետարանը ստացել եւ քննարկում է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի իրազեկումը ապրիլի 24-ին հավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանի փոխանցմամբ` ներկայացված իրազեկման մեջ նստացույցի մասին տեղեկատվություն չկա:

 

 

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ԼԻՔՆ ԵՆ
Երեւանում վերջին շրջանում հյուրանոցների գները թանկացել են միջինը 20 %-ով: Դա պայմանավորված է փոխարժեքի տատանումներով եւ դրսից սպասվող այցելություններով: Այս մասին երեկ հայտարարել է «Armenia Travel» տուրիստական ընկերության տնօրեն Մարինա Կիպրիյանը: «Այս պահին Երեւանի բոլոր հյուրանոցներն արդեն զբաղված են, եւ մենք անգամ ստիպված ենք լինում դրսից որոշ հետաքրքրվողների մերժել»,-նշել է նա: Մ. Կիպրիյանը հայտնել է, որ մարզային հյուրանոցներում այս պահին թանկացումները կազմում են 8%՝ պայմանավորված փոխարժեքի տատանումներով, սակայն Երեւանի ծանրաբեռնվածությունն այնտեղ չկա:

 

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԿԱՆԵՆ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հունիսի 13-ին համագումար կհրավիրի: Մինչ այդ ՀԴԿ-ն կմասնակցի աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ 2015թ. մայիսի 1-ին ՍԴՀԿ-ի կողմից հայտարարված հանրահավաքին: Նաեւ որոշում է կայացվել սկսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթների քննարկումը եւ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին եւ հանրությանը ներկայացնել կուսակցության ամփոփ եզրակացությունը:




Լրահոս