2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտված նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ հեռակա հակամարտությունը շարունակվում է: Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանն այս անգամ փաստաթուղթ է ուղարկել «Ժողովուրդ»-ի խմբագրություն, որով ապացուցում է, որ ՀԱԿ առաջնորդներն իրեն խոշտանգելու համար Եվրադատարանին դիմում-գանգատ չեն ուղարկել, խաբել են:
Հիշեցնենք՝ Գեւորգ Մանուկյանը մեզ հայտնել էր, որ. «Երբ մարտի 1-ի գործով կալանքիցս ազատվեցի, իմ հանրային փաստաբան Ինեսա Պետրոսյանն արդեն իմ քրեական գործը բողոքարկել էր Եվրոդատարանում, եւ ինձ ասաց, որ Եվրոդատարանը սպասում է իմ հիմնական գործին: Ինքը, ցավոք, այլեւս ինձ չէր կարող օգնել, արդեն ուրիշ փաստաբան պետք է գրեր, որ ինձ խոշտանգել են, բանտում ծեծել են, աջ աչքս կուրացել է եւ այլն: Այդ հարցով ես գնացի ՀԱԿ գրասենյակ եւ դիմեցի Գագիկ Ջհանգիրյանին: Նա ինձ ասաց, որ ուզում է Ինեսայի հետ հանդիպել: Ես կազմակերպեցի այդ հանդիպումը: Կողմերն իրար հետ փոխհամաձայնության չգալուց հետո Ինեսան ինձ վերադարձրեց իմ քրեական գործի նյութերը, եւ այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանն ինձ խոստացավ, որ կօգնի եվրոդատարանում բողոքարկել իմ գործը: Ես այդ բոլոր նյութերը տրամադրեցի Ջհանգիրյանին: Երկու օր անց եկա ՀԱԿ գրասենյակ, որպեսզի հետաքրքրվեմ, թե ինչ փուլում են իմ գործերը, ինձ մոտեցավ ՀԱԿ-ի իրավական հարցերով պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանի օգնականներից Արմեն Խաչատրյան անունով մեկը եւ ասաց, որ Ջհանգիրյանն ասում է՝ ազատ փաստաբան չկա, եւ ձեր բողոքն ուղարկելու համար դու պիտի վճարես 500 դոլար»,- պատմեց Գեւորգ Մանուկյանը:
Այդ ժամանակ նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը Արմեն Խաչատրյանին ասել է, որ այդքան գումար չունի: Սակայն ՀԱԿ-ում որեւէ մեկին չի հետաքրքրել այդ փաստը: «Չունես, քո պրոբլեմն է»,- պատասխանել են Գեւորգին: Վերջինս էլ որոշել է իրավիճակի մասին տեղյակ պահել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի տնտեսական-քաղաքական գծով առաջին տեղակալ Դանիել Հասթինգսին. «Երբ որ ես կալանավայրում էի, Դանիել Հասթինգսը այցելել էր ինձ եւ թողել իր այցեքարտը: Ես էլ որոշեցի զանգահարել նրան, հանդիպում խնդրել: Հանդիպումը կայացավ»:
Պարզվում է՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպումից հետո Գագիկ Ջհանգիրյանը սկսել է հետաքրքրվել Գեւորգի գործով: Ըստ նախկին քաղբանտարկյալի. «Հանդիպման հաջորդ օրը ինձ զանգահարեց Ջհանգիրյանը եւ հրավիրեց ՀԱԿ գրասենյակ, այնտեղ էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդի Առաքել Սեմիրջյանը: Նշեմ, որ ես շատ հարգում եմ իրեն: Առաքելն այդ ժամանակ ինձ հարցրեց, թե ի՞նչ եղավ, Եվրոդատարանի բողոքն ուղարկեցի՞ք: Ես պատմեցի ողջ եղելությունը, եւ նա ասաց, թե Գեւորգ ջան, պրոբլեմ չունես, ես կօգնեմ քեզ, կտամ այդ գումարը: Այդ օրը նաեւ ես հանդիպեցի Գագիկ Ջհանգիրյանի հետ, եւ նա նեղացած տոնով ասաց, թե ես քեզ չասացի՝ կօգնեմ, ինչո՞ւ ես գնացել ԱՄՆ դեսպանի օգնականի մոտ: Անկեղծ ասած, ես այդ ժամանակ չէի գիտակցում՝ այդ ինչ խաղեր են իմ դեմ խաղում, իսկ հիմա արդեն ամեն ինչ պարզ է ինձ համար: Ես Լեւոն Զուրաբյանին մի քանի անգամ մոտեցել եմ այս հարցով, նա անընդհատ ինձ «ցրում էր», թե կճշտեմ, կասեմ: Անընդհատ հարցնում էի՝ ուղարկվե՞լ է իմ բողոքը եվրադատարան. չէ՞ որ այդ գումարը՝ 500 դոլարը, ես տվել եմ, անընդհատ ասում էին՝ այո: Բայց խաբում էին: Հիմա դուք ինձ ասեք, ես իմանամ՝ այդ ամենի պատասխանատուն Լեւոն Զուրաբյանն ու Գագիկ Ջհանգիրյանն ե՞ն, թե՞ Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը, իսկ միգուցե Պուտինն ու Սերժն ե՞ն: Այն մարդիկ, ում հետ ես ճանապարհ եմ անցել, պայքարել եմ, այսօր իմ անկեղծությունը կասկածի տակ են դնում: Դրանց ուզում եմ միանգամից ասեմ` ես ափսոսում եմ, որ ձեզ հարգել եմ»:
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը, խոսելով Գեւորգի այս պատմության մասին, ՀԱԿ-ի կայքերից մեկում ասել էր. «Գեւորգ Մանուկյանը աչքի է ընկել ցածր մարդկային եւ բարոյական որակներով, այնուամենայնիվ, Կոնգրեսը համարել է, որ ցուցաբերվող օժանդակությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրանց մարդկային որակներից, եւ Մանուկյանն ու նրա ընտանիքը հավասար հիմունքներով շարունակել են ստանալ ինչպես իրավաբանական, այնպես էլ նյութական օգնություն»: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Եվրադատարանի դիմումին, ապա Արմեն Խաչատրյանը տեղեկացրել էր. «Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատվերով գանգատը գրվել է փաստաբան Գիվի Հովհաննիսյանի կողմից, եւ ես՝ Արմեն Խաչատրյանս, անձամբ դրա պատճենը ձայնաերիզային կրիչով տրամադրել եմ Գեւորգ Մանուկյանին, իսկ բնօրինակը ուղարկել ՄԻԵԴ»:
Սակայն Գեւորգի ուղարկած գրությունը (լուսանկարում) հակառակի մասին է փաստում. Եվրադատարանից Գեւորգ Մանուկյանին հայտնել են. «Դուք չեք ներկայացրել պատշաճ կարգով լրացված դիմումի ձեւաթուղթը Քարտուղարության առաջին նամակի ամսաթվից 6 ամսվա ընթացքում: Ձեր գանգատները համարվել են հետ կանչված, իսկ Ձեր դիմումի հիման վրա բացված գործը ոչնչացվել է (ինչպես նշվել է քարտուղարության առաջին հաղորդագրության մեջ)»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Արմեն Խաչատրյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո, 500 դոլար վարձատրության դիմաց գրվե՞լ է Գեւորգ Մանուկյանի դիմումը, թե՞ ոչ, քանի որ ՄԻԵԴ-ից Գեւորգին պատասխանել են, որ գանգատը չի ուղարկվել: Խաչատրյանին փոխանցեցինք նաեւ ՄԻԵԴ-ից ուղարկված գրությունները, ով խոստացավ ուսումնասիրել մեզ ուղարկված փաստաթղթերի պատճեները եւ տալ մանրամասն պարզաբանում իրավիճակի շուրջ: Կսպասենք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ ԴԵՄ Է
Հայաստանում առաջիկայում կմեկնարկի համայնքների խոշորացման գործընթացը: Ըստ ՀՀ Կառավարության՝ համայնքների խոշորացման արդյունքում էապես կտնտեսվեն ծախսերը, եւ առաջիկայում կիրականացվի համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքներում անցկացնելով տեղական հանրաքվե:
Տեղեկացնենք, որ նախատեսվում է տեղական հանրաքվե նշանակել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում միավորելու հարցով: Մյուս նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզում հանրաքվե անցկացնելուն՝ Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքները Շինուհայրի կազմում միավորելու նպատակով: Իսկ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքներն առաջարկում են միավորել Դիլիջանի կազմում: Իսկ տեղական հանրաքվեն կանցկացվի մայիսի 17-ին:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց 84 ընտանիք ունեցող Աթանի գյուղապետ Ռոլանդ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր համոզմամբ՝ համայնքների խոշորացումն ինչպե՞ս կանդրադառնա գյուղի զարգացման վրա:
-Ասում են ու նաեւ խոստանում, որ լավ կլինի: Եթե այդ խոստումներն իրականանան, ուրեմն լավ կլինի:
-Կոնկրետ ի՞նչ խոստումներ են տվել:
-Խոստացել են, որ ճանապարհները կասֆալտապատեն, գյուղում ջրագիծ կքաշեն, միջհամայնքային ճանապարհները կվերանորոգեն, մանկապարտեզ կկառուցեն:
-Հավատո՞ւմ եք նրանց խոստումներին:
-Դե, ասում են, չգիտեմ: Ի՞նչ ասեմ: Սպասենք, տեսնենք:
-Իսկ գյուղի բնակիչներն ինչպե՞ս են վերաբերում համայնքների խոշորացմանը: Դե՞մ կքվեարկեն, թե՞ կողմ:
-Կարելի է ասել, որ գյուղի 50 տոկոսը կողմ է, իսկ մյուս 50 տոկոսն էլ՝ դեմ: Անկեղծ ասած՝ բնակչությունն այդքան էլ լավ տեղեկացված չէ: Մենք՝ գյուղապետերս, նույնպես: Վերջը չգիտենք, թե ոնց կլինի: Իսկ գյուղացիներին միայն մտահոգում է տեղեկանքների տրամադրման հարցը:
-Դուք մասնակցել եք համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծի քննարկմանը: Չե՞ք բարձրաձայնել Ձեզ հուզող հարցերը:
-Մտավախություն կա դպրոցների մասով: Այսինքն՝ սրա արդյունքում գյուղի դպրոցներն ի՞նչ ճակատագիր կունենան, առայժմ հայտնի չէ: Հակառակ դեպքում՝ մենք ուղղակի չենք կարող աշակերտներին 7 կմ հեռու գյուղ ուղարկել: Այն էլ՝ ձմռան ամիսներին:
-Հանդիպումներ գյուղի բնակիչների հետ կազմակերպելո՞ւ եք:
-Իհարկե, կկազմակերպենք: Ի վերջո, իրենց էլ պետք է բացատրենք, թե ինչ է կատարվելու:
-Դուք՝ որպես գյուղի բնակիչ, հանրաքվեին դե՞մ եք քվեարկելու, թե՞ կողմ:
-Եթե պատկան մարմինների խոստումներն իրականություն դառնան, ապա կողմ կքվեարկեմ: Իսկ ինչու ոչ: Այնուամենայնիվ, սա պիլոտային ծրագիր է, եւ ընթացքում միայն պարզ կլինի՝ լավ ավարտ կունենա՞, թե՞ ոչ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԳՅՈՒՂԱՑԻՆ ՇԻՎԱՐ է
Մեկ-երկու շաբաթից Շիրակի մարզում կմեկնարկի գյուղատնտեսական տարին, սակայն գյուղացին դեռ շիվար է՝ դուրս գա՞ դաշտ՝ գարնանացանի աշխատանքների, թե՞ գյուղացու իր մանգաղը փոխի բանվորի մուրճի հետ ու մեկնի արտագնա աշխատանքի:
Մարտի 1-ի դրությամբ մարզը թեեւ ստացել է Կառավարության աջակցությունը դիզվառելիքի, սերմացուի ու պարարտանյութի տեսքով (մարզը 100 տոննա գարնանացան գարու, 50 տոննա կորնգանի ու 1 տոննա առվույտի սերմացուի հայտ է ներկայացրել, ու առաջիկայում արդեն կսկսվեն սերմացուի բաշխման աշխատանքները համայնքներին), սակայն հարցականները դեռ շատ են: Պատճառը մեկն է՝ ֆինանսների բացակայությունը: Գյուղացիները գարնանացան սկսելու ֆինանսական միջոցներ չունեն: Պետական աջակցության հետ կապված հույսերը քիչ են, բանկերին էլ դիմել չեն կարող. դեռ նախորդ տարիների վարկերն ու դրանց տոկոսները մարված չեն, ուր մնաց նոր վարկային բեռի տակ մտնեն (նրանք, ովքեր մարել էլ են, որպես կանոն ունեն արտագնա աշխատող ու դրսից եկած գումարով են փակել): Արտագնա աշխատանքի մեկնելն է մնում միայն, այն էլ, եթե ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության սեւ ցուցակներում չեն հայտնվել:
2013 եւ 2014թթ. պետությունը մարզի գյուղացիներին աջակցեց սերմացուով, դիզվառելիքով ու պարարտանյութով, սակայն մարզում կան գյուղեր, որոնք դեռ այդ երկու տարիների պարտքերը պետությանը չեն փակել ու հիմա աջակցության ակնկալիք չունեն: Մարզի գյուղոլորտի պատասխանատուները նշում են, որ պետությանը պարտքեր ունեն 14 համայնք, որոնք եթե իրենց պարտքերը չփակեն, հնարավոր է՝ հարցը տեղափոխվի իրավական հարթություն: Թեպետ նաեւ նշում են, որ գյուղացու դժգոհությունը կապված է հիմնականում գյուղվարկերի հատկացումների ուշացման հետ: Եթե նախորդ տարիներին գյուղվարկերն արդեն փետրվարի 1-ի դրությամբ հատկացված էին լինում, ապա այս տարի հատկացումն ավելի ուշ է կատարվել, ինչն էլ, հավանաբար, արժութային վայրիվերումների հետեւանքն է:
Ամեն դեպքում պարզ է մի բան. մեծ հաշվով այս տարի էլ գյուղացին միայնակ է մնալու իր խնդիրների հետ ու կազմակերպելու է իր գարնանացանը ուժերի ներածին չափով, Աստծուն ապավինած, որ պարտքով ու վարկով սերմի հատիկը հողին պահ տալուց հետո բերքը բաժին չդառնա ցրտահարությանը, երաշտին ու կարկուտին: Միով բանիվ` այս տարի եւս գործելու են գյուղնախարար Սերգո Կարապետյանի` արտերն աղոթելու մեթոդները:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի