ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Դեռ ԽՍՀՄ տարիներից Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղն ունեցել է ջրի խնդիր: Եթե այդ տարիներին գյուղացիներն ունենում էին 2-3 ժամ ջրամատակարարում, ապա վերջին 2 ամսվա ընթացքում ջուր ունեցել են 30 րոպեով, իսկ վերջին 15 օրերին, ըստ իրենց հայտարարության, ջրին «կարոտ» են մնացել: Նման պայմաններում գյուղացիներն այլեւս չեն կարողանում ապրել, նրանք չեն ուզում արտագաղթել, սակայն պայմանները ստիպում են, որ մարդիկ դիմեն այդ քայլի: Թեեւ մարզպետը խոստացել է 3 օրում լուծել այդ խնդիրը, սակայն գյուղացիներն արդեն չեն հավատում այդ խոստումներին: Բայց հույս ունեն, որ գոնե երկրի ղեկավարը եւ տարածքային կառավարման նախարարը կհետաքրքրվեն իրենց խնդրով, եւ հարցը վերջնականապես լուծում կստանա:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում ամուսնության պետական գրանցումը:

Նարինե Թորոսյան (36 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետեւանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում:
Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով:

Քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ 2014թ. ՀՀ ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է ամուսնության 18.907 գրանցում, ինչը նախորդ տարվանից ավել է, սակայն միաժամանակ մեծացել է նաեւ ամուսնալուծությունների թիվը: Միայն 2014թ. ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է ամուսնալուծության գրանցման 4.650 դեպք, ինչը 2013թ.-ի համեմատ ավել է 20 տոկոսով: Հատկապես արտագաղթի նման տեմպերի պայմաններում խիստ մտահոգիչ է ամուսնալուծությունների աճը, ինչը, բնականաբար, բացասական կանդրադառնա ծնելիության մակարդակի վրա` լուրջ սպառնալիք դառնալով ազգի պահպանման եւ սերունդների շարունակության համար:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես եւ կինս ցանկանում էինք վաճառել մեր բնակարանը: Բնակարանը վաճառելու հավատարմագիրը փոխանցեցինք տղայիս եւ այդ կերպ վաճառեցինք: Այնուհետեւ նոր բնակարան գնեցինք, սակայն տղայիս անունով, սեփականատերը փաստացի համարվում էր տղաս, սակայն այդ ժամանակ նա դեռեւս ամուսնացած չէր: Տղաս արդեն ամուսնացել է: Խնդրում եմ պարզաբանել՝ տղայիս կինը ի՞նչ գույքային իրավունք ունի տվյալ բնակարանի նկատմամբ:

Գեւորգ Մկրտչյան (59 տարեկան, վիրաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրած Ձեր գրության՝ քաղաքացի Գեւորգ Մկրտչյանի հարցի վերաբերյալ հայտնվում է հետեւյալը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ մինչեւ ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաեւ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ բնակարանի սեփականատերը համարվում է միայն քաղաքացու որդին, իսկ կինն այս դեպքում ոչ մի իրավունք չունի տվյալ գույքի նկատմամբ, քանի որ այն ձեռք է բերվել մինչ ամուսնությունը: Ավելացնենք նաեւ, որ ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաեւ իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր:




Լրահոս