Ինչը միավորեց «Չարխեցի Սամոյին», դատապարտյալին և նրա հետ սոցցանցով ծանոթացած կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սուտ մատնություն և ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Գասպարյանը, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2014 թվականի նոյեմբերի 20-ին Ոստիկանության բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ 4-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոմն «Չարխեցի Սամոն» իր ծանոթ Վ.Սարգսյանի միջոցով իրեն իրացրել է «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղահաբ, որը Գ.Գասպարյանն իրացրել է ներարկվելու միջոցով:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ իրականում նման դեպք տեղի չի ունեցել, եւ հաղորդում ներկայացրած անձը կատարել է սուտ մատնություն:

Բացի այդ, Գ.Գասպարյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեղադրանքով դատապարտված լինելով, և ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկում պատիժը կրելու ընթացքում 2011 թվականի հոկտեմբերի 12-ին ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է մի կնոջ հետ եւ հաղորդագրությունների ու հեռախոսային խոսակցությունների միջոցով շփվել:

2014 թվականի մայիսի 27-ին Գ.Գասպարյանն ազատվել է պատժի կրումից և շարունակել շփումը նրա հետ, հանդիպել: 2014 թվականի հոկտեմբերի 28-ին նոտարական գրասենյակ գնալու և իրեն պատկանող բնակարանը նրա անվամբ ձևակերպելու պատրվակով Գ.Գասպարյանը վերջինիս առաջարկել է հանդիպել:

Ավտոմեքենայի մեջ ընկերուհու հետ մենակ մնալով՝ Գ.Գասպարյանը նրանից գումար է պահանջել: Մերժում ստանալով՝ Գ.Գասպարյանը կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ հափշտակել է նրա 100.000 դրամ արժողությամբ ոսկյա ականջօղերը:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս