Ժողովուրդ. Սթափեցրեք զմիմյանս. Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 15-ին, շաբաթ օրով, այն էլ   մեռելոցի  նախօրեին Սերժ Սարգսյանից  “հայրական ապտակ” ստացած Տիգրան Սարգսյանը, փաստորեն եռօրյա նախա եւ հետ մեռելոցային վիճակից դուրս է եկել, լիովին սթափվել եւ կարելի է ասել վերագտել իրեն: Իսկ այդ հարցում վարչապետին օգնել է ոչ այլ ոք, քան նրա սիրելի Արժույթի միջազգային հիմնադրամն իր  հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությամբ: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Տիգրան Սարգսյանն իր  գոհունակությունն է հայտնել  համատեղ ծրագրերի հաջող ընթացքի կապակցությամբ` հատուկ չհասկացողների, վատ լսողների, ուշ գլխի ընկնողների եւ երազախաբության նոպաներ ունեցողների համար  շեշտելով. ” Կարեւոր է, որ մենք ամբողջությամբ կատարում ենք մեր բյուջետային պարտավորությունները: Բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր է, քան ծրագրել էինք, գնաճը գտնվում է ծրագրված, նույնիսկ մի քիչ ցածր / պատկերացնում եք՞/ գնաճային  ցուցանիշի ներքո, տնտեսական աճն ավելի շատ է, քան պլանավորել էինք”: Ասել է թե` ամեն ինչ հրաշալի է, երկինքը կապույտ է,  ջրերը` ջինջ, եւ միանգամայն անհասկանալի է,   թե այդքանից հետո Սերժ Ազատիչն ինչից է դժգոհ: Իր հերթին  ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը  նկատել է. “Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել կառավարության եւ Կենտրոնական բանկի մեր գործընկերներին աշխատանքի համար` հատկապես տնտեսական աճի  ցուցանիշի առումով, որը կանխատեսվածից ավելի բարձր է` հաշվի առնելով ոչ բարենպաստ զարգացումները  տարածաշրջանում եւ աշխարհում”:Շարունակելով գովեստների շարանը, Մարկ Հորթոնը  նաեւ ասել է. ” Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ է, հատկապես եվրոպական երկրների եւ ձեր հարեւան պետությունների համեմատ”: Բա՞: Իսկ Դուք ասում եք, Սերժ Ազատիչ: Բա այսպիսի վարչապետին էլ կասեն Տիգրա՞ն: 
Իրականում ԱՄՀ պատվիրակության հետ այս հանդիպմամբ  Տիգրան Սարգսյանը փորձեց անուղղակիորեն հիշեցնել մոռացողներին, որ  այսօրվա դրությամբ ինքը միջազգային ֆինանսական կազմակերպություններում ամենալուրջ կապերն ունեցող պաշտոնյան է, որ իր հետ ” ատկատների” ու ” փնթի” աշխատանքից խոսող  նախագահը պետք է որ լավ մտածի, թե ինչի, ավելի ճիշտ` ում  շնորհիվ է հաջողվել այդքան մեծ գումարների եւ գրանտային երեսուն տոկոսանոց բաղադրիչով վարկեր ներգրավել Հայաստան: Եվ եթե այդ վարկային միջոցները չլինեին, ապա այսօր շատ  դժվար կլիներ խոսել  տնտեսական աճի ու մնացած ” տպավորիչ ցուցանիշների” մասին: Այնպես որ, երեկվա հանդիպմանը ներկայացված գնահատակններն էլ, ըստ ամենայնի,   Սերժ Սարգսյանին սթափեցնելուն էին ուղղված:




Լրահոս