Տուբերկուլոզի հիմնահարցերը` Ռիգայում անցկացվող նախարարական հանդիպմանը
«Տուբերկուլոզը դեռևս մնում է վարակիչ հիվանդությունների ցանկում և բազում մարդկային կյանքեր խլում: Այս հիվանդությունը մարդկային պատմության ընթացքում ավելի շատ մարդկանց մահվան պատճառ է դարձել, քան որևէ այլ վարակիչ հիվանդություն։ Այն շարունակում է տարեկան մոտ 1.5 մլն կյանք խլել, և հաճախ թիրախ են դառնում բնակչության առավել խոցելի խմբերը»,- Ռիգայում անցկացվող «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանն իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Տուբերկուլոզի հիվանդացության շեմը բարձրացել է 1990-ականներն` կապված Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԽՍՀՄ-ի կործանումից հետո արձանագրված տուբերկուլոզի համաճարակի հետ: 2000թ. համաճարակային իրավիճակն ավելի է կայունացել, և տարեկան դեպքերի թիվը սկսել է կրճատվել 2005թ. սկսած: Տուբերկուլոզի տարածվածության ցուցանիշները տարեցտարի նվազում են:
«Տուբերկուլոզը, որպես հանրային առողջապահական համաշխարհային խնդիր, արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` չնայած, որ մեր երկրում տարեցտարի նկատվում է տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում (2014թ. 34,7 և 1,6` 100 հզ. բնակչությանը) և համաճարակաբանական իրավիճակի բարելավում` դեղակայունության խնդիրը դեռևս շարունակում է արդիական լինել:
Հայաստանն, ըստ ԱՀԿ-ի տվյալների, մտնում է Եվրոպական տարածաշրջանի 18 երկրների մեջ, որոնք ունեն դեղակայունության խնդիր:
ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության կողմից հաստատված «Տուբերկուլոզի ազգային ծրագրի» շրջանակում իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են դեպքերի վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը, բուժմանը` ներառելով նաև հիվանդության դեղակայուն ձևերը:
Արմեն Մուրադյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունն այս հարցում ուղղված է հիվանդների անհիմն հոսպիտալացումների թվի կրճատմանը, ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության բարելավման և բուժօգնության նոր մոտեցումների, մեթոդների ներդրմանը:
Նա հայտնել է, որ դեղակայուն տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավման համար 2013թ. ներդրվել է կարեկցական բուժման նոր ծրագիր` հակատուբերկուլոզային նոր դեղերի կիրառմամբ։ Հակատուբերկուլոզային նոր դեղերի կիրառման փորձը կարեցական ծրագրի ներդրումով ներկայացված է ԱՀԿ Եվրոպական գրասենյակի կողմից տպագրված «Դեղակայուն ՏԲ-ի կանխարգելման, բուժման և վերահսկողության փորձը» հավաքածուում, որը լավագույն օրիանակ է եվրոպական տարածաշրջանի երկրների համար:
«Շնորհիվ ԱՀԿ-ի, Գլոբալ հիմնադրամի, «Բժիշկներ առանց սահմանների» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանում արդյունավետորեն կիրառվում են բուժօգնության նոր մոդելները, ինչպես տուբերկուլոզի արտաթոքային ձևով հիվանդների, այնպես էլ` դեղազգայուն հիվանդների և նրանց ընտանիքների անդամների բուժման դեպքում»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Տուբերկուլոզով հիվանդների հոսպիտալացման մակարդակի նվազեցման, ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի ամրապնդման, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակների տարածումը կանխարգելելու, և հատկապես դեղակայունության շեմը նվազեցնելու նպատակով ՀՀ ԱՆ կողմից 2014թ. իրականացվել է ստացիոնար օղակի ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխում` նախկին օր/մահճակալ ֆինանսավորման մեխանիզմից անցում կատարելով տուբերկուլոզի դեպքերի քանակով և ֆիքսված արժեքով ֆինանսավորման: Այս փոփոխությունը նաև նախատիպ է հանդիսացել հոգեբուժական և նարկոլոգիական ծառայությունների համար: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի աջակցությամբ մշակվել և ներդրվել են նաև հոսպիտալացման և դուրսգրման նոր չափանիշներ: Հետագա փոփոխությունները կապված են ՀՀ ԱՆ քաղաքականության առաջնահերությունների հետ և ուղղված կլինեն ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բարելավմանը, ինչը կօգնի հիվանդության վաղ հայտնաբերմանը և բուժմանը նաև խոցելի խմբերի շրջանում: Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման նոր մեխանիզմի շնորհիվ նախատեսվում է կատարել արագ հետազոտման արդյունավետ ապակենտրոնացում` մեթոդը հասանելի դարձնելով երկրի բոլոր շրջաններում։
«Մենք գիտակցում ենք, որ տուբերկուլոզի և այլ վարակների համակցման` օրինակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում, անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության, ոչ պետական կառույցների և հիվանդների ներգրավում: Դեղակայուն ՏԲ-ն պահանջում է համալիր մոտեցում ոչ միայն երկրի ներսում, այլև միջպետական, միջտարածաշրջանային մոտեցում, ինչպես, օրինակ, միգրանտների շրջանում, որոնք վարակի տարածողներ են»,- հավելել է ՀՀ առողջապահության նախարարը: Ելնելով վերը նշվածից` նա ավելացրել է, որ ՀՀ ԱՆ պատրաստակամություն է հայտնում համատեղ պայքարել տուբերկուլոզի դեմ, ինչպես նաև համագործակցել խորհրդատվության տրամադրման, փորձի փոխանակման գործում: