2012 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են 379 համայնքներում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, 716 համայնքի ղեկավարի թեկնածուներից ընտրվել են 379-ը, իսկ 4073 ավագանու անդամ թեկնածուներից՝ 2905-ը:
Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ որևէ համայնքում ընտրություններն անվավեր չեն ճանաչվել. “Ընտրված 379 համայնքի ղեկավարներից 84-ը նոր ղեկավարներ են, որոնք կազմում են 22%-ը: Նոր ղեկավար ունեցող 84 համայնքներից 41-ում նախկին ղեկավարները չեն առաջադրվել, իսկ 43-ում՝ ավելի քիչ ձայն են հավաքել: 18 քաղաքային համայնքներում ևս կան նոր ղեկավարներ”,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց, որ ընտրված 379 համայնքի ղեկավարներից 95-ը անկուսակցական են, հանրապետական են 238-ը, “Օրինաց երկրից”՝ 9-ը, 16-ը դաշնակցական են, իսկ 21-ը “Բարգավաճ Հայաստան”-ից:
2905 ավագանու անդամներից 1888-ը անկուսակցական են, 759-ը՝ ՀՀԿ-ական, 2-ը՝ “Ժառանգություն” կուսակցությունից, 35-ը՝ ՕԵԿ-ական, 7-ը ՀՀՇ-ական, 44-ը՝ ՀՅԴ-ական, 158-ը՝ ԲՀԿ-ական, և այլ կուսակցություններից:
Տիգրան Մուկուչյանը նշեց նաև, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար Վարչական դատարան են դիմել Գետափնյա և Հնաբերդ համայնքի թեկնածուները:
“Հնաբերդի գործի դատաքննությունն արդեն ավարտված է: Անհրաժեշտ վերահաշվարկը կատարվել է և դատարանը վճիռ է կայացրել արդյունքն անփոփոխ թողնելու մասին: Ինչ վերաբերվում է Գետափնյա համայնքին, ապա ասեմ, որ դատարանը քննարկում է դիմումը վարույթ ընդունելու հարցը”,- ասաց նա և հիշեցրեց, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար դատարան դիմելու ժամկետն ավարտված է:
Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, իսկ այս կիրակի՝ սեպտեմբերի 23-ին, կկայանա երկրորդը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 716 համայնքի ղեկավարի թեկնածուներից ընտրվել են 379-ը, իսկ 4073 ավագանու անդամ թեկնածուներից՝ 2905-ը: