«Հայաստանը Մետաքսի մեծ ճանապարհն է «կառուցելու», ինչն Ալեքսանդր Մակեդոնացին չարեց». irates.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատեսի» զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ կարապետյանը:

-Ձեր գնահատականով՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում:

-Հայաստանի ներքաղաքական դաշտում այն գործընթացներն են ծավալվում, որ շատ ավելի վաղ պիտի տեղի ունենային: Իշխող կուսակցությունը հասկացել է, որ կառավարման որևէ հնարավորություն այլևս չունի և սկսել է կառավարման բարձրագույն աստիճանի իմիտացիա: Ներքաղաքական դաշտի մյուս մասնակիցներն ու անհատները փորձում են գտնել նոր տեսակետներ, գործողությունների նոր ծրագրեր, որովհետև իրավիճակ է փոխվել:

-Ինչո՞վ է արտահայտվում իրավիճակի փոփոխությունը:

-Քաղաքականությունից դուրս են բերվում օլիգարխները: Դեռ երկու տարի առաջ մենք այդ մասին խոսել ենք, դա համաշխարհային գործընթաց է: ՌԴ-ում կուսակցություն է փակում Պրոխորովը, ՈՒկրաինայում քաղաքականությունից դուրս է գալիս Կոլոմոյսկին, Պորոշենկոյի նկատմամբ վստահությունը նվազում է, Վրաստանում ժողովրդի մի ստվար հատված ցանկանում է Սաակաշվիլու վերադարձը, որ, ի տարբերություն միլիարդատեր Իվանիշվիլու, քաղաքական գործիչ է: Աշխարհը հստակ հասկացավ, որ օլիգարխիայով երկիր ղեկավարելը բացառվում է: Միֆը, թե օլիգարխիան ավելի հարուստ է, չի թալանի, ավելի շատ կմտածի երկրի մասին, ճիշտ է այն օլիգարխիաների դեպքում, որ 100 և ավելի տարվա պատմություն ունեն: Բլումբերգի նման օլիգարխներ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում ու ԱՊՀ տարածքում դեռ երկար ժամանակ չեն լինի: Անհնար է օլիգարխիայով երկիրը դարձնել ժողովրդավար ու բարեկեցիկ: Փոխվել է համաշխարհային տրենդը: Քանի որ Հայաստան փոփոխությունները գալիս են Մոսկվայով, Գագիկ Ծառուկյանի մոսկովյան այցից հետո Սերժ Սարգսյանն իրեն երկրի «նախագահ» ու տեր զգաց: ՈՒ եղավ այն, ինչ եղավ: Գործնականում քաղաքական դաշտում օբյեկտիվ գործընթացներ են: Ի՞նչ է անելու իշխանությունը: Պատրաստվելու է 2017-2018-ի ընտրական ցիկլին: Հայաստանի իշխանությունը ուրիշ ոչնչի չի պատրաստվում:

-Ի՞նչ տրամաբանությամբ է պատրաստվում:

-Իշխանության մի մեծ հատված աշխատում է հիմնական՝ ինքնապահովման խնդրի վրա: Ըստ Սարգսյանի աշխատակազմի՝ իշխանությունը պրոռուսական է դեռ և պետք է ստեղծել արևմտամետ ընդդիմություն, որին ապագա ընտրություններում պետք է «հաղթի» իշխանության ներկայացուցիչը: Եթե նկատել եք, վերջին բոլոր ընտրությունները այդ շրջագծով են անցել։ Սերժ Սարգսյանը հաղթեց «արևմտամետ» Լևոն Տեր-Պետրոսյանին, երկրորդ անգամ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա, հասկանալով, որ սահմանադրական բարեփոխումները կարող են տապալվել, մտածում է հետնորդի մասին: Նա երեք մարդ ունի, որ հաճախ են լինում տարբեր մայրաքաղաքներում ու փորձում են գտնել արտաքին լոբբինգի հնարավորություններ: Այդ երեքը պիտի ներկայանան ռուսամետ, և նրանցից մեկը պետք է հաղթի «արևմտամետ» ընդդիմությանը։ Սա է մի խումբ մարդկանց մշտական աշխատանքը՝ կառուցել ընտրությունների փիլիսոփայությունը: Ռեա՞լ է: Կարծում եմ` ոչ այնքան: Ընտրություններին դեռ հասնել է պետք: Աշխարհում կատարվում են իրադարձություններ, որ արագ փոխում են աշխարհի պատկերը:

-Պատկերը կարող են փոխել, իսկ խնդի՞րը:

-Պատկերը փոխելով՝ փոխում են և խնդիրը, որովհետև այն հաշվարկները, որ անում է Հայաստանի իշխանական էլիտան, մի ելակետ ունեն՝ Հայաստանում ցայտնոտային կամ ֆորսմաժորային իրավիճակ չի լինի: Եթե նույնիսկ լինի էլ, կտնօրինվի ուժային կառույցների կողմից: Բայց հաշվի առեք, թե մի արտաքին խնդիր ու մի ներքին ողբերգություն ինչպես են ազդում ու ազդելու մեզ վրա: Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, ըստ հրապարակումների, ահավոր հակառուսական հետք է թողել հասարակության մեջ՝ սա ներքին: Արտաքինը՝ բացի նեղ մասնագետներից ո՞վ կարող էր կանխատեսել, որ Եմենում Սաուդյան Արաբիան և Իրանը կբախվեն: Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունեցող հարևան Իրանը ներքաշվում է սուննի-շիական առաջին մեծ բախման մեջ, մինչ այդ ներքաշված լինելով Իրաքի, Սիրիայի խնդիրների մեջ:

-Ի՞նչը կարող է Հայաստանի քաղաքական կյանքի վրա ազդել:

-Ազդել և ազդում են կարևորագույն երեք-չորս խնդիրներ: Առաջինը՝ Հայաստանի տնտեսական կացությունը, երկրորդ՝ սոցիալական կացությունը, երրորդ՝ արտաքին քաղաքական վեկտորի շեղումները, որոնք կարող են քննարկման և փոփոխությունների լուրջ թեմա դառնալ, չորրորդը անվտանգության խնդիրներն են, որ թե ներքին անվտանգությանն են վերաբերում, թե արտաքին: Լուծման ուղիների որոնումների մեջ Հայաստանի իշխանությունները հակված են փող գտնելու ու հարցը փակելու: Ես լիովին համոզված եմ, որ ամեն ինչ համաձայնեցված է Մոսկվայի հետ: Բայց արտաքին պարտքը աճում է, ազատ փող չկա: Հայաստանն ինչ դերակատարություն ունի, որ փող տան: ՈՒկրաինային տալիս են, որովհետև հակառուսական պատվար է, բայց կան ուժեր, որ իսկապես ուզում են ՈՒկրաինան եվրոպական երկիր տեսնել: Հայաստանը խաղացող չէ, և լավ է, որ որևէ հակա խաղում Հայաստանը խաղացող չէ: Յոթ հազար տարեկան ազգը նման խաղերում չպիտի լիներ, բայց պիտի կարողանար ստեղծել սեփական տնտեսությունը, ունենալ սեփական խաղի ալգորիթմը, որ չի արվում ու չի արվելու այս իշխանության և այս էլիտայի պարագայում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս