ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՝ «ԳԵՂԵՑԻԿ ՉԷ» ՍԵՐԻԱՅԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է կառուցապատողների 10-հոգանոց ցուցակ, որոնք ստանձնած պարտավորությունները ՀՀ օրենսդրությամբ եւ  պայմանագրերով սահմանված ժամկետներում չեն իրականացրել: Ասել է թե` փողատերերը հողեր կամ շինություններ են վերցրել, որպեսզի բարեկարգեն տարածքը, սակայն դրանք դարձրել են հավերժ շինհրապարակ: Կազմակերպություններին առաջարկվել է մեկամսյա ժամկետում ներկայացնել հստակ ժամանակացույց կամ ծրագիր` կառուցապատումը սկսելու եւ ավարտելու վերաբերյալ: Հակառակ դեպքում այդ տարածքները կճանաչվեն որպես բացառիկ գերակա հանրային շահ՝ վերադարձվելով պետությանը: Նշենք, որ կիսակառույց շինություն ունի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը, որը 1857 քմ տարածք է զբաղեցրել Աբովյան հ 5/5 հասցեում: Քաղաքապետարանի «սեւ ցուցակում» է նաեւ «Ավանգարդ մոթորս» ընկերությունը, որը քանդեց Երեւանի խորհրդանիշ Երիտասարդական պալատը՝ «կուկուռուզնիկը», սակայն տեղը ոչինչ չի կառուցում: Ինչ խոսք, քաղաքապետարանը ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն հաշվի առնելով մինչ այս եղած նախադեպերը՝ արդեն կարելի է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ ամիս հետո:
Հիշեցնենք՝ դեռեւս 2008-ին ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնեց, որ մի շարք շինություններ, այդ թվում Երեւանի թիվ 29 դպրոցի հարեւանությամբ կառուցվող 9-հարկանի շենքը, «Հին Էրիվան» ռեստորանին կից ապակեպատ կցակառույցը եւ այլն, ապօրինի են: ՀՀ քաղաքաշինության նախարարն էլ երկրի թիվ մեկ ամբիոնից խոստացավ քանդել դրանք: Եւ ի՞նչ՝ դրանք իրենց տեղում են:




Լրահոս