Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը Սյունիքի մարզում էր: Այցելության նպատակը Սյունիքի 9 համայնքի անդամների հետ հանդիպելն էր: Բանն այն է, որ մայիսի 17-ին համայնքների խոշորացման հետ կապված տեղական հանրաքվե պետք է անցկացվի նաեւ Սյունիքի մարզում, եւ նախարարը մարզ էր գնացել` գյուղացիներին անձամբ բացատրելու համար, թե իրենից ինչ է ներկայացնում համայնքների խոշորացում ասվածը:
Ա. Երիցյանի հետ էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, գյուղացիների հետ հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացաք, արդյո՞ք նրանք ցանկանում են, որ համայնքների խոշորացում լինի, եւ իրենց գյուղերը միավորվեն:
-Հեռվից բոլորին թվում է, թե գյուղացին տեղյակ չէ այն ամեն մասին, ինչ տեղի է ունենալու: Ոչ, տեղեկացնեմ, որ գյուղացին առաջինն է տեղեկանում ծրագրի մասին, քանի որ ինքն է որոշելու՝ արդյոք դա իրեն պետք է, թե ոչ: Դրա համար ենք մենք կազմակերպել այս հանդիպումները, ես արդեն հայտարարել եմ, որ մենք բոլոր գյուղերում լինելու ենք, լսելու ենք գյուղացուն, ներկայացնելու ենք այն, ինչը պետք է պիլոտային ծրագրով իրականացվի: Չպետք է ուղղակի հայտարարել, թե գյուղացիները տեղյակ չեն այն ծրագրից, որն իրականացվելու է: Դա սխալ է: Մեր գլխավոր նպատակն այն է, որ հենց գյուղացիների հետ խոսենք, գյուղացուն ներկայացնենք այն, ինչն առնչվում է իրենց ապրելակերպի հետ: Ի վերջո, գյուղացին պետք է հանրաքվեի միջոցով ասի՝ ինքը ցանկանում է, որպեսզի համայնքների խոշորացումներ լինեն, թե ոչ:
-Այնուամենայնիվ, կարծես գյուղացիների համար դեռեւս անորոշ է, թե իրենից ինչ է ներկայացնում համայնքների խոշորացումը, իսկ ոմանք էլ հայտարարում են, որ այդ կերպ գյուղում կոչնչացվեն առկա ենթակառուցվածքները` դպրոց, գյուղապետարան, բուժկենտրոն, բացի այդ` աշխատատեղերը կնվազեն:
-Տեսեք, Դուք մի բան եք ասում, որն իրականության հետ ընդհանրապես կապ չունի: Դուք ասում եք, որ դպրոց կամ գյուղապետարան է փակվելու, նման բան չի կարող լինել: Մենք դպրոց չենք փակում, մենք նման իրավունք էլ չունենք, մենք ուզում ենք համայնքների խոշորացումով բարելավել գյուղի կյանքը, ոչ մեկը չի զրկվելու իր աշխատանքից, ընդհակառակը, մենք այնպես ենք ուզում անել, որ մարդիկ աշխատեն: Մենք ուզում ենք, որ գյուղացիներն աշխատանք ունենան, որպեսզի չարտագաղթեն, որպեսզի համատեղ աշխատեն ու արդյունք ունենան: Ես չեմ ուզում, որպեսզի մարդիկ առանց տեղյակ լինելու, թե իրականում ինչ է լինելու, նման հայտարարություններով հանդես գան: Իմացեք մի բան, բացի իմ այցելություններից՝ գյուղեր այցելելու են նաեւ մեր աշխատակիցները, մեր մասնագետները, որոնք եւս զրուցելու են գյուղացիների հետ եւ մանրամասնորեն ներկայացնելու այն, ինչ լինելու է: Բայց կրկնում եմ` դա լինելու է միայն գյուղացիների ցանկությամբ: Ես մեր բոլոր հանդիպումների ժամանակ էլ նշել եմ, որ եթե գյուղացին ասի՝ ոչ, մենք համաձայնելու ենք իրենց տեսակետի հետ:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, արդյո՞ք Ձեր ղեկավարած մարզի բնակիչները կողմ են համայնքների խոշորացմանը: Ինչո՞ւ եք որոշել հիմա նման ծրագիր իրականացնել, դա ի՞նչ է տալու գյուղացուն:
-Սա այն մարզն է, որտեղ իսկապես այդ խոշորացման կարիքն ունենք: Գյուղերում բնակչությունը շատ քիչ է: Օրինակ՝ Ագարակում կա կոմբինատ, որի գույքահարկն ու հողի հարկը բավականին խոշոր թվեր են կազմում: Ու քաղաքներն այդ գույքահարկից, հողի հարկից չեն օգտվում, բայց մի գյուղում, որտեղ տասը մարդ է ապրում, իրենք են դրանից օգտվում, չգիտես՝ այդ գումարներն ինչ են դառնում: Իսկ եթե այդ գումարները քաղաքին տրվեն, քաղաքում բավականին զարգացում կլինի:
-Այսինքն՝ սա նշանակում է, որ գյուղացու ու գյուղի զարգացումն այդքան էլ չեք կարեւորում, ու Ձեզ համար կարեւոր է միայն քաղաքի՞ զարգացումը:
-Նման բան չկա, գյուղացիներն այսօր բոլորն էլ պատրաստ են, բոլորն էլ հասկանում են, որ ճիշտ տարբերակը սա է: Ուղղակի պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու հայտարարություններ անել: Սպասեք, կտեսնենք այս ամենի արդյունքները:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ