Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ կրկին բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ՀԱԿ 4 ակտիվիստներին ազատելու պահանջով: Ներկա էին ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, որոնց միացավ նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Վերջինս նշեց, որ ինքն այսուհետ լինելու է բոլոր նրանց կողքին, ում իրավունքները ոտնահարված են:
Ակցիայի մեկնարկը տվեց ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը. «Մի կարեւոր հանգամանք եմ ուզում նշել, անսալով իմ հրապարակային կոչին` այստեղ է գտնվում ԲՀԿ անդամ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, խնդրում եմ՝ բոլորս ողջունենք իրեն»: Զուրաբյանի այս խոսքերից հետո ակցիայի մասնակիցները ծափահարություններով ողջունեցին ԲՀԿ-ական պատգամավորին: Զուրաբյանի գնահատմամբ` դա շատ խորհրդանշական քայլ է, այն ցույց է տալիս, որ Հայաստանում բավական լուրջ իրողություններ են կատարվում:
«Ես ՀԱԿ գրասենյակում հանդիպել եմ մեր բանակում զոհված զինվորների հայրերին եւ մայրերին, նրանք տարիներ շարունակ պայքարում են արդարության համար, պայքարում են սպանությունների պարտակման դեմ: Բայց ի՞նչ է կատարվում մեր զինվորների հետ. մեկը մի բան է տեսել, ինչ-որ գողության պատմություն, ու դրա մասին իր ծնողին է հայտնել: Երկու օր հետո այդ զինվորին սպանում են, իսկ մյուս զինվորներին զգուշացնում, որ եթե ինչ-որ մեկին ասեն, նույն բախտին են արժանանալու: Սա մի խայտառակ վիճակ է, եւ ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է սիրել մի պետություն, որն ինքը նման հանցագործություն է կատարում, որը մարտի 1 է իրականացնում, որը կեղծում է ընտրությունները, որը քաղբանտարկյալներ է պահում»,-Զուրաբյանի յուրաքանչյուր բառից հետո ակցիայի մասնակիցները կրկնում էին՝ «ո՜չ, ո՜չ, ո՜չ»:
Լ. Զուրաբյանն իր խոսքը փոխանցեց Էլինար Վարդանյանին: «Մեր խմբակցության պատգամավորները բազմիցս հայտարարել են, որ այն պատիժը, որը նշանակվել է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, ակնհայտ համարժեք չէ կատարված արարքին: Ես՝ նաեւ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, չէի կարող իմ մտահոգությունը չհայտնել եւ չմիանալ այս ակցիային, որովհետեւ ես ինքս էլ գտնում եմ, որ մարդու իրավունքները ՀՀ-ում պետք է լինեն գերակա արժեք»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը: Նա ընդգծեց, որ ամեն ինչ անելու է մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացման համար. «Ես բազմիցս հայտարարել եմ եւ կրկնում եմ, որ ներկա եմ գտնվելու այն բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը: Ես հարկ եմ համարում նշել, որ խոսքը բոլոր քաղաքական ուժերի մասին է: Որ քաղաքական ուժի, քաղաքացու իրավունքները կլինեն այս կամ այն կողմից խախտված, այդ քաղաքական ուժի կողքին կլինեմ ես՝ լինի դա ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, թե ՀՀԿ: ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ իր իրավունքները պաշտպանված են իր պետության կողմից»:
ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՄԻԱՑԱՎ ՀԱԿ-Ի ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ