«Արվեստի մեկենաս». մեդալ՝ ինչի՞ դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թատրոնի միջազգային օրվա առիթով այցելել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Ռեկտոր Դավիթ Մուրադյանը նրան պարգեւատրել է ԵԹԿՊԻ «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալով:

Այս փաստը մի քանի հարցի տեղիք է տալիս` այդ ի՞նչ մեդալի մասին է խոսքը, որի վերաբերյալ տեղեկություն նախկինում, կարծես, ոչ ոք չի ունեցել, եւ այնպիսի տպավորություն է, թե այն հատուկ քաղաքապետի համար է «հնարվել»: Եւ հետո` այդ ի՞նչ է արել քաղաքապետը հայ արվեստի զարգացման համար, որ արժանացել է «Արվեստի մեկենաս» բարձրագոչ «տիտղոսին»:

Պարզվում է` ավելի վաղ միայն մեկ հոգու է բախտ վիճակվել արժանանալ այս մեդալին: Դավիթ Մուրադյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ խոսքը Գաբրիել Ջեմբերջյանի մասին է:

Անդրադառնալով մյուս հարցերին` Դավիթ Մուրադյանը պարզաբանեց. «Տարոն Մարգարյանը, ընդառաջ գնալով մեր 70-ամյա հոբելյանին, կազմակերպել է արտահերթ կերպով մեր ինստիտուտի ամբողջ շենքի ֆասադի լվացման, մաքրման եւ այլ տեխնիկական աշխատանքներ, բնականաբար, մենք էլ պարգեւատրել ենք նրան այդ մեդալով»: Մեր այն հարցին, թե շենքի ֆասադի լվացման համար արժի՞ պարգեւատրել «Արվեստի մեկենաս» մեդալով, Դավիթ Մուրադյանը պատասխանեց. «Այո՛, իհարկե: Սա արվեստի օջախ է: Ընդհանրապես, քաղաքապետը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ միշտ էլ թատերական աշխարհն իր ուշադրության կենտրոնում է պահում»: Իսկ թե ինչպե՞ս է արտահայտվում այդ ուշադրությունը, ռեկտորը մանրամասնեց. «Թատերական աշխարհի ներկայացուցիչները պարգեւներ են ստանում, հենց մեր ինստիտուտի երկու ներկայացուցիչներից մեկն արժանացել է Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչմանը, մյուսը` քաղաքապետի պատվոգրի»:

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն այն համոզման է, որ առհասարակ, մեդալ տվողն իր առանձին «խնդիրներն» է լուծում. «Եթե ոչ ոքի մեդալ չի տալիս, ուրեմն իր պաշտոնն ավելորդ է, պետք է կրճատել, ինչ-որ մեկին պետք է մեդալ տա, որ ասեն` տեսա՞ք, ինչ-որ բան արեց: Ի՞նչ անի, կարո՞ղ է պատահական մեկին տա: Կարող է նաեւ մեկին տա, անունը դնի, որ գործ է արել, ի՞նչ իմանաս: Էդ չափանիշները ճիշտ չափանիշներ չեն: Պետք է Տարոն Մարգարյանին հարցնել, թե նա ինչ է արել, գուցե արել է բաներ, որ մենք չենք նկատում»,-նշեց դերասանը:

Այսպիսով` ստիպված ենք արձանագրել, որ նույն հաջողությամբ մեզանում կարող են արվեստի մեկենասի մեդալ շնորհել, ասենք, լավ աղբահանության, կամ ջրմուղ-կոյուղու աշխատանքն անխափան ապահովելու համար: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի կողմից ԵԹԿՊԻ շենքի ֆասադը լվանալուն, ապա հարկ է հիշեցնել Դավիթ Մուրադյանին, որ դա քաղաքային իշխանությունների ուղղակի պարտականությունն է, որը մեկենասության հետ հեռավոր աղերս անգամ չունի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս