Ավստրալիան բարոյական հրամայական ունի դադարեցնել Հայոց ցեղասպանության մերժողականությանը «գործընկեր» լինելը. The Intepreter

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Interpreter պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման իրադարձությունների մասնակցելու Ավստրալիայի հրաժարվելուն:

«Մինչ ավստրալացի զինվորները Թուրքիա ափ դուրս եկան, Անատոլիայում հայկական համայնքի ներկայացուցիչները հալածվում, ձերբակալվում ու սպանվում էին այն բանի վաղ փուլում, որը պետք է դառնար 20-րդ դարի ամենահամակարգված ու հեռուն գնացող ցեղասպանությունը»,-նշվում է The Interpreter-ի հոդվածում:

Հոդվածի հեղինակը` գրող, պատմաբան ու քաղաքական վերլուծաբան Նիկի Մարկզակը, հարցադրում է կատարում, թե ինչո՞ւ Ավստրալիան չի խոսում Հայոց ցեղասպանության մասին` չնայած հենց ԱԶՆԱԿ-ի (ավստրալական և նորզելանդական բանակային կորպուս) զինվորներն են անմիջական ականատեսը եղել այդ իրադարձություններին:

Տեղեկացնենք, որ ԱՆԶԱԿ-ի օրը (ANZAC)՝ ապրիլի 25-ը, Ավստրալիայում հիշատակի ազգային օր է: Այն նվիրված է ավստրալացի և նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915 թվականին, Թուրքիայի Գալիպոլի թերակղզում: Այդ ժամանակ զոհվել էր 8709 ավստրալացի և 2721 նորզելանդացի զինվոր: Ամեն տարի հազարավոր ավստրալացիներ այնտեղ ուխտի են գնում: 2015 թվականին լրանում է ինչպես թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածի, այնպես էլ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում ավստրալիացի զինվորների մահվան 100-ամյա տարելիցը:

Մարկզակը հոդվածում մեջբերում է Ավստրալիայի Արտաքին գործերի ու առևտրի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունը, համաձայն որի Ավստրալիայի ու Թուրքիայի միջև առկա են «սերտ ու արդյունավետ»  հարաբերություններ:

«Կասկածի ենթակա չէ Գալիպոլի մենամարտը, մեր համատեղ պատմության այդ շրջանն ու թե ինչպես է այդ հիշատակը մեզ միավորում, սա է կարևոր մեր հարաբերություններում: Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները գրեթե ամբողջությամբ հիմնված են սրա վրա»,-մեջբերվում է հոդվածում ՝ շեշտելով, որ հավանաբար այս հայտարարությամբ Ավստրալիայի իշխանությունները, որոնք անհանգստացած են նրանով, որ Թուրքիան կարող է թույլ չտալ Ավստրալիայի մասնակցել 2015 թ Գալիպոլիի հիշատակման միջոցառումներին, ցանկանում են ցրել Անկարայի ցանկացած անհանգստությունը կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ այդ երկրի դիրքորոշման հետ:

«Ավստրալիայի կառավարությունը չի կարող ռիսկի գնալ՝ վտանգելով մեր ազգային ամենակարևոր օրվա համատեղ հիշատակումն ու այն վայրում զինվորների հիշատակը հարգելու հնարավորությունը, որտեղ նրանք ընկել են: Ավստրալիայի ինքնության համար ԱՆԶԱԿ-ի լեգենդն այնքան կարևոր է, որ սա Ավստրալիայի արտաքին քաղաքականության համար չափազանց մեծ ռիսկ կլինի:

Սակայն, այնուամենայնիվ, էթիկայի տեսակետից Ավստրալիայի կառավարության դիրքորոշումը՝ չճանաչելով այն, ինչը, համաձայն գիտնականների ու պաշտոնական տեսակետների՝ բացարձակապես անհերքելի է, նշանակում է, որ Ավստրալիան ոչ միայն հանդուրժում է Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, այլև անգամ կարող է նպաստել Ցեղասպանության վերջնական փուլին:

Ավստրալիան բարոյական հրամայական ունի ճանաչել մեր ԱՆԶԱԿ-ի պատմության ու Հայոց ցեղասպանության միջև կապն ու դադարեցնել մերժողականությանը գործընկեր լինելը»,- եզրափակում է հոդվածագիրը:




Լրահոս