Մարտի 30-ին` ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել ձեռքերն անդամահատված առաջին կարգի հաշմանդամ Արտյոմ Առաքելյանին: Այս մասին համացանցի իր էջում հայտնել է տուժողը` նշելով, որ հանցագործները եղել են մոտ 10 հոգի:
Գրառման մեջ ասվում է նաև, որ ծեծկռտուքը սկսել է այն բանից հետո, երբ ինքը փորձել է նրանցից ճշտել` արդյոք իր և իր հետ զբոսնող երկու աղջիկների հետևի՞ց են սեռական բնույթի մեկնաբանություններ արել. «Փորձեցի պարզել` արդյոք դրանք մե՞զ էին ուղղված: Դրան ի պատասխան` սրանք ինձ հարվածեցին, գցեցին գետին ու մոտ տասը հոգով սկսեցին դաժանորեն ծեծի ենթարկել, ու չգիտեմ ինչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին: Տասից յուրաքանչյուրն իր պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցնել: Ավելորդ չեմ համարում ասել, եթե ով չգիտի, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, երկու ձեռքերս անդամահատված են: Ինձ ծեծելու համար մի հոգին բավական ա, համոզված եղեք, բայց դա էն դեպքում եթե ես մեղավոր եմ: Էս արարքը արդարացում ու ներում չունի ո´չ հանցագործ աշխարհում, ո´չ օրենքով, ո´չ էլ որևէ մի այլ ձև: Ոստիկանները դրանցից մենակ մեկին հասցրին ձերբակալել, մնացածը փախան: Ամեն ինչ անելու եմ, որ էդ սրբապիղծներն իրենց արժանի պատիժը կրեն»:
Ավելի ուշ կատարված գրառման մեջ Արտյոմ Առաքելյանը հայտնում է, որ ինքնազգացողությունն արդեն լավ է, և իր` հաշմանդամ լինելու հանգամանքը նշել է միայն այն բանի համար, որ մարդկանց համար հասկանալի լինի` նրանց նպատակը հենց այն էր, որ տասը հոգով ծեծեին մի հոգու:
Armlur.am-ը փորձեց Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկանալ` ով է բերման ենթարկվածը, սակայն մեզ միայն ասացին, որ կատարվում է հետաքննություն` այդպես էլ ո´չ հերքելով, ո´չ էլ հաստատելով` կա բերման ենթարկված, թե ոչ: