ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության քաղաքացիների սպասարկման սրահում այսօր հանդիսավոր նշվել է Գործակալության հիմնադրման 21-ամյակը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է բոլորին տոնի կապակցությամբ և նշել, որ Պետական ռեգիստրի գործակալությունը նախարարության՝ հանրային ծառայություններ մատուցող կարևորագույն ստորաբաժանումներից է:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը` փորձելով կյանքի կոչել «մեկ պատուհան» սկզբունքը: Ձեր յուրաքանչյուրի աշխատանքն իր ուրույն դերն ունի Կառավարության այդ քաղաքականության արդյունավետ իրականացման համար»,- ասել է Հովհաննես Մանուկյանն ու աշխատանքային հաջողություններ մաղթել:
Գործակալության հիմնադրման 21-ամյակի կապակցությամբ, Արդարադատության նախարարի հրամանով ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պետռեգիստրի չորս աշխատակիցներ՝ Սերգեյ Կարապետյանը, Մարիա Ոսկանյանը, Գևորգ Նալջյանը և Լուսինե Հարությունյանը պարգևատրվել են շնորհակալագրով ու պատվոգրով:
2011 թվականի ապրիլի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում է «մեկ պատուհան մեկ կանգառ» սկզբունքով:
Դրա շնորհիվ զգալիորեն կրճատվել են պետական գրանցման և պետական հաշվառման ժամկետները, վերացել են իրավաբանական անձանց կողմից նախքան պետական գրանցման դիմելը ֆիրմային անվանում ստանալու համար լիազորված մարմին դիմելու, իսկ պետական գրանցումից հետո՝ հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմիններին դիմելու գործառույթները:
Այդ գործառույթները ներկայում միանգամից կատարվում են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշված րոպեների ընթացքում: Համակարգը հնարավորություն է տալիս նաև իրավաբանական անձանց պետական գրանցման համար փաստաթղթերը ներկայացնել առցանց ռեժիմով: Նախկինում գրանցված բոլոր իրավաբանական անձանց կանոնադրությունները թվայնացվում և տեղադրվում են ռեգիստրի տեղեկատվական բազայում:
Մինչև 2011 թվականը Հայաստանի Հանրապետությունում առևտրային կազմակերպությունների հիմնադրումը իրականացվում էր 9 ընթացակարգով, որոնց ընդհանուր տևողությունը կազմում էր 9 օր: Այսօր ստանդարտ կանոնադրությամբ ՍՊԸ-ի գրանցումը տևում է 15-20 րոպե, իսկ անհատ ձեռներեց հաշվառելը՝ 5 րոպե: Սկզբնական գրանցման ժամանակ առևտրային կազմակերպություններն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից:
Ստանդարտ կանոնադրության պարագայում, ամբողջ փաստաթղթերի փաթեթը տրամադրվում է Ռեգիստրի կողմից: Ներկայում քաղաքացին հարկայինկոդը ստանում է տեղում: