ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ` ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ
Երեկ Մոսկվայում անցկացվել է զանգվածային բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման: Ակցիային, մեր հայրենակիցներից բացի, մասնակցել են ՌԴ քաղաքացիներ, Պետդումայի պատգամավորներ, այդ թվում՝ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ:
Ժիրինովսկին նշել է, թե վստահ է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում 100 %-ով կպաշտպանի Հայաստանին: Նա նաեւ կոչ է արել հայ օլիգարխներին չլինել ժլատ եւ ունեցած միջոցներն ուղղել երկրի զինված ուժերի հզորացմանը:  

ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սթար» առեւտրային ցանցի անվտանգության ծառայության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ  ժամը 19:15-ին մի տղամարդ Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետից գողացել է 31 զուգագուլպա եւ դուրս գալիս բռնվել անվտանգության աշխատակիցների կողմից:

ՄԵԿՆԱՐԿԸ՝ 15-ԻՑ
ՀՀ-ում «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում սեպտեմբերի 15-ին կկայանա ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: Բացման օրը ռուս դեսանտայինները հանդես կգան ցուցադրական ելույթով` պարաշյուտային ակրոբատիկայի տարրերի կիրառմամբ: 2012թ. սեպտեմբերի 15-19-ի զորավարժությունների ընթացքում կմշակվեն Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների համակարգի գործադրման հարցեր:

ԽՐԱԽՈՒՍԱՆՔ
2012թ. սեպտեմբերի 12-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո կալանավորի փախուստի փորձը կանխելու եւ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաեւ իր գործի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Արմենակ Հայլամազյանի նկատմամբ դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով կիրառվել է խրախուսանք` արտահերթ շնորհելով արդարադատության ավագի կոչում: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դատական ծառայության պետի հրամանով Արմենակ Հայլամազյանը խրախուսվել է միանվագ դրամական պարգեւով:

ԼԻՍԿԱՅԻ ՈԳՈՎ
Henaran.am-ի տեղեկություններով՝ Կապանի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը դիմել է ոստիկանություն` զենք կրելու թույլտվություն ստանալու համար: Կայքը փորձել է ճշտել,  թե նրա ինչին է պետք զենքը, եւ նորընտիր քաղաքապետը որտեղ պիտի այն օգտագործի: «Ես իմ քաղաքում եւ ոչ միայն այստեղ զենք կրելու անհրաժեշտություն չեմ զգում, գուցե ոստիկանությունից ճշտեք»,-ի պատասխան՝ ասել է  Աշոտ Հայրապետյանը:




Լրահոս