ՊՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՊ ՈՒՆԵ՞Ն ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՊՆ համակարգում ուշագրավ պաշտոնանկություններ եւ ձերբակալություններ են տեղի ունենում: Սեպտեմբերի 12-ին ձերբակալվեցին ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը եւ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը: Այսինքն՝ այն անձինք, որոնք տրամաբանորեն պետք է տիրապետեն ՊՆ-ում առկա ողջ տեղեկատվությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել էին, որ նրանք ձերբակալվել են սեպտեմբերի 12-ին՝ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քննվող քրգործի շրջանակում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով:  
«Ժողովուրդ»-ի աղբյուրները չեն բացառում, որ այս ձերբակալությունները կարող են կապված լինել ՊՆ համակարգում տեղի ունեցած վերջին պաշտոնանկությունների, մասնավորապես նաեւ գեներալ Արշալույս Փայտյանի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի օգոստոսի 9-ի հրամանագրով աշխատանքից ազատվել էին ՀՀ զինկոմ Սերգեյ Չալյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի՝ զինվորների դաստիարակության հարցերով տեղակալ Վալերի Նարիմանիչ Գրիգորյանը, որն առնչություն ունի զորակոչի արդյունքների հետ: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկությունները կապված էին զորակոչի ընթացքում կատարված բացահայտումների հետ: Նշվում էր, որ առողջ զինվորներին ծառայությունից ազատելու 17 դեպք է եղել, ինչպես նաեւ բանակ էին զորակոչվել առողջական խնդիրներ ունեցող զինվորներ:
ՀՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով էլ պաշտոնից հեռացվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը: Վերջինս գնումների, սպառազինության, տեխնիկական հարցերի գծով պատասխանատուն էր: Այսինքն՝ նա էր որոշում, թե ովքեր պետք է «հաղթեն» մրցույթներում, որպեսզի ՊՆ-ին մատակարարեն այս կամ այն ապրանքատեսակը: Նա էր ՊՆ-ին հատկացված ֆինանսական միջոցների հոսքն ապահովում դեպի «հաղթող» կազմակերպություններ: Իսկ ՀՀ-ում տենդերները սովորաբար «փայ» մտնելու նախապայմանով են «շահում», որոնք առանց վերադասի իմացության չեն լինում: Հիմա ԳՇ պետ Յ. Խաչատուրովը կարո՞ղ էր անտեղյակ լինել…
Տրամաբանությունը հուշում է, որ վերոնշյալ պաշտոնանկ արվածներին կապող ուշագրավ հանգամանք կա. նրանցից Ա. Փայտյանը ծնունդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղից է, եւ նրա բիզնեսների մի մասը հենց Լոռիում է: Նրա անվան հետ է կապվում փայտի բիզնես իրականացնող «ՓայտԳրիգ» ընկերության անունը, Վանաձոր-Երեւան երթուղային գիծը, էլիտար շենքերի ինչ-որ բիզնես, անցյալ տարի Օդեսայում բացված ռեստորանի պատմությունը: Նշվում էր նաեւ, որ Փայտյանը տարիներ առաջ ջրի գնով ձեռք է բերել Վանաձորից Դիլիջան տանող ճանապարհին գտնվող մի շինություն՝ զինապահեստներ կառուցելու պատրվակով, սակայն սեփականաշնորհելուց հետո թանկ վաճառել էր ՊՆ-ին: Իսկ ավելի վաղ՝ 1993-ին, Արշոյի  ղեկավարած զորամասից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էր վաճառվել, ինչի  համար Վազգեն Սարգսյանը նրան պատժել էր եւ որոշ ժամանակ բանտ նստեցրել: Հետո միջնորդների օգնությամբ նրա պատիժը մեղմեցին ու «արտաքսեցին» Արցախ: Իսկ Վ. Սարգսյանի սպանությունից հետո Փայտյանը վազեց նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի մոտ՝ ասելով, թե իր երեխաները ապրելու տեղ չունեն, նրանից 17 հազ. դոլար պոկեց ու  իր համար Երեւանում բնակարան գնեց: Հետո Փայտյանն արդեն շրջում էր (եւ շրջում է) մի քանի թանկարժեք ջիփ մեքենաներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Փայտյանն արդեն սկսել է վաճառել իր ունեցվածքը, մասնավորապես Վանաձորի հին հանրախանութի շենքը, ինչը կարող է հրահանգ լինել վերեւից՝ բերել-փակել ՊՆ-ին «հասցված» վնասները: Բանն այն է, որ Փայտյանը, ըստ 168.am-ի, ներգրավված է եղել Բրազիլիայից ներմուծված գոմեշի ժամկետանց բրիկետը բանակին մատակարարելու մրցույթը շահելու գործընթացում: Միայն լաբորատոր ստուգումների արդյունքում է հայտնաբերվել ճշմարտությունը, քանի որ գոմեշի բրիկետն արտաքնապես տավարի մսից գրեթե ոչնչով չի տարբերվում, բայց կալորիականությամբ հարյուրապատիկ զիջում է տավարի մսին:
Պատկերն ամբողջացնելու համար հավելենք նաեւ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագիր, որով ս. թ. ապրիլին 3-րդ կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Օնիկ Գասպարյանը, իսկ որպես նրա տեղակալ՝ Յ. Խաչատուրովի որդի Գրիշա Խաչատուրովը, ում ղեկավարած նախկին զորամասում սպաներին «քցելու» դեպքեր էին հայտնաբերվել: Վերջինիս վռնդեցին բանակից, սակայն աղմուկի մարումից հետո հայրիկը նրան կրկին պաշտոնի նշանակեց: Կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում. պաշտոնանկ արվածներն ու Խաչատուրովի որդին ուղիղ կապ ունեն Գենշտաբի պետի հետ, իսկ նրանց մասնագիտական կամ բիզնես գործունեությունը՝ 3-րդ կորպուսը ներառող տարածքի հետ: Չի բացառվում, որ օրերս ձերբակալված կենտրոնական արխիվի պետն ու ԷՀՄ տեխնիկ օպերատորը արխիվից ֆինանսական եւ ոչ ֆինանսական բնույթի ինչ-որ փաստաթղթերի հետ «մախինացիաներ» են արել՝ ի նպաստ պաշտոնանկ արվածների: Սակայն չի բացառվում, որ այդ ձերբակալությունները կապված լինեն նույն Տավուշի եւ Լոռու տարածաշրջաններում ընթացող երկու դատավարությունների հետ. երկուսն էլ կապված են ՊՆ-ին տրամադրված գումարների անհետացման հետ. մեկը Իջեւանի զինկոմիսարիատի ֆինտնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի գործն է, որը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ, իսկ երկրորդը՝ Վանաձորի զորամասերից մեկում կատարված յուրացման գործը:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս