«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումները պետք է հեռարձակվեն գրական հայերենով: Հեռարձակվող գովազդը պետք է մեկ ժամվա մեջ չգերազանցի 14 րոպեն եւ կազմի եթերաժամի 7 %-ը: Սակայն, յուրաքանչյուր հեռուստադիտող էլ գիտի, թե որքան սուղ է գրական հայերենի պաշարը հանրային ու մասնավոր հեռուստաընկերություններում, ու որքան ավելցուկով՝ գովազդինը:
Հեռուստաեթերի որակից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհում է հայոց լեզվի ուսուցչուհի, Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի 108 շենքի բնակչուհի Վեներա Դուրինյանը: «Կհավատա՞ք՝ չեմ ուզում, որ երեխաներս հեռուստացույց նայեն: Ինչ խայտառակություն ասես՝ տեսնում են, ինչ հիմար արտահայտություններ ասես՝ սովորում,-նկատում է երկու դեռահասի մայրը,-կարծես միտումնավոր է արվում, ինչի՞ համար է ստեղծվել մեր ոսկեղենիկ լեզուն, եթե մեր սերնդին մատուցում ենք ժարգոնային, բարբառային, գռեհիկ ու սխալ լեզու»:
Հեռուստադիտողը իրավացի է, իսկ դժգոհությունը՝ արդարացված: Որտե՞ղ են ոլորտի պատասխանատուները: Ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկում առավել գրագետ եթերի համար: Այս գռեհկությունները հեռուստադիտողի որակ են փչացնում, իսկ վերահսկողներն էլ՝ աչք փակում անորակության վրա: Գաղտնիք չէ, որ անիմաստ սերիալները, պատվերով հաղորդաշարերը դարձել են որոշ մարդկանց կենսակերպի մի մասը: Տնային տնտեսուհիներից շատերի համար սերիալների մեկնարկի ժամը կարեւոր է երեխայի քնից, նրան կերակրելուց եւ այլն: Նրանցից շատերը սերիալներում կատարվող իրադարձություններն ընդունում են որպես սեփական հաջողություն կամ, ընդհակառակը, անհաջողություն:
«Իմ հարեւանուհին, երեք տարեկան երեխան գրկին, սերիալ է նայում: Դեռ ծնողներին «մամա-պապա» չասած՝ փոքրիկը գլխավոր հերոսի անունն է տալիս,-հեգնում է Վ. Դուրինյանը,-այդ ախմախ սերիալները, լեզվի աղավաղումը մի կողմ թողնենք: Գովազդն է անտանելի դարձնում եթերը: Արդեն չես հասկանում՝ հաղորդումն է ընդմիջվում գովազդով, թե գովազդը՝ հաղորդումով: Չկա՞ մեկը, որ սրա համար պատասխան տա»: Հարցադրմանն ի պատասխան՝ ասենք, որ կա նման կառույց, որը, ցավոք, իր տեղում չէ: Այն ոչ միայն պիտի պատասխան տա, այլեւ պատասխանատվության ենթարկի: Բայց… Խոսքը Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) մասին է, որի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ժողովուրդ»-ի հնչեցրած հարցերն անպատասխան թողեց, պահանջեց գրավոր ուղարկել դրանք, քանի որ «ինքը հակված չէ հեռախոսով պարզաբանումներ տալու»:
Ինչեւէ, անդրադառնալով գովազդին՝ նշենք, որ այն գլխավոր ֆինանսական երակն է հեռուստաընկերությունների գոյատեւման համար: Սակայն սա ամենից քիչ պետք է հուզի հեռուստադիտողին: «Մեզ դրել են անճաշակի, տգետի տեղ: Նույնիմաստ, անհրապույր գովազդային հոլովակներն օրվա մեջ հազար անգամ ցուցադրում են: Մի՞թե կարելի է»,-իր մտահոգություններն է շարունակում Վ. Դուրինյանը:
«Համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում արգելվում է մեկ անգամից ավելի գովազդային ընդմիջումը: Արգելվում է նաեւ հեռարձակել գովազդ՝ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տեւողությամբ»,-պարզաբանում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Անդրադառնալով «Հ1»-ին՝ նա նշում է, որ 2001թ. Եվրաինտեգրման պայմանագրի պահանջներով պետական հեռուստատեսությունը անվանափոխվել է՝ դառնալով հանրային, իսկ գործառույթներով մնացել պետական: Սակայն դա չի խանգարում, որ «Հ1»-ը սնվի նաեւ պետբյուջեից: «Այս հեռուստաընկերությունը գործում է օրենքի բացարձակ խախտումներով: Չեն պահպանվում լեզվի եւ գովազդի մասին օրենքների դրույթները: Ըստ այս ընկերության գնային սանդղակի՝ գովազդի մեկ րոպեն սահմանված է 100-120 դոլար, բայց բոլոր գովազդատուները, որոնք գործ են ունեցել «Հ1»-ի հետ, գիտեն, որ գովազդի 1 րոպեն այնտեղ արժենում է 300-500 դոլար: Այսինքն՝ այդ գովազդի ահռելի քանակը եւ իրենց եկամուտների քանակի հարաբերակցությունը մեզ հուշում են, որ գովազդի տեղադրման միջնորդը՝ «Կայմ» ընկերությունը, ահռելի եկամուտներ, գերշահույթներ է ստանում»,-ավելացնում է Բարսեղյանը:
«Հ1»-Ը ԳՈՐԾՈՒՄ Է ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ